Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

Հունիս 13,2007 00:00

ԱՆԻԾՅԱԼ ԿՈՐՈՒՍՏ

Հատված նոր գրքից

Ախր զենքն Ասլանի ինչի՞ն էր պետք: Նրա պես բարի, ազնիվ, աշխատավոր մարդն ի՞նչ գործ ուներ այդ սատանայի սարքի հետ: Չգիտեր էլ՝ մեջը փամփուշտ կա՞, թե չկա, կրակո՞ւմ է, թե փչացած է: Իրենից առաջ հայրը՝ Ավետիքն էր երեսուն տարի կրել այն, երբ աշխատում էր գաղտնի փոստի առաքիչ կոչվող այդ անիծյալ պաշտոնում: Թոշակի գնաց եւ պաշտոնը, ձին ու նագանը հանձնաժողովի ակտով փոխանցեց Ասլանին, որը փոստի վարիչի համաձայնությամբ փոխարինելու էր հորը: Կրակ էր՝ մեջն ընկավ: Քանի անգամ վարիչին խնդրեց, թե՝ էս անտերը թույլ տուր քո երկաթե պահարանում պահեմ, ամեն օր քամակիցս կախած այստեղից Այրում եմ հասցնում, հետ բերում, ինչի՞ս է պետք, ինձ թալանողն ո՞վ էL: Բայց միշտ փոստի վարիչը կտրականապես մերժել էր՝

-Ո՛չ, նագանը նախատեսված է գաղտնի փոստի պահպանության համար: Բա որ Ծակ քարի անտառում վրադ հարձակվե՞ն…

-Որ հարձակվեն՝ ի՞նչ, հո չե՞մ հանելու կրակեմ։ Չգիտեմ էլ ոնց է կրակում:

Բայց չէր համոզել: Եվ երկու կիլոյանոց այդ գարշելի բեռը քամակից կախ՝ Աստծո օրը Այրում էր հասնում ու հետ բերում:

-Ի՜նչ ասեմ իմ հորը,- սրտնեղում էր երբեմն,- ուրիշներն ինչեր են թողնում իրենց զավակներին, նա էս սեւ օձը թողեց մեջքիս փաթաթված…

Ասլանը հավատում էր ժողովրդական խոսքի իմաստությանը եւ ուղղակի սարսափում էր այն ասույթից, թե՝ զենքը տարին մեկ անգամ ինքն իրեն կրակում է: Տեսնես ե՞րբ է կրակում, տարվա ո՞ր եղանակին, օրվա ո՞ր ժամին։ Ոչ ոքի ոչինչ չասելով՝ նա սպասում էր այդ ճակատագրական կրակոցին: Երեկոյան, երբ տուն էր գալիս եւ նագանը մեջքից հանելով՝ խրում բարձի տակ, միանգամից տասը տարով ջահելանում էր: Առավոտյան, ծառայության մեկնելուց առաջ, ձեռքն այնպես էր տանում բարձի տակ, ասես այնտեղ քնած օձ է՝ սառը, սեւ, թունավոր:

Մի անգամ փոստն Այրում կայարան տանելիս որոշեց այն պահել Ծակ քարի անտառի մի խոր փչակում, որ միայն ինքն իմանա տեղը, բայց երբ պատյանից հանեց ու գնաց դեպի փչակը, ձին գետինը դոփելով հուժկու վրնջաց:

– Ի՞նչ եղավ քեզ, այ անտեր,- Ասլանը սարսռաց ու հետ քաշվեց փչակից:

Ձին խաղաղվեց: Նա ձիու պարանոցը հարազատորեն շոյեց, ինչ-որ խոսքեր ասաց եւ նորից, խեթ-խեթ ձիուն նայելով, քայլ արեց դեպի փչակը եւ ձին նորից դոփեց ու վրնջաց:

– Լավ, հասկացա, ուրեմն չի կարելի,- համակերպվեց Ասլանը:

Այնուհետեւ եղավ աղետը. Ասլանի նագանը կորավ: Ինչպե՞ս, ե՞րբ՝ Ասլանը չհասկացավ: Հավանաբար՝ այն պահին, երբ առաքվող փոստը պարկում տեղավորելու համար այդ գարշելի սարքը հանում, դնում էր աթոռին, որը տեւում էր երկու – երեք րոպե: Բայց նա հաստատ չէր կարող ասել, թե հենց այդ պահին է եղել: Ճիշտն ասած՝ առանձնակի կարեւորություն էլ չտվեց, կորել է՝ կորել, ավելի լավ, գուցե ասեն չես կարողանում պահել ու նորը չտան:

Նա մտավ փոստատան վարիչի աշխատասենյակ եւ կեղծ ու թեթեւ մտահոգությամբ ասաց.

– Էն անտերն էլ չգիտեմ որտեղ եմ կորցրել…

– Ի՞նչը,- չհասկացավ վարիչը:

– Նագանը, ծանր անտեր էր, հոգիս հանել էր:

– Նագա՞նը… կորցրե՞լ ես…,- փոստատան վարիչը դողալով ու փշաքաղված բարձրացավ տեղից:- Հասկանո՞ւմ ես, թե ինչ ես խոսում, այ մարդ, վրայիցդ Սիբիրի հոտ է գալիս… Մեկ ժամ քեզ ժամանակ, գնա՛, գտի՛ր եւ բե՛ր:

Մեկ ժամ հետո Ասլանը հասկացել էր կորստի արժեքը եւ իր վիճակի ամբողջ ողբալիությունը: Ընտանիքը, հարազատներն ու բարեկամները ելան Ասլանի նագանը որոնելու: Փնտրեցին բոլոր հավանական ու անհավանական տեղերում, բայց նագանը չկար ու չկար: Ասլանը թեեւ լավ էր հիշում, որ Այրումից վերադառնալուց հետո նագանը քամակին՝ իր տեղում էր, բայց ոտքով ճանապարհ ընկավ դեպի Այրում: Ձիով չգնաց՝ կարող է վերեւից չնկատեր։ Եվ անտառային ճանապարհը թուփեթուփ զննելով գնում էր: Կողբի Վարդիգյուղ հանդամասում մեկը անասուն էր պահում:

– Ախպեր ջան,- դիմեց Ասլանը,- իմ նագանն էս կողմերում չի՞ երեւացել…

Ասլանի վիճակին չնայելով՝ հոտաղը քահ-քահ խրխնջաց.

– Նագանը հո նախրից ետ ընկած մոզի չի՞, որ թփուտներում մոլորված բառաչի…

Այրումի փոստի բաժանմունքում էլ տեղեկություն չունեին:

Երեկոյան, երբ հոգնած ու հուսահատ տուն հասավ, խղճալուց բառերը խառնելով կինն ասաց.

– Ասլան ջան, քեզ միլպետն է կանչում…

– Նա՞ ինչ գործ ունի ինձ հետ,- զարմացավ Ասլանը եւ մի կերպ մի քանի գդալ թանապուր խմելով՝ գնաց: Կյանքում առաջին անգամ էր միլիցատուն գնում: Հերթապահ միլիցիոները, որ իրենց հարեւանի տղան էր, ընդառաջ եկավ.

– Ինչո՞ւ ուշացար, քեռի Ասլան, միլպետը կատաղել է…

Բայց միլպետը զբաղված էր, ասաց՝ թող սպասի: Հերթապահը Ասլանի տագնապները փոքր-ինչ ցրելու համար ուզեց լավ բան խոսել:

– Ճի՞շտ է, քեռի Ասլան, որ տղադ Ռուսաստանում իրավաբանական է սովորում:

– Արդեն ավարտել է ու դատավոր է դառել, դատելով գալիս է դեպի Հայաստան: Արդեն Վլադիկավկազ է հասել, զգույշ մնա…

– Ի՞նձ ինչու պիտի դատի, հո նագանս չե՞մ կորցրել,- կոշտացավ միլիցիոները:

Միլպետը չէր խոսում։ Սառը, ծակող հայացքով զննում էր Ասլանին, որի ամբողջ մարմնով քրտինքը տաք ու պաղ էր անում: Վերջապես նա վեր կացավ տեղից, սեղանը շրջանցելով՝ մոտեցավ Ասլանին եւ կռանալով՝ կամաց շշնջաց.

– Ո՞ւր է նագանդ:

– Կորել է, ման եմ գալիս՝ չեմ գտնում…

Մեղմ շշնջացող այդ մարդը մեկեն գոռաց հուժկու եւ սարսափելի.

– Ո՞ւմ վրա ես ծախել զենքդ, խոսիր, թե չէ կտոր-կտոր կանեմ:

– Ախր ընկեր միլպետ ջան, նրան ո՞վ գին կտար, որ ծախեի: Կորել է անտերը, ման ենք գալիս, որ գտնենք:

– Գուցե թաքցրե՞լ ես, որ եթե ամեն ինչ լավ անցնի, քո ուզածով տնօրինես…

– Ուզում էի թաքցնեմ, այդպիսի բան մտքովս անցել է, բայց ձին չթողեց:

– Ձի՞ն, էդ էլ ձեռք ես առնո՞ւմ,- ոռնաց միլպետն ու ամբողջ մոլուցքով դրսեւորվեց առ Ասլան…

Մարդկային բարոյականության նվաճումները չնվաստացնելու համար չենք պատմի, թե միլպետը ինչպես էր վարվում ազնիվ ու առաքինի այդ մարդու հետ հիշյալ օրը եւ հետագա բոլոր մղձավանջային օրերին: Մանավանդ, երբ Ասլանի հարցաքննություններին նրան միացավ պետանվտանգության աշխատակիցը: Նրան խղճո՞ւմ էին, որ չէին ձերբակալում, թե՞ մտածում էին, որ կորած զենքը միայն նա կարող է գտնել…

Գործը հասավ գյուղի գուշակ – իմաստունին: Նա մի քանի անգամ խորհրդավոր հորանջելուց հետո փակեց աչքերը եւ սուզվեց երկնային ոգիների ոլորտը: Քիչ անց շշուկով հայտարարեց.

– Կորուստը գտնվում է փոստային բաժանմունքի զուգարանում…

Տե՜ր Աստված, ինչպե՞ս Ասլանը մինչ այդ չէր մտածել այդ մասին: Իհարկե՝ հավանականությունը մեծ է: Այո, հենց այդտեղ էլ կլինի: Նա պարան վերցրեց, ծայրին մի ծանր դույլ կապեց եւ, հենց գիշերն իջավ, մի հին լապտեր ձեռքին կանգնած էր փոստատան հին, փայտաշեն զուգարանի առաջ: Թերեւս ճիշտ կլիներ արարողությանը հրավիրել նաեւ միլպետին, բայց Ասլանն այդ մասին չմտածեց: Մարդու տեղը պիտի նեղ չլինի. Ասլանն ամբողջ գիշեր զբաղվեց այդ գարշելի գործով՝ ամեն մի դույլ բարձրացնելուց հետո հույս ունենալով, թե նրա մեջ կտեսնի նագանի սեւ կոթը: Իսկ լուսաբացի առաջին ցոլքերի հետ մարեց նաեւ Ասլանի վերջին հույսը…

Հետո նա սարսափելի հոգնած ու խաբված բախում էր գուշակի դուռը:

– Դու ասացիր, որ կորուստը փոստային բաժանմունքի զուգարանում է: Ամբողջ գիշեր դուրս էի տալիս, չկար…

– Հնարավոր է, երկնային նշանները երբեմն շփոթեցնում են: Եթե այնտեղ չկար, ուրեմն փորձիր ձեր տան զուգարանում փնտրել…

– Ո՞նց թե, շատ էլ թե տեղս նեղ է, դու ինձ ինչի՞ տեղ ես դրել,- նեղացավ Ասլանն ու ձեռքը թափ տալով՝ դուրս եկավ…

Եկավ նագանը գտնելու համար նրան տրված ժամկետի վերջին օրը: Ասլանն այլեւս չէր փնտրում՝ դա համարելով անհույս ու ավելորդ չարչարանք: Նա ժամանակն օգտագործում էր հարազատներին հրաժեշտ տալու վրա, ինքն իր մեջ նախապատրաստվում էր երկարամյա բանտային կյանքին: Այլեւս վստահ էր (նույն կարծիքին էին նաեւ միլպետն ու պետանվտանգության աշխատակիցը), որ աղետի մեջ պատահականություն չկա, նագանը ոչ թե կորել էր, այլ գողացվել եւ, իհարկե, ոչ պատահական մարդու ձեռքով եւ ոչ աննպատակ։ Բայց ի՞նչ կարող էր անել Ասլանը միայն կասկածներով ու աղոտ եզրահանգումներով:

Ամբողջ գիշեր, իհարկե, չքնեցին: Կինը Ասլանի համար բանտային տաք շորեր էր պատրաստում, սրտացավ հարեւաններից մեկը, որ ժամանակին մի քանի ամիս բանտ էր նստել, Ասլանին սովորեցնում էր բանտային օրենքները, օրենքով գողերի հետ վարվելու կարգը…

Լուսաբացին նա դուրս եկավ՝ գուցե վերջին անգամ ազատության մեջ տեսնելու արեւածագը: Եվ վաղ առավոտը ծվատվեց Ասլանի անմարդկային գոռոցով. նագանը դրված էր պատշգամբի բազրիքին…

Հետո ասում են, թե Ասլանը մոտեցել է իր աշխատանքային տարածքից ոչ հեռու շրջող մի մարդու եւ ականջին ասել.

– Շնորհակալ եմ, որ գոնե վերջին պահին մարդկությունը մեջդ արթնացավ։ Կարող էր նաեւ չարթնանալ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել