Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ՈՒՄ ԷԼ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՎՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐ

Հունիս 15,2007 00:00

\"\"Այս առումով այն իրոք Հայաստանի մի մասն է

ԼՂՀ ԿԸՀ-ն երեկ հրավիրված նիստում որոշում կայացրեց գրանցել ԼՂՀ նախագահի բոլոր 5 թեկնածուներին՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանին («Ամուլյա»), Արցախի պետհամալսարանի դոկտոր-պրոֆեսոր Վանյա Ավանեսյանին, ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մայիլյանին, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար, ԼՂ Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Հրանտ Մելքումյանին եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյանին: Հունիսի 20-ին կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:

«Ղարաբաղ» կոմիտեի առաջին ղեկավարներից մեկը՝ Իգոր Մուրադյանն օրերս ասուլիսում պնդել էր, թե Մասիս Մայիլյանի դեմ արդեն իսկ գործում է ԼՂՀ ողջ պետական ապարատը՝ գործող նախագահի գլխավորությամբ: Ըստ Իգոր Մուրադյանի՝ Արկադի Ղուկասյանը ձեռնարկել է «տեղեկատվական ահաբեկչություն», եւ գրեթե բոլոր լրատվամիջոցները զբաղված են իշխանության թեկնածուի՝ Բակո Սահակյանի «անտրամաբանական գովքով»: Իգոր Մուրադյանի պնդմամբ, տեղի է ունենում նաեւ «վարչական ահաբեկչություն, եւ արդեն անձամբ Արկադի Ղուկասյանն է պաշտոնյաներին կանչում ու հորդորում, որ եթե Բակո Սահակյանի օգտին չաշխատեն, ապա կհեռացվեն: Նույնիսկ կան հեռացվածներ»:

ԼՀՂ Ազգային ժողովի պատգամավոր, «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել այս պնդումների իսկությունը: Հարկ է նշել, որ «Շարժում-88»-ը հայտարարել է Բակո Սահակյանին աջակցելու մասին, սակայն Գեղամ Բաղդասարյանը պաշտպանում է Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Եվ մեր զրույցի սկզբում նա ընդգծեց, թե արտահայտում է բացառապես իր անձնական կարծիքը, այլ ոչ կուսակցության: «Ընտրությունների նախապատրաստության ընթացքը հիմնականում նորմալ է ընթանում, եւ իրավիճակը բավական հանգիստ է,- ասաց նա:- Այլ հարց է, որ մեզ լավ հայտնի «հրեշը», որի անունը վարչական ռեսուրս է՝ շարունակում է մնալ լուրջ վտանգ արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման համար: Այս պահին արդեն կան այդ ռեսուրսի օգտագործման որոշակի տարրեր: Այս մասին է վկայում ինքնին այն հանգամանքը, որ ԼՂՀ ղեկավարը փաստորեն պաշտպանում է թեկնածուներից մեկին եւ դրա մասին արդեն բացահայտ խոսում է՝ «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի հրապարակումներից մեկում նման միանշանակ պնդում է արվել: Տեսանելի է վարչական ռեսուրսի կիրառումը նաեւ շրջանային, գյուղական եւ այլ մարմինների վարչակազմերի կողմից»:

Մեր հարցին, թե կա՞ն տեղեկատվական սահմանափակումներ Բակո Սահակյանից բացի՝ մնացած թեկնածուների համար, իրոք փակվե՞լ է հեռուստաեթերը նրանց առջեւ՝ Գեղամ Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Զարմանալիորեն, տեղական լրատվամիջոցները՝ հիմնականում պաշտոնական մամուլն ու հանրային հեռուստատեսությունը գրեթե չեն անդրադառնում նախընտրական թեմային: Սա, մեղմ ասած, տարակուսելի է, քանի որ սովորաբար նման բանավեճեր ու քննարկումներ լինում են ընտրություններից նույնիսկ 1 տարի առաջ: Բայց ԼՂՀ Հանրային հեռուստատեսության միակ քաղաքական հաղորդումը՝ «7 օր» ծրագիրը, որը շաբաթը մեկ անգամ էր սփռվում՝ փակվեց: Եվ հիմա փաստորեն ոչինչ չի ասվում ընտրությունների մասին: Միայն նկատելի է հիմնական թեկնածուներից մեկի՝ Բակո Սահակյանի անսովոր հաճախ երեւալը եթերում տարբեր առիթներով՝ ապրիլի 24, մայիսի 9 եւ այլն: Ամենաանհանգստացնողը նաեւ այն է, որ ուղղակի «փշերով» է ընդունվում քննարկումների, բանավեճերի ցանկացած փորձ: Գոյություն ունեցող երկու անկախ լրատվամիջոցները «բզբզում» են այս գործընթացը՝ փորձելով հրահրել տարբեր թեմաների շուրջ բանավեճեր, քանի որ դրանք բացարձակապես են բացակայում, սակայն իշխանամետ շրջանակներից անընդհատ քարեր են նետում այս երկու լրատվամիջոցների ուղղությամբ»:

Մեր հարցադրմանը, որ եթե նախընտրական թեմաներին անդրադարձ հիմնականում չկա՝ ուրեմն իրականությանը չի՞ համապատասխանում Իգոր Մուրադյանի պնդումը, թե ԼՂՀ հասարակությանը ներարկվում է այն միտքը, որ ընտրություններն արդեն իսկ եղել են, եւ կարիք չկա տեղամաս գնալու, Գեղամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ո՛չ, դա լիովին համապատասխանում է իրականությանը: Ես ընդամենը 2 փաստ հիշատակեմ: Ունենք մի հեռուստահաղորդում, որն «Ինչ անել» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանն է վարում: Եվ մի հաղորդման մեջ նա ասաց, թե Մասիս Մայիլյանը հավաքելու է 7 տոկոս: Իսկ վերջին հաղորդման ժամանակ էլ ասաց, թե նոյեմբերին ինքը խոսելու է Իգոր Մուրադյանի թեմայով. ինչո՞ւ նոյեմբերին, քանի որ Բակո Սահակյանը, որի մասին խոսել էր Իգոր Մուրադյանը, այդ ժամանակ արդեն 2 ամիս նախագահած կլինի, որը բավարար ժամկետ է իրեն դրսեւորելու համար: Այսինքն՝ նա բացահայտ հայտարարում է, թե պարզ է՝ ով է լինելու ԼՂՀ նախագահը: Մյուս կողմից էլ՝ թեեւ հեռուստատեսությունը ոչինչ չի ասում թեկնածուների մասին, բայց երբ շրջաններում, գյուղերում հարցնում ես՝ պարզվում է, որ մարդիկ հիմնականում տեղյակ են Բակո Սահակյանի մասին: Սա թերեւս էլի վարչական ռեսուրսի կիրառման հետեւանք է, որ հող է ստեղծում այն մտայնության համար, թե ամեն ինչ կանխորոշված է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել