Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԱԿՈՆԻՉԻ» ԴՊՐՈՑՈՒՄ ՇԱՏ ԵՆ «ԵՐԿՈՒՍՆԵՐԸ»

Հունիս 14,2007 00:00

\"\"Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի տնօրենը դա բացատրում է իր խստապահանջությամբ:

Խմբագրությունը մշտապես ահազանգեր է ստանում քննություններին աշակերտներին «օգնելու» պատրվակով հավաքվող գումարների առիթով, որի մասին, որպես կանոն, ՀՀ ԿԳ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը «տեղյակ չեն» լինում: Վարչության պետի տեղակալ Արմենուհի Վարդանյանը երեկ «Առավոտին» ասաց, որ կոնկրետ փաստերի մասին մամուլի հրապարակումներին կհավատան, եթե բողոքողներն անձամբ իրենց տեղեկացնեն. «Հարկ լինի՝ նրանց երեխաներին այլ դպրոց կտեղափոխենք» (՞):

Քննությունների մասին մի ահազանգ էլ վերաբերում էր Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցին: Այս կրթօջախի 10-րդ դասարանցի 53 աշակերտներից շուրջ 25-ը հունիսի 2-ին կայացած մաթեմատիկա առարկայի քննությունից անբավարար էր ստացել, ինչը արձանագրվել էր նաեւ ԿԳ նախարարության հանրապետական տեսչության կողմից: Մեկ օրում «ծույլիկ» դարձածների նման ցուցանիշն աննախադեպ էր: Քաղաքապետարանի կրթության վարչության պետն ու նրա տեղակալը «Առավոտի» հետաքրքրությանն ի պատասխան, այս անգամ էլ ասացին, որ ոչնչից տեղյակ չեն եւ արդյունքների մասին կիմանան միայն բոլոր քննությունների ավարտից հետո:

Ավելի ուշ հանդիպեցինք դպրոցի տնօրեն, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կառույցի ղեկավար Սամվել Ադամյանին, ով դպրոցի շրջակայքում հայտնի է «Զակոնիչ» (այսինքն՝ օրինապաշտ) մականունով: Տնօրենն ասաց, որ 10-րդցիների «անբավարարների» առատության մեջ պետք չէ որեւէ միտում փնտրել: «Այո՛, 53 աշակերտից շուրջ 25-ը ստացել է անբավարար: Մատյաններով, թղթերով, կնիքված-հաստատված արձանագրություններով եւ քննական տետրերով կարող եմ ապացուցել, որ ոչ մի անօրեն բան դրանում չկա: Ամսի 2-ին քննությունն ավարտվել է, ամսի 5-ին տեսչական կառույցը, բարեբախտաբար, թե դժբախտաբար, եկել է մեզ մոտ, նայել տետրերը: Հետաքրքրվել են՝ մի քիչ շատ չե՞ն «երկուսները»: Դրա համար ամսի 25-ի մանկխորհում ուսուցիչները պիտի պատասխան տան, թե ինչպես է անբավարար ստացողը թույլատրվել քննության, եւ 53 աշակերտների մեջ ընդամենը մեկ 18 եւ մեկ 17 միավոր է գրանցվել, երբ նախորդ տարիներին բազմաթիվ 20 միավորներ ենք ունեցել»,- հայտնեց տնօրենը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է ամեն ինչ ուսուցիչների վրա բարդվում, երբ ինքը, որպես տնօրեն, ի պաշտոնե պարտավոր էր ամեն ինչ վերահսկել, պրն Ադամյանը պատասխանեց. «Ինձ հաճախ մեղադրում են խստաբարո լինելու համար, բայց ես ընդամենը թափանցիկ քննություններ եմ անցկացնում, որտեղ դիտորդի կարգավիճակով ներկա են լինում ոչ միայն ծնողներ, այլեւ 9-րդ դասարանցիներ: Ես մեր ուսուցիչներին չեմ մեղադրում, ուզում եմ փաստել, որ 53 աշակերտից 15-ը պարապում էր դասախոսների մոտ: Այդ 15-ի մեջ եղածներից ոմանք զրո միավոր են ստացել: Փոխանակ բողոքելու, թող նրանց ծնողներն ու դասախոսները գային, գրավորներով հետաքրքրվեին: Այո՛, ես պնդում եմ, որ խստապահանջ եմ եւ իմ քննության ընթացքում որեւէ ուսուցիչ իրավունք չի ունեցել ներսում գտնվել, իսկ քննական հանձնաժողովի անդամները եկել են ժամը 1-ին, որպեսզի զեղծարարություններ չարվեն: Այս տարի անգամ տետրերն էին ծածկագրված, ուսուցիչը չի իմացել՝ ում գրավորն է ստուգում: Մի՞թե դա վատ է»:

Մեր տեղեկություններով, անցյալ տարի քննություններին, սակայն, Ս. Ադամյանը այդքան պահանջկոտ չի եղել, քանի որ այդ տարի մեդալով դպրոցն ավարտում էր նաեւ իր որդին: Ի պատասխան՝ թիվ 59-ի տնօրենը հիշեցրեց, որ մեդալակիրներն այլ վայրում են կենտրոնացված քննություններ հանձնել: Իսկ իր խստությունը առավել ընդգծելու համար էլ ավելացրեց, որ, օրինակ, մաթեմատիկայի ուսուցչին պատասխանելու համար որդուն ոչ միայն, իր խոսքով, «արյունլվա է արել», այլեւ հեռացրել սեփական դպրոցից:

Մեր զրույցին ներկա էին նաեւ թիվ 59 դպրոցի ուսուցիչները: Մաթեմատիկայի մասնագետ Գոհար Դալլաքյանը փաստեց, որ քննության առաջադրանքները շատ բարդ Էին. «Դրանց մեջ կային այնպիսիները, որ բուհական մակարդակի էին՝ աստղանիշներով: Երեխան, եթե կողմնակի չի պարապել, չէր կարող դրանք հաղթահարել»: Մանկավարժներից մեկն էլ նշեց, որ հիմնականում հումանիտար դասարանների աշակերտներն են խնդիրներ ունեցել. «Օրինակ՝ մեր լավագույն սաներից մեկը, որ հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննությունից 20 միավոր է ստացել, մաթեմատիկայից ընդամենը 9 է հավաքել»:

Հ. Գ. Մեր տեղեկություններով, թիվ 59 դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը առաջիկայում կնշանակվի ԿԳ փոխնախարար: Այս լուրը ԲՀԿ անդամը ոչ հաստատեց, ոչ հերքեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել