Երեկ այսպես ներկայացավ ճանաչված երաժիշտ Ալեքսանդր Տրեգերը
Երեւանում է աշխարհահռչակ դիրիժոր եւ ջութակահար Ալեքսանդր Տրեգերը: Նա «Ա. Խաչատրյան» համերգասրահում հունիսի 15-ին կղեկավարի «Սերենադ» կամերային նվագախումբը, իսկ 22-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Առաջին համերգին հանդես կգա ֆրանսաբնակ երիտասարդ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, իսկ երկրորդին՝ Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող, ջութակահար Անուշ Նիկողոսյանը:
Ա. Տրեգերը սիրով համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ:
– Ժամանակին ավարտել եք Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիան իբրեւ ջութակահար՝ ուսանելով աշխարհահռչակ Դավիթ Օյստրախի դասարանում, իսկ հետո, ինչպես ռուս երաժիշտներից շատերը՝ կայացել եք արտերկրում: Ձե՞զ ինչը տարավ Արեւմուտք:
– Իմ՝ իբրեւ երաժշտի կայացման գործում մեծ է Դավիթ Օյստրախի դերը: Ինչ վերաբերում է Արեւմուտքում հաստատվելուն, բոլոր ժամանակներում երիտասարդները երազել են ազատ ստեղծագործել, ինչը ԽՍՀՄ-ում հնարավոր չէր: 24 տարեկան էի, երբ հեռացա Ռուսաստանից: Կարծում եմ՝ դա կյանքիս ամենաճիշտ որոշումն էր: Սկզբում մեկնեցի Իսրայել, իսկ 1973-ից հաստատվեցի Ամերիկայում: Այնտեղ ղեկավարել եմ տարբեր սիմֆոնիկ նվագախմբեր, հանդես եկել նաեւ իբրեւ ջութակահար, դասավանդել երաժշտական հաստատություններում: Արդեն 56 տարեկան եմ ու կյանքիս կեսից ավելին ապրել եմ այդ երկրում: Փաստորեն, Ռուսաստանը ծննդավայրս է, Ամերիկան՝ իմ երկիրը: 1985թ. մինչ այսօր հանդիսանում եմ Los Angeles Philharmonic-ի կոնցերտմայստերը, մի նվագախմբի, որը համարվում է աշխարհի լավագույն կոլեկտիվներից մեկը:
– Հետաքրքիր է իմանալ Լոս Անջե լեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների, շրջագայությունների, աշխատաոճի, նվագախմբի արտիստների վճարման չափի եւ այլնի մասին:
– Նվագախմբի լոսանջելեսյան համերգները տեղի են ունենում «Դիսնեյ հոլլում»՝ 2200 հանդիսականի համար կառուցված մի կառույց, որն իր ճարտարապետական լուծումներով եւ դահլիճի ակուստիկայով համարվում է աշխարհի լավագույն սրահներից մեկը: Համերգների ու շրջագայությունների գրաֆիկը չափազանց խիտ է, աշխատում ենք գերծանրաբեռնված: Եթե Լոս Անջելեսում ենք՝ նշանակում է շաբաթվա կտրվածքով պետք է ունենանք 3-4 համերգ: Դրանք անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Տարվա կտրվածքով էլ, օրինակ՝ եվրոպական հյուրախաղերի ժամանակ, գրաֆիկը կազմվում է հետեւյալ կերպ. 1 շաբաթ լինում ենք Լոնդոնում, հետո նույնքան ժամանակով Մադրիդում կամ այլ քաղաքներում: Ինչ վերաբերում է նվագախմբի երաժիշտների վճարմանը, գուցե Հայաստանի համար բարձր հնչի, բայց Ամերիկայի համար այդ գումարը այնքան էլ բարձր չէ՝ մեկ տարվա կտրվածքով նվագախմբի արտիստի նվազագույն աշխատավարձը կազմում է 100.000 դոլար:
– Ինչո՞ւ ձեր երեւանյան համերգներում չեք ընդգրկել որեւէ հայ ստեղծագործողի երկ:
– Ծանոթ եմ հայ արվեստագետներին: Ոմանց հետ մտերմությունս սկսվել է դեռ Մոսկվայում ուսանելու տարիներին: Խոստանում եմ հաջորդ այցիս ժամանակ անպայման կատարել որեւէ հայ ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն: Եթե Հայաստանում գտնվելու օրերին ժամանակս բավարարի, կխնդրեմ ինձ անձամբ ծանոթացնել ժամանակակից հայ կոմպոզիտորի հետ: Ինչ վերաբերում է Խաչատրյանին, Բաբաջանյանին, Տերտերյանին ու մյուսներին, նրանց ոչ միայն ես, այլեւ աշխարհն է ճանաչում: