Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊՈՐՏ ԵՎ ՄԵԴԻԱՆ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼՈՒ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Հունիս 13,2007 00:00

«Սպորտ եւ մեդիա 2007» մարզական միջազգային փառատոնն այս տարի անցկացվելու է Ստամբուլում, սեպտեմբերի 24-30-ը:Հայաստանում փառատոնի կազմկոմիտեի նախագահ, «Միր սպորտա» հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն երեկ մեզ տեղեկացրեց, որ ԶԼՄ-ների հավատարմագրման գործընթացն արդեն ավարտվել է: Նրա խոսքերով, Հայաստանից փառատոնին մասնակցելու համար հատկացվել է 40 տեղ եւ գրեթե բոլորն էլ արդեն զբաղված են: «Մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ի տարբերություն անցած տարվա, այս անգամ բավականին շատ են,- ասաց նա:- Սակայն լրատվամիջոցները պետք է ստանձնեն որակյալ տեղեկատվության տարածման որոշակի մասնագիտական պարտականություններ (դա կազմակերպիչների եւ մասնակից երկրների միջեւ աշխատանքային համագործակցության պարտադիր պայմաններից է), մի բան, որը, ցավոք, ոչ բոլորն են ի վիճակի ապահովել: Հիմա մենք նախապատվությունը տալիս ենք այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվ են եղել անցած տարի Սեւանում կազմակերպված փառատոնի ժամանակ: Ըստ նախնական տեղեկությունների, Ստամբուլում հավաքվելու են Ռուսաստանի (լրատվամիջոցների 30 ներկայացուցիչ), Ուկրաինայի (10), Հունաստանի (2) լրագրողներ: Բացառված չէ, որ մասնակցեն նաեւ Իրանը, Սիրիան եւ Բուլղարիան: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ անցկացվելիք մրցումներին, դրանց թիվը, մրցաձեւերը վերջնականապես կորոշվեն Ստամբուլում: Բացի բուն մրցումներից, կազմակերպիչ երկիրը նախատեսել է նաեւ հանգստի ու ժամանցի բազմաթիվ այլ ծրագրեր: Եվ, որ ամենակարեւորն է, Հայաստանի պատվիրակները Թուրքիայում անվտանգության հետ կապված խնդիրներ չեն ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել