Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատե՛նք միասին

Հունիս 14,2007 00:00

«Ժառանգությունը» ձեռք է մեկնում իր ձայները կեղծած ՀՀԿ-ին

«Հայացք» ակումբի երեկ կազմակերպած բանավեճի վարողը հարց ուղղեց. «Արդյոք խորհրդարանական ուժերը կարո՞ղ են…», եւ քանի որ մի պահ հապաղեց՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նրա փոխարեն ավարտեց միտքը. «Արդյունավե՛տ աշխատել»: Իսկ բանավեճի մյուս մասնակիցը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը լրացրեց. «Միասի՛ն աշխատել»: Հետագա ողջ զրույցի առանցքը դարձավ համագործակցության գաղափարը: Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե ՀՀԿ-ն կառուցողական երկխոսություն է ակնկալում ընդդիմությունից եւ պատրաստ է համագործակցել: Իսկ Ստեփան Սաֆարյանն էլ նկատեց, թե իշխանությունը նույնպես պետք է կառուցողական տրամադրված լինի խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունների նկատմամբ եւ չչարաշահի ԱԺ-ում մեծամասնություն ունենալու հանգամանքը, ինչպես դա եղել է նախորդ գումարման խորհրդարանում:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այժմ էլ չկիրառվեց 1999-ի փորձը, երբ ԱԺ-ում «Միասնություն» դաշինքի կազմի մեջ գտնվող ՀՀԿ-ն համագործակցության ձեռք մեկնեց ընդդիմադիրներին՝ նրանց առաջարկելով գլխավորել ԱԺ առանձին հանձնաժողովներ: Էդուարդ Շարմազանովը բացահայտեց. «Քննարկվել է նաեւ այդպիսի տարբերակ: Բայց այնուամենայնիվ՝ կուսակցության ղեկավարությունը գտավ, որ ավելի արդյունավետ ձեւաչափը սա է: Եվ հաշվի առնենք, որ բացի կոալիցիայից՝ այստեղ ընդգրկված է նաեւ մի քաղաքական ուժ, որն ըստ Հրանտ Մարգարյանի՝ այլընտրանք է ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը, չնայած փաստացի իշխանություն է»: Ու դարձյալ հայտարարեց, թե ՀՀԿ-ն պատրաստ է ԱԺ-ում համագործակցել ընդդիմության հետ:

Ի պատասխան «Հայոց աշխարհի» հարցի, թե ի՞նչ խնդիրների շուրջ համատեղ կաշխատեք իշխանության հետ՝ Ստեփան Սաֆարյանն ասաց, թե կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման սկզբունքների շուրջ ունեն նույնական մոտեցումներ. «Ասենք, «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը կարեւորվել է ե՛ւ «Ժառանգության», ե՛ւ ՀՀԿ-ի կողմից: Կան աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ մոտեցումներ, որոնք գրեթե համանման են ե՛ւ «Ժառանգության», ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Բարգավաճ Հայաստանի» ծրագրերում։ Համենայնդեպս, գոնե հռչակագրային մակարդակով (կյանքը ցույց կտա՝ թե որքանով նաեւ իրականում) կարեւորվել է երկրում աղքատության հաղթահարումը»: Ստեփան Սաֆարյանը նաեւ հավելեց. «Կատարելու ենք օրենսդրական որոշակի առաջարկներ: Եվ քանի որ իշխանությունը ձեւավորած ուժերը հայտարարության մակարդակով նշել են, թե պատրաստ են քննարկել երկրի զարգացմանը, բարեկեցության բարձրացմանն ուղղված առաջարկները՝ բնականաբար, մենք ակնկալում ենք, որ մեր մեկնած ձեռքն օդում չի մնա, եւ կընդունվեն այդ առաջարկները»:

Անգամ իշխանամետ լրագրողները զարմացան, թե ինչպե՞ս է «Ժառանգությունը» համագործակցելու մի ուժի հետ, որին մեղադրում է, թե ընտրվել է խախտումներով: «Որեւէ մեկը մեր կուսակցությունից, եւ կարծում եմ՝ Հայաստանում, չի հայտարարել, թե ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն չունեն ձայներ,- պատասխանեց պրն Սաֆարյանը:- Խոսքն այն պատկերի մասին է, որը կարող էր ստացվել ընտրությունների արդյունքում, եթե դրանք անցկացվեին օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, այսինքն՝ եթե չլիներ վախի մթնոլորտ»: Լրագրողները չդադարեցին զարմանալ՝ ինչպե՞ս են ուրեմն պատրաստվում համագործակցել վախի այդ մթնոլորտը ձեւավորողների հետ: «Մեր խնդիրն է լինելու, որ հասարակությանը եւ երկիրը փորձենք ձերբազատել այդ երեւույթներից»,- միայն ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը: Իսկ ՀՀԿ-ի պատգամավորը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են ձեւավորել այդ մթնոլորտը՝ տեղիք տալով լրագրողների համերաշխ ծիծաղին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել