«Master Class» ակումբի կորտերում անցկացվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ թենիսի ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցեցին նրա մտերիմները, մարտական ընկերները: Ինչպես միշտ, նրանց մեջ էր ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը: Այս անգամ նրա հետ Հայաստան էին ժամանել նաեւ Ռուսաստանի ՊՆ նախկին եւ ներկայիս բարձրաստիճան սպաներ, գործարարներ, մարդիկ, որոնք ճանաչել են Վազգեն Սարգսյանին, շփվել նրա հետ:
«Առավոտը» ճեպազրույց ունեցավ Պավել Գրաչովի հետ:
– Ինչո՞վ է պայմանավորված այն, որ դուք պարտադիր մասնակցում եք սպարապետի հուշամրցաշարերին:
– Նախ, ողջունում եմ հայ ժողովրդին, որին շատ եմ սիրում ու հարգում եւ որի հետ վերջին 15 տարիների իմ կյանքը սերտորեն է կապված: Վազգենի հուշամրցաշարին ամեն տարի ես գալիս եմ իմ ընկերների հետ, որպեսզի հարգեմ նրա՝ որպես իմ եղբոր, հիշատակը: Առաջին բանը, որ անում եմ, նրա շիրիմին այցելելն է: Սա ինձ համար նախ եւ առաջ ընկերոջս հիշողությունն է: Բացի դա, հաճախակի գալով Երեւան, ես բազմաթիվ նոր ընկերներ եմ ձեռք բերել: Եվ երրորդ, Հայաստանն ինձ համար դարձել է իմ երկրորդ հայրենիքը: Այստեղ մարդիկ ինձ ջերմ են վերաբերվում: Ես սիրում եմ այս երկիրը:
– Որքան հիշում եմ, դուք ամեն անգամ դարձել եք մրցաշարի հաղթող…
– Իրոք, այդպես է ստացվել: Թե ինչպե՞ս կամ ինչո՞ւ, բացատրություն չունեմ: Բայց ասեմ, որ ամեն անգամ էլ լուրջ պայքար է ծավալվել: Ճիշտն ասած, անպայման հաղթելու համար չենք խաղում, թեեւ բոլորս էլ կորտ ենք մտնում չպարտվելու մտադրությամբ: Դրանք իրականում ընկերական հանդիպումներ են: Մարզական արդյունքը երկրորդական նշանակություն ունի: Մեզ համար ամենակարեւորն ընկերների հետ նաեւ կորտում շփվելն է, գործով ապացուցելը, որ մենք ձեզ սիրում ենք: Այդուհանդերձ, հիմա էլ ես ու ընկերներս տրամադրված ենք վճռականորեն: Եկել ենք մասնակցելու երեք զույգով ու ամեն օր, անկախ ամեն ինչից, մարզվում ենք, նախապատրաստվում: Եթե ստացվի՝ էլի կհաղթենք:
Որքան հասկացանք, Պավել Գրաչովին Հայաստանում հիմնականում ուղեկցում էր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Եվ որքան էլ ՌԴ պաշտպանության նախկին նախարարի այցը Հայաստան ոչ պաշտոնական էր, այդուհանդերձ, նրան հենց թենիսի կորտերում հանդիպելու եկան նրա մյուս ընկերները՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Դե, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը «Master Class» ակումբի կորտերում էր նաեւ ի պաշտոնե: