Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հունիս 14,2007 00:00

Մեկ օրում երեք մեդալ

Երեկվա «Առավոտում» մարզասերներին տեղեկացրել էինք, որ Պրահայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական 33-րդ առաջնությունում հայաստանցի 69 կգ քաշային Արայիկ Միրզոյանը (նա օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի եղբոր որդին է) 27 մարզիկների մրցապայքարում երկամարտի 313 (143+170) կիլոգրամ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ՝ իրենից առաջ թողնելով միայն չինացի երկու մրցակցի:

Պոկում վարժությունն Արայիկը սկսեց 135 կգ-ից: Այնուհետեւ հաջորդաբար բարձրացրեց 140 եւ 143 կիլոգրամ ծանրաձողերը, նույնքան, որքան ալբանացի Հերտ Տրաշան եւ չինացի Ֆեյ Տանգը: Սակայն անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ Արայիկն արժանացավ փոքր «արծաթի»:

Հրում վարժությունում վերոնշյալ երեք ծանրորդները եւ չինացի Ժիշենք Ժենգը պայքարն սկսեցին, երբ մնացած բոլոր մասնակիցներն արդեն ավարտել էին իրենց մրցելույթները: Հայ մարզիկը հաջող ավարտեց մոտեցումը 165 կիլոգրամին: Սակայն երկրորդում չկարողացավ բարձրացնել 170 կիլոգրամը եւ ստիպված եղավ կրկին մոտենալ նույն քաշին: Փորձն այս անգամ հաջող էր, որն Արայիկ Միրզոյանին բերեց նաեւ մեկ փոքր բրոնզե մեդալ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մեկնաբանելով հայ ծանրորդի մրցելույթը, ասաց. «Արայիկը շատ լավ հանդես եկավ: Նա երբեք այդպիսի կիլոգրամներ չէր բարձրացրել: Պրահայում նա գերազանցեց իր անձնական ցուցանիշը եւ Հայաստանի հաշվարկին երեք մեդալ բերեց»:

Երեկ աղջիկների 13-րդ առաջնությունում մեր աղջիկներից պայքարի մեջ մտավ աշխարհի անցած տարվա առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը, իսկ տղաներից՝ Արամ Անդրիկյանը (մինչեւ 77 կգ):

2011 թվականի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները՝ Հայաստանո՞ւմ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը Պրահա մեկնել է աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ՝ մասնակցելու մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (IWF) համաժողովի աշխատանքներին: «Առավոտի» հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նա տեղեկացրեց, որ առաջարկել է 2011 թվականի աշխարհի երիտասարդական ու Եվրոպայի պատանեկան առաջնություններն անցկացնել Հայաստանում: «Միջազգային ֆեդերացիայի նախագահ դոկտոր Թամաշ Այանն ու նրա տեղակալները նախնական հավանություն են տվել իմ այդ առաջարկին: Հիմա մնում է, որ դա հաստատվի նաեւ IWF-ի գործկոմի նիստում»,- ասաց Սամվել Խաչատրյանը:

Վերելք՝ 48 աստիճանով

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հունիս ամսվա ցուցակը, որում Հայաստանը, շնորհիվ «Եվրո 2008»-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում Ղազախստանի եւ Լեհաստանի ազգային հավաքականների նկատմամբ տարած հաղթանակների, մայիս ամսվա 128-րդ տեղից բարձրացել է 48 աստիճանով եւ այժմ 80-րդն է: Իսկ առաջատար տասնյակում հավաքականները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ: 1. Իտալիա, 2. Ֆրանսիա, 3. Բրազիլիա, 4. Գերմանիա, 5. Արգենտինա, 6. Պորտուգալիա, 7. Իսպանիա, 8. Անգլիա, 9. Հոլանդիա, 10. Չեխիա:

«Սպորտ եւ մեդիա 2007»-ի մրցաձեւերը հայտնի են

«Սպորտ եւ մեդիա 2007» մարզական միջազգային փառատոնի (այն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 24-30-ը՝ Ստամբուլում) հայաստանյան կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Բոյկոն երեկ տեղեկացրեց, որ կազմակերպիչներն արդեն հաստատել են այն մարզաձեւերը, որոնցով մրցելու են լրագրողները: Դրանք 13-ն են. շախմատ, շաշկի, սեղանի թենիս, դոմինո (տղամարդիկ եւ կանայք՝ 1-ական մասնակից), վազք 100 մետր (կանայք), վազք 3000 մետր (տղամարդիկ), լող 50 մետր, առմռեսթլինգ, բիլիարդ՝ «փուլ» մրցաձեւ (տղամարդիկ եւ կանայք, ըստ ցանկության), նարդի (տղամարդիկ), մինի ֆուտբոլ, պարանի ձգում, բոուլինգ, բասկետբոլ (թիմային): Յուրաքանչյուր մարզաձեւի մրցում անցկացվելու է տվյալ մարզաձեւի ֆեդերացիայի ենթակայության մարզաբազայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել