Երբեմն սպառողի առողջության վրա էժան դեղ գնելը թանկ է նստում
Հայաստանի տարբեր դեղատներում միեւնույն դեղը գնային մեծ տարբերություններով է վաճառվում: Ասենք, մայրաքաղաքի մի դեղատանը վաճառքի գինը 1200 դրամ է, հարեւան դեղատնում՝ 3000 դրամ (դեղերի անունները չենք հրապարակում՝ Հայաստանում ընկերությունների ներկայացուցչության բիզնեսին չվնասելու համար): Դեղերի ներմուծմամբ զբաղվող մեր աղբյուրների հաղորդմամբ, դա դեղերի ձախ շրջանառության տիպիկ օրինակ է, որովհետեւ դեղն ունի ինքնարժեք եւ չի կարող նրա գինը տարբեր դեղատներում այդքան կտրուկ տատանվել. «Ներմուծող ֆիրման տարբեր դիստրիբյուտորներին նույն գնով է բաժանում, եւ հնարավոր չէ մեկին էժան տա, մյուսին՝ 3-4 անգամ թանկ: Նշանակում է՝ դեղը Հայաստան եկել է ապօրինի ճանապարհով՝ առանց մաքսազերծման, ինչը թույլ է տվել այն անհամեմատ ավելի էժան գներով հանձնել դեղատներին»: Այն, որ դեղատներն իրավունք չունեն նման գործարքի գնալ՝ դա հարցի մի կողմն է, բայց դրանից ամենից շատ տուժում է մոլորված սպառողը, որը փորձում է ավելի էժան գներով դեղը ձեռք բերել: Բանն այն է, որ դեղերը պետք է ներկրեն հատուկ ջերմաստիճանային պայմաններում, հակառակ դեպքում դեղը կկորցնի իր ազդեցությունը եւ նույնիսկ հնարավոր է՝ ավելի վնաս տա, քան օգուտ: Ապօրինի ճանապարհով դեղ ներկրողներն արագ կբռնվեն, եթե դեղը համապատասխան սառնարաններով բերեն, հետեւաբար այն ներկրում են՝ ինչպես կարող են եւ ինչով կարող են: Ուստի գնելով շատ էժան դեղ՝ սպառողը չի կարող վստահ լինել դրա արդյունավետության մեջ:
Իսկ թե ինչու են դեղատները դեղն ապօրինի ներկրողների հետ համագործակցում՝ ունի իր պատճառները: Մասնագետների հաշվարկներով՝ երբ դեղատան տնօրինությունն օրինական ներկրողից՝ ներկայացուցչից է դեղը ձեռք բերում, ունենում է շահույթ՝ 1-25 տոկոսի սահմաններում, իսկ «ձախ» դեղերից դեղատան եկամուտը 50 տոկոսի չափով է կազմում:
Ձախ դեղերի շրջանառությունը Հայաստանի շուկայում տարեկան կազմում է 30-40 տոկոս՝ մոտ 100.000 դոլար: Դեղատները հիմնականում վերցնում են ապօրինի ներկրված թանկ դեղերը, ոչ թե, ասենք, 50-100 դրամանոց դեղերը, որովհետեւ թանկ դեղերի մեջ շահույթը շատ մեծ է: Հաճախ դեղատան վաճառողներն են ապօրինի ներկրողների հետ համագործակցում եւ գերշահույթներ ստանում՝ առանց դեղատան տնօրենի հետ «կիսվելու»: Վաճառողը ցուցափեղկում ներկայացնում է օրինական դիստրիբյուտորի մատակարարած դեղը, բայց սպառողին վաճառում է «լեւին»: Վաճառողը չի կարող շփոթվել եւ վերցնել ապօրինի ներկրված դեղը՝ օրինականի փոխարեն, որովհետեւ օրինական դիստրիբյուտորները ներկայացնում են օրինական հաստատված գնացուցակ, որը մոտ 100 էջանոց ամսագրի է նման, իսկ ապօրինի ներկրողները 1-2 էջանոց դեղերի ցանկ են ներկայացնում, քանի որ իրենք չեն կարող այդքան մեծ խմբաքանակով դեղեր բերել (տես լուսանկարը): Օրինական գնացուցակում անպայման նշվում են դիստրիբյուտորի հասցեն, կոնտակտային համարները, իսկ այսպես ասած՝ «կեղծ» գնացուցակում ոչ մի տվյալ չի լինում, քանի որ ապօրինի ներկրողը տվյալ դեպքում վտանգի տակ կլինի, եւ հնարավոր է դեղատունը օրինապահ մարմիններին գործ տա: Ուստի գնացուցակը ներկայացնելիս «լեւի» ներկրողները որոշ ժամանակ անց ներկայանում են տվյալ դեղատուն ու հարցնում՝ հետաքրքրվա՞ծ են իրենց դեղերով, թե՞ ոչ:
Հիմնականում դեղերն ապօրինի ներկրվում են Վրաստանից: Եվ սա ունի իր բացատրությունը. միջազգային դեղագործական ընկերությունները դեղերի գները սահմանում են՝ ելնելով տվյալ երկրի տնտեսական ցուցանիշներից: Թեեւ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի համար դեղերը նույն գնով են մատակարարվում, սակայն քանի որ Վրաստանում դեղերի վրա ԱԱՀ չկա, այդ երկրում դեղի գինը ավելի ցածր է, քան Հայաստանում ու Ադրբեջանում: Ուստի ներկրողները դեղերը ձեռք են բերում Վրաստանից ու Սադախլոյով հեշտությամբ այն ապօրինի մտցնում մեր երկիր: Այդ ճանապարհով ներկրելիս դեղը 30 տոկոսով ավելի էժան է նստում, քան օրինական ճանապարհով, քանի որ բացի Հայաստանում ներկրվող դեղերի համար սահմանված 20 տոկոս ԱԱՀ-ից, գինը մոտ 10 տոկոսով բարձրանում է նաեւ մաքսազերծելիս:
Բացի դեղի կասկածելի ցածր արժեքից, շարքային սպառողը չի կարող իմանալ՝ այդ դեղը ներկրվել է «ձա՞խ» ճանապարհով, թե՞ «աջ»: Միայն տվյալ դեղի ֆիրմայում աշխատողը կամ առողջապահության նախարարության մասնագետները կարող են դա ճշտել՝ տուփի վրա մակնշված այդ դեղի կոդով, որովհետեւ Հայաստանի եւ Վրաստանի համար ներկրվող դեղերի կոդերը տարբեր են: