Լրահոս
Օրվա լրահոսը

32 ԸՆՏԱՆԻՔ ԿՄՆԱ ԱՆՕԹԵՎԱՆ

Հունիս 14,2007 00:00

\"\"Վթարային շենքը վերանորոգելու պատրվակով բնակիչներին ուզում են վտարել

Շուրջ 2 տարի է՝ ինչ Էջմիածին քաղաքի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջին պատկանող հանրակացարանի բնակիչներն ապրում են անորոշության մեջ: Շենքում բնակվող 32 ընտանիքները չգիտեն, թե հետագայում որտեղ են բնակվելու, քանի որ օրերս քոլեջի տնօրեն Գագիկ Բալասանյանը նրանց զգուշացրել է. «Ձեր գլխի ճարը տեսեք, շուտով մասնաշենքից պետք է դուրս գաք»: Բնակիչները հավաստում են, որ իրենց նոր բնակարան տալու կամ այլ տեղ տեղափոխելու մասին խոսք չկա:

Մի քանի տարի առաջ հանրակացարանի մասնաշենքերից մեկը կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարությունների միջեւ կնքված պայմանագրով անցել է վերջինիս տնօրինության տակ: Կիսախարխուլ մասնաշենքը վերանորոգվել ու տրվել է բարձրաստիճան զինվորականների ընտանիքներին: Այդ մասնաշենքի բնակիչներից ոմանց ապահովել են բնակարանով, ոմանց էլ պարզապես տեղափոխել են մյուս մասնաշենք: Շենքի բնակիչներից մեկի՝ Լարիսա Մանուկյանի ներկայացմամբ. «Մենք մեր սենյակում նստած՝ շենքը «կռանով» քանդում էին, մեր իրերը հավաքեցին ու մեզ ստիպողաբար դուրս հանեցին, տեղափոխեցին կողքի մասնաշենքի բետոնե հատակով մի փոքր անկյուն, որ դժվար է սենյակ անվանել: Երկու անչափահաս երեխաների հետ մնացինք այս քանդված սենյակի հույսին: Ամբողջ ձմեռ 3 տարեկան երեխայիս հետ փողոցներից փայտ ու թղթե արկղեր եմ հավաքել, որ մի կերպ ապրենք, հիմա սրանից էլ են ուզում զրկել»: Բնակիչները պատմում են, որ առաջին մասնաշենքի վերանորոգումից հետո, երբ այնտեղ զինվորականների ընտանիքներ տեղափոխվեցին, նրանք արգելեցին իրենց հետ միեւնույն մուտքից օգտվել: Անժիկ Կնյազյանն ասում է. «Ստիպեցին, որ ուրիշ մուտք բացենք մեզ համար, մեզ չորրորդական մարդու տեղ էին դրել, նույնիսկ իրենց երեխաներին չէին թողնում մեր երեխաների հետ խաղան»:

Հանրակացարանի երկրորդ մասնաշենքում հիմա ապրում է 32 ընտանիք՝ մոտ 70 բնակիչ: Նրանք սոցիալապես անապահով ու խիստ կարիքավոր ընտանիքներ են: Մոտ 10 ընտանիքում ապրում են տարբեր կարգերի հաշմանդամներ: Այս բնակիչների խոսքերով. «Մենք ապրում ենք միայն «Փարոսի» ու հաշմանդամության նպաստի հույսով: Մեր երեխաները մեծանում են ու ընտանիք կազմելու մասին նույնիսկ չեն էլ մտածում: Էս պայմաններում ո՞վ կհամաձայնվի հարս գալ կամ էլ էստեղից ո՞վ աղջիկ կտանի: Անգամ ցամաք հաց չենք կարողանում առնել, կողքի խանութից «նիսիայով» ենք վերցնում: Բայց դե որ մեկ-մեկ թոշակն ուշացնում են, արդեն խանութն էլ չի վստահում ու ուտելու բան չի տալիս»:

Այս հանրակացարանը վթարային է ու ապրելու համար խիստ վտանգավոր: Շենքի պատերն ամբողջությամբ խարխուլ են ու ճաքճքած, շենքը զրկված է կոմունալ բոլոր հարմարություններից: Չորս հարկանի հանրակացարանի բոլոր բնակիչները օրվա սահմանափակ ժամերին ջուր են վերցնում միայն առաջին հարկում տեղադրված խողովակից: Բնակիչների հավաստմամբ. «Ջուրը կեղտոտ է ու պիտանի է միայն կենցաղում օգտագործելու համար: Ամեն հարկում ընդամենը մեկ զուգարան կա, էն էլ երբեք նորմալ չի աշխատում: Իսկ եթե Աստված չանի՝ մի երեխա հիվանդանա, ամբողջ շենքում ոչ 10 դրամ կգտնվի, ոչ էլ մի հեռախոս՝ շտապօգնություն զանգելու համար»: Թերեզա Միրզոեւան էլ վրդովված է, որ բարձրաստիճան զինվորականներին «էլիտար» բնակարաններով են ապահովում, բայց ինքը զոհված ազատամարտիկի այրի է ու 5 երեխաների հետ արդեն 18 տարի հանրակացարանում է ապրում. «100 անգամ դիմել եմ նախարարություն, ամեն օր ասում են՝ էսօր գնա, վաղն արի, տրանսպորտի փող էլ չունեմ, որ ամեն անգամ Երեւան հասնեմ»:

Այս առնչությամբ Գ. Բալասանյանն «Առավոտին» պարզաբանեց. «2 օր առաջ, կառավարության որոշմամբ, մեր քոլեջի հանրակացարանի շենքն անցել է քաղաքապետարանի իրավասության տակ: Առայժմ պարզ է միայն, որ շենքը պետք է վերանորոգվի, քանի որ շենքի պայմանները բնակիչների կյանքի համար խիստ վտանգավոր են: Սակայն հետո ո՞ւմ կպատկանի շենքը կամ ովքե՞ր այնտեղ կապրեն՝ վաղ է ասել»: Սակայն Գ. Բալասանյանը բազմիցս նշեց. «Բնակիչներին հենց այնպես փողոցում չենք թողնի, չգիտեմ ինչ կարգով, սակայն նրանք անպայման կապահովվեն կացարանով»:

Սակայն բնակիչները համոզված են, որ շենքի վերանորոգումն ընդամենը պատրվակ է իրենց վտարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել