Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԵՆ

Հունիս 13,2007 00:00

\"\"Այս մի հարցում էին համամիտ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանն ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

Երեկ «Հայելի» ակումբում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցն էին քննարկում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հենց ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում նկատի առնելով մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության տված դրական գնահատականը՝ նախկին վարչապետը հայտարարեց, թե դա պայմանավորված է ԼՂ հարցի կարգավորմամբ: Ըստ նրա, միջազգային հանրությունն այդ հակամարտության լուծումն ակնկալում է ներկայիս իշխանություններից: «Եթե դա Քոչարյանը չէ, ապա դրսից հասկացնել տվեցին, որ կուզենան, որ Քոչարյանի շարունակողը լինի, այսօրվա իշխանության մեջ գտնվող մարդ, որ վաղը չասի՝ ես ուզում եմ զրոյից սկսել: Նրանց այսօր պետք չէ Հայաստանի ներսում իշխանության փոփոխություն: Ավելին՝ նույնիսկ տնտեսական մարմինները պատրաստ են անհեթեթություններ ասել Հայաստանի վերաբերյալ, բացարձակ ստեր, միայն թե ժողովուրդը հանգստանա, Հայաստանում ներքաղաքական պրոբլեմ այս պահին չլինի: Երբ որ որեւէ թուղթ ստորագրի, գուցե շտապեն հաջորդ օրը իշխանություն փոխել»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ հայտարարել է Հ. Բագրատյանը: Նա միաժամանակ հավելել է, թե ԼՂ հիմնախնդրի լուծումը ձգձգվում է Ռուսաստանի ակտիվ ջանքերով: Նա նաեւ չի բացառել, որ մի օր Ադրբեջանը խոշոր տնտեսական զիջում կանի Ռուսաստանին, եւ դրանով հարցը լուծված կհամարվի: Արդյոք ՀՀ ներկա իշխանությունները կլուծե՞ն ԼՂ հիմնախնդիրը իրենց պաշտոնավարման ընթացքում: Այս հարցադրմանն ի պատասխան՝ նախկին վարչապետը կարծիք է հայտնել, որ ե՛ւ ներկայիս, ե՛ւ մյուս իշխանություններն ու ցանկացած կուսակցություն հակամարտության հարցը չի լուծի, եթե նման հնարավորություն ունենա, քանի որ լուծել այդ կնճիռը՝ բոլոր դեպքերում նշանակում է որոշակի զիջումներ անել:

Կ. Մանոյանն իր հերթին արձանագրեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դեռ որոշ ժամանակ առաջընթաց չի լինի, եւ դրանք պայմանավորեց ՀՀ-ում, նաեւ ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններով: Ըստ նրա, այդ «պարապ» ժամանակը ՀՀ-ն պետք է օգտագործի այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որ Ադրբեջանն ինքը հասկանա՝ որքան խնդրի կարգավորումը ձգձգվի, այնքան նա ավելի կտուժի: Իբրեւ այդպիսի տարբերակ ՀՅԴ գործիչը մատնանշեց Ղարաբաղը բանակցություններին մասնակից դարձնելը, թեեւ համարում էր, որ այսօր գործող բանակցությունների՝ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափի շնորհիվ է, որ բանակցություններում զգալի առաջընթաց է եղել: Կ. Մանոյանը համաձայն չէր նախկին վարչապետ Բագրատյանի այն կարծիքին, թե 1997-ից ի վեր կարգավորման համատեքստում առաջարկվող տարբերակները Հայաստանի համար առավել անբարենպաստ են դարձել, թեեւ Հ. Բագրատյանի բերած փաստարկները ծանրակշիռ էին: Նախ՝ նա արձանագրեց, որ 1994 թվականին ավագ Ալիեւը պատրաստ է եղել Լեռնային Ղարաբաղի հետ ընդհանուր կամ համադաշնային պետություն ձեւավորելու տարբերակին: Բացի այդ, որեւէ խոսք չկար «գրավյալ» տարածքների մասին, իսկ 1997-ին Ադրբեջանը պատրաստ էր հրաժարվել Լաչինից, մասամբ նաեւ՝ Քելբաջարից: Իսկ ներկա փուլում, ըստ նախկին վարչապետի, Ադրբեջանը պահանջում է վերադարձնել բոլոր 7 շրջանները, իսկ Լաչինի միջանցքը թողնել միջազգային ուժերի հսկողության ներքո: Այսուհանդերձ, երկու գործիչներն էլ համամիտ էին այն հարցում, որ ԼՂ-ն օղակած ազատագրված տարածքները անհրաժեշտ է վերաբնակեցնել: Նախկին վարչապետի համոզմամբ, ազատագրված տարածքների հարցի հայանպաստ լուծում ապահովելու լավագույն տարբերակը դրանք բնակեցնելն էր, որպեսզի միջազգային հանրության համար հասկանալի լինի, որ այդ տարածքները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն: Նա նաեւ հայտարարեց, թե անցած 10 տարիների ընթացքում ազատագրված տարածքներում բնակիչների թիվը երկու անգամ նվազել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել