Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ՝ ԸՍՏ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ

Հունիս 14,2007 00:00

Ամերիկահայ վերլուծաբան, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկ «Ուրբաթ» ակումբում թվարկել է երեք գործչի, ի դեմս որոնց տեսնում է իրավիճակի փոփոխության նախադրյալներ: «Երեք անուն եմ տեսնում, որոնք շատ կարեւոր են: Մեկը Դավիթ Հարությունյանն է:

Այն բարեփոխումները, որ նա իրականացրեց որպես արդարադատության նախարար, Սահմանադրության փոփոխություն եւ այլն, այժմ շատ ավելի կարեւոր, ավելի փայլուն քայլերով շարունակելու հնարավորություն է ստանում՝ իբրեւ օրենսդիր մարմին: Ինձ համար այս նոր Ազգային ժողովը տարբերվում է նախորդներից: Տարբեր է ամբողջական առումով, ոչ թե անհատական: Ինստիտուցիոնալ ժողովրդավարության տեսանկյունից, որը շատ ավելի կարեւոր է, քան անհատական ժողովրդավարությունը: Այդ տեսակ մի մարմին եմ ուզում, այսինքն՝ մարմին, ոչ թե մարդ: Խորհրդարան, քան թե ինչ-որ Սահակաշվիլի: Երկրորդը կտամ Արթուր Աղաբեկյանի անունը: Շատ ուրախ եմ, որ այդ երկուսը ԱԺ հանձնաժողովների նախագահ են, որովհետեւ հատկապես գեներալ Աղաբեկյանը, իբրեւ իրական բարեփոխիչ, հիմա այս Ազգային ժողովի մեջ ռազմական բյուջեով ՆԱՏՕ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի հետ շատ ավելի հզոր քայլեր կարող է անել: Եվ վերջին անունը, մի փոքր նոր անուն: Այդ անունը Ներսես Երիցյան է, որպես առեւտրի եւ տնտեսության զարգացման նոր նախարար: Ինձ համար դա մի քիչ անակնկալ էր, բայց որպես պրոֆեսիոնալ, նոր սերնդի մարդ, ես «բրավո» եմ ասում, որովհետեւ Երիցյանին իբրեւ ապագայի միտված մարդ եմ տեսնում, քանի որ Հայաստանի հզորանալու համար շատ կարեւոր է ունենալ այդ տեսակ նոր սերունդ, ոչ կեղտոտ եւ, ամենակարեւորը՝ տնտեսական ոլորտում, որովհետեւ Հայաստանի ապագայի համար այդքան կարեւոր չեն բանակը, զինվորները, այլ շատ ավելի կարեւոր է տնտեսական ուժը»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը: Նա վկայակոչում է նաեւ Հայաստանում գործարարների մտածողության փոփոխությունը, առաջընթացը՝ Վրաստանի եւ Ադրբեջանի համեմատությամբ: Այդ առումով էլ Ռիչարդ Կիրակոսյանը տալիս է մեկ այլ անուն՝ Խաչատուր Սուքիասյան, ասելով, թե շատ ուրախացել է ու շնորհավորում է նրան, երբ օրեր առաջ լսել է բարեփոխումները խորացնելու, մենաշնորհի, կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարելու անհրաժեշտության մասին Սուքիասյանի խոսքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել