Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նվիրյալը՝ Անդրանիկ Մարգարյան

Հունիս 13,2007 00:00

«Ամեն օր, երբ նա տուն էր մտնում, մեր տանը ուրախություն էր տիրում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Անդրանիկ Մարգարյանի տիկինը՝ Սուսաննա Մարգարյանը:

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը Պանթեոնում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ: Վարչապետի շիրմին դեռ առավոտից էին մարդիկ այցելում, խունկ ծխում, կանգնում մի քանի րոպե եւ հեռանում: Պատգամավորները եւ նախարարները Պանթեոն եկան կեսօրին, լուռ խոնարհվեցին, սակայն չասվեցին հիշատակի խոսքեր, բոլորը լուռ էին: Չկային այս կարգի իրադարձությունների ժամանակ միշտ ներկա հոգեւորականները:

Ավելի ուշ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված «Նվիրյալը» գրքի շնորհանդեսը, որին եւս մասնակցեցին վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, գործարարներ, դերասաններ, ռեժիսորներ, երգիչներ, բանաստեղծներ եւ շարքային քաղաքացիներ: Տիգրան Թորոսյանը իր խոսքում նկատեց. «Սա առաջին հունիսի 12-ն է, երբ մենք նշում ենք Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, առանց իրեն: Համոզված եմ, որ Անդրանիկ Մարգարյանի կյանքը դեռեւս շատ ու շատ վերլուծություններ պիտի ունենա, անպայման պիտի ունենա, որովհետեւ նա եղավ եզակի բարձրաստճան պաշտոնյա, մի մարդ, որի լուսավոր կերպարը ժամանակի մեջ ավելի ու ավելի լուսավոր է դառնում՝ լուսավորելով նաեւ մեր ճանապարհը, մեր պետության ճանապարհը»:

Անդրանիկ Մարգարյանի մանկության ընկերները հուշեր պատմեցին իրենց ընկերոջ մասին: ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը եւս խոսեց Անդրանիկ Մարգարյանի մասին եւ ասաց. «Նա մի մարդ էր, որի բոլոր հյուսվածքները, բոլոր բջիջները լի էին հայրենասիրությամբ»: Դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանը հիշեցրեց, որ «կտրվելուց հետո է միայն զգացվում ծառի բուն հաստությունը»:

Միջոցառմանը ներկա չէին ընդդիմադիր գործիչները եւ միակը, ով եկել էր Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշ-ցերեկույթին եւ գրքի շնորհանդեսին, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն էր: Մեզ հետ զրույցում Ալբերտ Բազեյանն ասաց, որ իրեն եւս ոչ ոք չի հրավիրել, պարզապես իմանալով, որ նման միջոցառում է կազմակերպված, եկել է իր ընկերոջ հիշատակին նվիրված միջոցառմանը. «Ես եկել եմ որպես Անդրանիկ Մարգարյանի ընկեր, մարդ, ում հետ մենք տարիներ շարունակ ճանապարհ ենք անցել, ինչ-որ մի ժամանակահատված եղել ենք նույն քաղաքական թիմում, միասին կրել ենք որոշակի պատասխանատվություն: Բացի այդ, հայ մարդ ենք, աղուհաց ենք կիսել, միասին նաեւ ընտանիքներով ենք հանդիպել, եւ ես իմ պարտքն եմ համարում մասնակից լինել իր հիշատակին նվիրված այս կարգի միջոցառումներին»:

Ցավոք, «Առավոտին» այդ գրքից բաժին չհասավ, ամբողջ տպաքանակը դեռ պատրաստ չէ եւ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը, ով եւս մասնակից է գրքի նախապատրաստական եւ տպագրության աշխատանքներին, խոստացավ, որ մենք անպայման կստանանք «Նվիրյալը»։ Ի դեպ, երեկ իր հետ գիրքը չտարավ նաեւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, քանի որ վերջին պահին նրան էր մոտեցել կանադահայ մի տիկին եւ ուղղակի աղաչել էր իրեն տալ «Նվիրյալը»: Եվ ստացել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել