Լրահոս
Օրվա լրահոսը

Նորագյուղում՝ ինչպես Վենետիկում

Հունիս 13,2007 00:00

\"\"Այս թաղամասի բնակիչները շուտով նավակներով կերթեւեկեն

Արդեն երկու տարի է՝ Նորագյուղ մտնող ճանապարհը տեղումների ժամանակ անանցանելի է լինում, քանի որ ճանապարհի հենց մեջտեղում անձրեւաջրերից հսկայական ջրափոս է գոյանում: Օրերս տեղացած հորդ անձրեւի պատճառով փողոցը կրկին ջրով լցվել է, ինչի հետեւանքով բնակիչներն ու ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են փողոցի այդ հատվածով անցնում:

Ինչպես երեկ «Առավոտի» հետ զրույցում պատմեցին Նորագյուղի բնակիչները, ոչ միայն փողոցն է անանցանելի, այլեւ կեղտաջրերը լցվում են մոտակա տների նկուղներն ու ավտոտնակները՝ վնասելով բնակարանների հիմքը. «Տնից դուրս գալու համար նավակ է պետք: Մեր հագուստները քշտած ենք անցնում, որ գոնե քիչ թրջվենք, բայց միեւնույն է՝ կոշիկները վնասվում են: Տների շրջակայքը բետոնապատել ենք, որ գոնե ջուրը տուն չլցվի եւ վրայով կարողանանք անցնել: Էլ չենք ասում, որ երեխաներն այս ճանապարհով են դպրոց գնում, մինչեւ անցնում են՝ ամբողջությամբ թրջվում են, մրսում ու հիվանդանում: Բացի դրանից, այս լճի մոտ խանութ է գործում, ամեն անգամ, երբ ջրափոսը լցվում է՝ ստիպված այն փակում են: Իսկ դա ամենամոտ խանութն է: Ամեն անգամ մեծ գումարներ ենք ծախսում մեր տների նորոգման համար: Ջրերը նորից լցվում են ու վերանորոգումը փչացնում»:

Բնակիչների ներկայացմամբ, Կենտրոն համայնքի թաղապետարանի աշխատակիցներն արդեն մի քանի անգամ ջուրը հատուկ մեքենաներով քաշել են, սակայն այս անգամ դեռ չեն եկել. «Ջրերը չորացնելուց հետո մեզ խոստանում են, որ փողոցի այդքան հատվածը կվերանորոգեն, ու այդպես էլ իրենց խոստումը չեն կատարում: Միանգամից թող անեն՝ պրծնենք, էլի, թե չէ այսպես իրենք էլ են անիմաստ ծախսեր անում, մենք էլ»: Այս առնչությամբ երեկ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Կենտրոն համայնքի թաղապետարանից, սակայն կոմունալ բաժնի պետ Գալուստ Սարգսյանի հեռախոսը չէր պատասխանում: Քաղաքապետարանից էլ փոխանցեցին, որ Նորագյուղի փողոցը համայնքային նշանակության է եւ փողոցների վերանորոգման պատասխանատուն թաղապետարանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել