Կառավարության կազմը համալրած նոր նախարարները թեպետ դեռ մեկ օր առաջ են անցել իրենց նախարարական պարտականությունների կատարմանը, սակայն արդեն մտել էին նախարարական դերի մեջ, եւ առանց բացառության բոլորը կանգնած էին Պանթեոնում։
Կարելի է արձանագրել, որ ձեւի իմաստով նախարարների մոտ ամեն ինչ «բնականոն» է. նրանք ե՛ւ հագուկապով, ե՛ւ կեցվածքով, ե՛ւ դեմքի անորոշ արտահայտությամբ իսկական նախարարական կերպարներ են: Նրանք բոլորն էլ լայն ժպիտով եւ երջանիկ դեմքով ընդունում էին իրենց գործընկերների շնորհավորանքները նախարար դառնալու կապակցությամբ, բայց լրագրողներին տեսնելով՝ թթված դեմք էին ընդունում:
Առավել «ինքնամփոփ» էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նշանակված երկու նախարարները՝ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը եւ առողջապահության նախարար Արտյոմ Քուշկյանը: «Առավոտի» բոլոր հարցերը՝ հետագա գործունեության, ծրագրերի եւ այլնի մասին, մնում էին անպատասխան, ավելի ճիշտ՝ մի միտք էին ասում. «Էսօր հարմար չի»: Եթե նկատի ունեին Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը խոսելու համար հարմար օր չէ՝ սխալվում էին, քանի որ նախկին վարչապետը բոլոր իրավիճակներում լրագրողների հանդեպ պահպանում էր ճիշտ աշխատանքային-բարեկամական հարաբերությունները, եւ եթե անգամ մերժում էր պատասխանել լրագրողների հարցերին, դա անում էր այնպես, որ ոչ ոք չէր նեղանում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նշանակված միակ նախարարը, որ նորմալ վերաբերմունք դրսեւորեց լրագրողի աշխատանքի հանդեպ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն էր, նա եւս հրաժարվեց հարցազրույցից, սակայն խոստացավ. «Առայժմ չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, պարզ կլինի նախարարության կառուցվածքը՝ այդ ժամանակ էլ սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին»: Տնտեսական զարգացման նորանշանակ նախարար Ներսես Երիցյանը եւս որոշ իմաստով բարեհամբույր էր՝ «Թող լրանա հարյուր օրը, ես ունեմ, չէ՞, հարյուր օրվա իրավունք, այն ժամանակ էլ կխոսեմ»: