Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը լրագրող է

Հունիս 14,2007 00:00

Կասկածի տակ դրվեց նույն ժամին տարբեր բուժհիմնարկներ այցելելը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, նախորդ օրը լսվեց «Ազգ» օրաթերթի լրագրող Մարիետա Մակարյանի՝ դատական վնասի հատուցման պահանջի մասին հայցը՝ ընդդեմ «Բիլայն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Այվազյանի: Հիշեցնենք, որ 2006թ. հոկտեմբերի 16-ին վերջինս հիշյալ ընկերությանը պատկանող «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի էր ենթարկել լրագրողին:

Տուժողը դատական նիստից առաջ «Առավոտին» տեղեկացրեց, որ թեեւ ՀՀ առողջապահության նախարարության վնասվածքաբանության, ճառագայթաբանության եւ ոսկրային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արմեն Այվազյանն իրեն առաջարկել է ծնկների վիրահատություն՝ 3000 դոլար արժողությամբ, սակայն նույն բժիշկը իրավապահներին ներկայացրել է մի տեղեկանք, ըստ որի՝ տուժողի մոտ զննության ժամանակ հոդային վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ըստ լրագրողի, ինքը վրաերթի հետեւանքով ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ, հայտնվել է սթրեսային վիճակում եւ ֆինանսական լուրջ ծախսեր է կատարել առողջությունը վերականգնելու համար: Հայցով նա պահանջում է «Բիլայնի» տնօրենից փոխհատուցել իր ֆինանսական վնասը, որը կազմում է 1մլն 806.355 դրամ: Ըստ լրագրողի ներկայացրած տվյալների, ինքը օգտվել է բուժսպասարկման ամենաթանկ ծառայություններից եւ իր «շնորհակալությունը» բուժաշխատողներից հայտնել է շռայլ առատաձեռնությամբ:

Որպես պատասխանող՝ «Բիլայնի» կողմից հանդես եկավ Տիգրան Հարությունյանը, որը հայցվոր կողմի ներկայացրած փաստերը համարեց չհիմնավորված եւ որոշակի առումով ապօրինությունների առկայություն (ակնարկելով բուժաշխատողներին տարբեր ծառայությունների համար որպես «նվեր» տրված գումարները, որոնց դիմաց կտրոններ չեն տրվել): Պատասխանողը վիճարկեց նաեւ այն պնդումը, թե լրագրող Մարիետա Մակարյանը դեպքից հետո առ այսօր չի աշխատել, հոդվածներ չի գրել, հետեւաբար՝ հոնորար չի ստացել: Որպես ապացույց նշվեց լրագրողի՝ հենց նույն ամսում եւ հետագա ամիսներին «Ազգ» օրաթերթում տպագրված հոդվածները, որոնք եղել են իրադարձային՝ ասուլիսների եւ միջոցառումների լուսաբանումներ, ինչից պատասխանող կողմը եզրահանգեց, որ նա շարունակել է իր լրագրողական աշխատանքը: Տիկին Մակարյանը հակադարձեց, ասելով, թե ինքն այդ իրադարձությունների մասին իրազեկվել է հեռախոսով եւ հեռախոսով էլ հոդվածները թելադրել խմբագրությանը:

Պատասխանողը անհավանական է համարում նաեւ այն հանգամանքը, թե ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդը մեկ օրում եւ գրեթե նույն ժամերին կարողանար այցելել մի քանի բուժհաստատություններ եւ հիվանդանոցներ, ինչպես ներկայացված է տեղեկանքներում: Նիստի ընթացքում «Ազգի» լրագրողը մի ամբողջ պայուսակ դեղորայք թափեց դատարանի դահլիճի հատակին՝ որպես իրեղեն ապացույց իր նյութական եւ առողջական վնասի:

Պատասխանող կողմը պատրաստակամություն հայտնեց տուժողին վճարել միայն այն վնասը, որը, ըստ նրա, ներկայացված է «հավաստի փաստաթղթերով» եւ կազմում է 260 հազար ՀՀ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել