Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՆ

Հունիս 14,2007 00:00

Դրանից տուժեց «Բարգավաճ Հայաստանը»

Մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորընտիր Ազգային ժողովում ու նաեւ կառավարության կազմում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասած տեղերը վկայում են, թերեւս, մի բանի մասին՝ ԲՀԿ-ին «նեղացրել» են: Իհարկե, կուսակցությունն ու նրա ղեկավարն այդ փաստը համառորեն չեն ընդունում (համենայնդեպս՝ պաշտոնապես): Այդուհանդերձ, փաստ է, որ 370 հազար անդամ ունենալու մասին հայտարարություն արած ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացավ ընդամենը 14,7 տոկոս քվե: Համեմատության համար հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ստացել էր ընտրություններին մասնակցածների 32,9 տոկոս, իսկ ՀՅԴ-ն՝ 12,8 տոկոս քվեներ: Արդյունքում՝ ԲՀԿ-ն ՀՀ խորհրդարանում ձեւավորեց 25 հոգանոց խմբակցություն, ՀՀԿ-ն՝ 64, ՀՅԴ-ն՝ 16: Արժե սրան հավելել, որ ՀՀԿ-ն 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրել էր 22 թեկնածու եւ պաշտպանում էր եւս երկու անկուսակցականների, ու այսօր նրանք համալրել են ՀՀԿ խմբակցությունը, իսկ ԲՀԿ-ի առաջադրած 14 «մեծամասնական» պատգամավորներից ԱԺ-ում հայտնվեցին դրանց ուղիղ կեսը:

Այս արդյունքը ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը խոստացել էր մեկնաբանել արդյունքների վեջնական ու պաշտոնական հրապարակումից հետո, բայց որեւէ մեկնաբանություն այդպես էլ չարվեց:

Բայց ԲՀԿ-ին «նեղացնելու գործընթացը» իր շարունակությունն ունեցավ նաեւ ընտրություններից հետո: Հունիսի 11-ին ՀՀ նախագահի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ ՀՀԿ-ն՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ «Բարգավաճ Հայաստանը»՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, քաղաքական կոալիցիայի ձեւավորման համաձայնագիր ստորագրեցին: ՀՅԴ-ն, որ մինչ այդ փորձում էր ընդդիմություն խաղալ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի մասնակցությամբ այս երկու կուսակցությունների կոալիցիային չմիանալով՝ միացավ նրանց հետ «համագործակցության համաձայնագրով»:

Այդուհանդերձ, ԲՀԿ-ն էլի՛ որպես կոալիցիայի անդամ 17 նախարարական պորտֆելներից ստացավ ընդամենը 3-ը: Թվում է՝ տարօրինակ պետք է լինի, բայց եւս երեք նախարարով ՀՀ կառավարությունում ներկայացվեց նաեւ ՀՅԴ-ն, որը կոալիցիայի անդամ չէ: ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համար հավասար համամասնությամբ տեղեր են բաշխվել նաեւ խորհրդարանում՝ մեկական փոխխոսնակներ եւ թվով 9 մշտական հանձնաժողովներում՝ 2-ական նախագահներ: ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի այս պարիտետը կպահպանվի նաեւ մարզերում: Թե ինչու Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը համաձայնեցին ՀՅԴ-ին նորից տեղ տալ ԱԺ-ում եւ կառավարությունում, ըստ էության, հասկանալի է. նախ՝ որեւէ այլ տարբերակով ՀՅԴ-ն կարող էր դառնալ ընդդիմություն, իսկ այդ դաշտում նա կարող էր լինել ամենակազմակերպված ու կարող ուժը, ինչը վտանգավոր է մասնավորապես նախագահական ընտրություններից առաջ, երկրորդ՝ ՀՅԴ-ն ինքն էլ առանձնապես դեմ չէր օգտվել իշխանության կերակրամանից:

Ենթադրվում է ու նաեւ տրամաբանական է, որ ԲՀԿ-ին բաժին հասած պաշտոններն ու ներկայացվածությունը խորհրդարանում չեն կարող գոհացնել, ուստի հարց է առաջանում, թե ԲՀԿ-ն ինչո՞ւ համաձայնեց ՀՀԿ-ի հետ կիսել երկրում տեղի ունենալիքի պատասխանատվությունը: Քաղաքական փորձագետների ասելով, ԲՀԿ-ն ուղղակի փախչելու տեղ չուներ, որովհետեւ ի սկզբանե, ինչպես մի պատեհ առիթով «Հայելի» ակումբում փաստորեն խոստովանել էր ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, ԲՀԿ-ն ստեղծվել էր ընդդիմությունից ձայներ խլելու եւ ԱԺ-ում վերահսկելի եւ «կառուցողական» ընդդիմություն լինելու եւ ոչ թե պատկառելի ներկայացված լինելու համար: Ասել, թե ԲՀԿ նախագահը գլխի գալիքը չգիտեր՝ անհեթեթ է, որովհետեւ այդ ընտրարշավում նա պատկառելի ֆինանս էր ներդրել, մտել էր Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան ուժերի ճշգրտման բավականին լուրջ խաղի մեջ: Առավելագույնը, ինչից Գ. Ծառուկյանը կարող էր անտեղյակ լինել, այն էր, որ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում ստանալիք տեղերը սպասվածին հակառակ զգալիորեն էին զիջելու ՀՀԿ-ի ստացած քվեներին: Իսկ որ դա այդպես էր լինելու՝ վկայում էին մայիսի 12-ին ավելի մոտ ընկած ժամանակահատվածում ՀՀԿ-ական գործիչների՝ Գալուստ Սահակյանի եւ Կարեն Կարապետյանի հայտարարություններն այն մասին, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է ունենալու՝ ավելի քան 55 մանդատ: Այսինքն՝ իրականացված ծրագիրը «գծված» էր մինչեւ քվեարկության օրը, իսկ ԲՀԿ նախագահը կամ դրա մասին չգիտեր, կամ հասկացել ու համակերպվել էր, որովհետեւ նահանջի տեղ չուներ՝ ի սկզբանե Ռ. Քոչարյանի «պրոյեկտը» լինելով: Իսկ Ռ. Քոչարյանը ԲՀԿ-ին Ս. Սարգսյանին զոհաբերեց այն ժամանակ, երբ հիշյալ երկուսի հարաբերությունները ընտրությունների ընթացքում եւ առավել եւս ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո ճշգրտվեցին: Երկու ղեկավարները եկան համաձայնության, որով փաստացի նրանցից ոչ ոք, գոնե այս փուլում, չտուժեց եւ չշահեց. ՀՀ նախագահը չհամարձակվեց առճակատման գնալ ՀՀ վարչապետի հետ, իսկ Ս. Սարգսյանը չհամարձակվեց Ռ. Քոչարյանի նախագահության օրոք իշխանական օղակում նոր համակարգ ստեղծել: Այդ հարցերը նրանք թողեցին ապագային, իսկ արանքում տուժեց միայն ԲՀԿ-ն, որը կատարեց իրեն վերապահված առաքելությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել