Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմաքաղաքական դաշինք ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ

Հունիս 13,2007 00:00

\"\"Քաղաքագետ Սուրեն Զոլյանի համոզմամբ՝ վաղուց հասունացել է այս պահը

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Սուրեն Զոլյանն էր, հանդիպման թեման՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Քաղաքագետը գտնում է, որ ժամանակն է իրականացնել դեռեւս 2 տարի առաջ ԱԺ-ում քննարկումների ժամանակ ԼՂՀ պատվիրակների կողմից հնչեցրած այն գաղափարը, ըստ որի՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պիտի ռազմաքաղաքական դաշինք սահմանվի: Միայն այս դեպքում Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում ներկայացնել Ղարաբաղը, ինչպես Թուրքիան՝ Հյուսիսային Կիպրոսը: Ինչ վերաբերում է այլ պետությունների եւ Ղարաբաղի միջեւ համագործակցության ձեւերին, ԼՂՀ-ն կարող է ինքնուրույն գործել, ինչը հիմնավորված է այնտեղ անցկացված հանրաքվեով:

Փորձագետն անդրադարձավ կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային հանրության ու միջազգային միջնորդների դիրքորոշմանը. «Նրանց համար Ադրբեջանի եւ Հայաստանի շահերը երկրորդական, երրորդական են: Նրանք կարեւորում են տարածաշրջանի կայունությունը: Ավելին, միջազգային դիտորդները ուղղակի գնում-գալիս են տարածաշրջան, հանդիպումներ ունենում՝ ցույց տալու համար, թե աշխատանք է կատարվում»:

Փորձագետը կրկին առաջարկեց քննարկել իր՝ Կովկասյան պակտի տարբերակը. «Հարավային Կովկասը պետք է լինի համադաշնություն, իսկ ամեն սուբյեկտը ունենա իր անկախության եւ ինքնիշխանության աստիճանը»:

Լրագրողի հարցին, երբ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը բանակցություններից մեկի ժամանակ համաձայնել էր, որ առանց Ղարաբաղի պետք է բանակցի Ադրբեջանի հետ, ինչքանո՞վ դա օգնեց վերջինիս, պրն Զոլյանը պատասխանեց. «Այդ քայլը պարտադրվել է միջազգային միջնորդների կողմից, որոնք նմանատիպ բանակցությունների ժամանակ հաճախ այս կամ այն երկրի նախագահի փոխարեն որոշումներ են կայացնում»: Մյուս կողմից էլ, Զոլյանի կարծիքով. «Չնայած Ղարաբաղը համարում ենք անկախ պետություն, սակայն դեպքերն այնպես են զարգանում, որ միգուցե վերջինս դառնա Հայաստանի 10-րդ նահանգը»: Նա նաեւ փաստեց, որ հակամարտության լուծման ձգձգումը երեք կողմերին էլ (Հայաստան, Ադրբեջան, ԼՂՀ) ձեռնտու է. «Այսօր ոչ ոք չի ցանկանում լուծել այդ հարցը»: Իսկ մեծ հաշվով ձգձգումը վտանգավոր է, որովհետեւ, Ս. Զոլյանի խոսքով, պարտվողը կլինի այն կողմը, որն իր ռեսուրսները չի օգտագործի սեփական դիրքերն ամրապնդելու, հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել