Նման «կարգախոսով» փոխքաղաքապետը դիմեց ցուցարարներին
Երեկ Նորք-Մարաշի, Այգեստանի, Մյասնիկյան պողոտայի եւ եւս 8 թաղամասերի բնակիչներ քաղաքապետարանի առաջ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք քաղաքային իշխանություններից պահանջում էին ճանաչել իրենց սեփականության իրավունքը, հակառակ դեպքում ցուցարարները վստահեցրին՝ «Կհասնենք նրան, որ քաղաքապետին պաշտոնանկ անեն եւ եթե քաղաքապետը ունակ չէ կատարելու վարչապետի հանձնարարականը, կգա ուրիշ քաղաքապետ՝ ինքը կկատարի, ոչ մի պահ ոչ մի տեղ կանգ չենք առնելու»: Հիշեցնենք, որ թե ԱԺ ընտրություններից առաջ եւ թե հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել էր այս բնակիչներին եւ խոստացել նրանց խնդիրը լուծել, սակայն, բնակիչների ներկայացմամբ, արդեն անցել է մոտ մեկ ամիս եւ հարցին որեւէ լուծում դեռ չի տրվել:
Ցույցի կազմակերպիչ «Համայնք եւ իրավունք» հ/կ նախագահ Սամվել Մկրտչյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ բնակիչների հարցի լուծման փուլում պահանջելու են, որպեսզի ստեղծված հանձնաժողովի մեջ անպայման ընդգրկվեն բնակիչներ, քանի որ. «Նույն հաջողությամբ քաղաքապետը դրսեւորեց կամայականություն եւ որոշում կայացրեց չափագրման աշխատանքները կատարել առանց քաղաքացիների ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպության: Անձամբ ես չեմ վստահում որեւէ չինովնիկի»:
Քաղաքացիներին ընդունեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա հավաքվածներին հայտնեց, որ բնակիչների պահանջած հանձնաժողովն արդեն ստեղծվել է, որոնց մեջ, բացի քաղաքապետարանի, կադաստրի եւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներից, ընդգրկված են նաեւ նշյալ թաղամասերի բնակիչներ: Նրա տեղեկացմամբ, նախօրեին ստեղծվել է 2 աշխատանքային խումբ, որոնք սկսել են իրենց աշխատանքները Մյասնիկյան պողոտայում եւ Նորք-Մարաշում. «Քանի որ տարածքը մեծ է եւ այդքան ուժեր չունենք, որպեսզի քաղաքով մեկ շրջեն, այդ իսկ պատճառով աշխատանքները կանցկացնենք մաս-մաս: Մի բան չեմ կարողանում հասկանալ, ձեզ ով եւ ինչն է բերել այստեղ, երբ աշխատանքներն արդեն սկսվել են»: Երբ քաղաքացիները նշեցին, որ հ/կ-ն կանգնած է իրենց թիկունքին եւ պետք է այդ գործընթացներին իր մասնակցությունն ունենա, Արեյանի նյարդերը տեղի տվեցին. «Բացարձակ հայտարարում եմ բոլորիդ, այդ հարցը Սամվել Մկրտչյանը չի լուծում, այդ հարցը լուծում են երկրի վարչապետն ու քաղաքապետը, ես թույլ չեմ տա, որ այս անմեղ մարդկանց ինչ-որ մեկը մոլորության մեջ գցի, այս աշխատանքների կատարումը որեւէ մեկի մենաշնորհն ու Քրիստոսի առաքելությունը չի, ինչ հասարակական կազմակերպություն էլ լինի, ես թույլ չեմ տա ձեր արժանապատվությունն ինչ-որ մեկը շահարկի, դուք իմ քաղաքացիներն եք, մենք էլ՝ ձեր ծառաները, այստեղ այլ մարգարեներ չկան»: