Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ չեք հրավիրել՝ չեմ եկել»

Հունիս 12,2007 00:00

\"\"Երեկ կես կատակ-կես լուրջ՝ հայաստանցիներին նախատեց երկրորդ անգամ մեր երկիր այցելող ռուս հայտնի երգիծաբան Ռոման Կարցեւը:

«Իրականում շատ լուրջ մարդ եմ ու հենց այնպես հումոր չեմ անում, ոչ էլ ուզում եմ ասելիքս հումորով սկսել»,- երգիծաբան Ռոման Կարցեւը երեկ «Էրեբունի» հյուրանոցում այսպես բացեց ասուլիսը: Նա Երեւան է ժամանել «Բեմական խաչմերուկ» թատերական ընկերության հրավերով: Դասական մինիատյուրայի (մանրապատումի) ժանրում հանդես եկող դերասանը հայտնեց, որ ներկայումս առանձին է հանդես գալիս եւ որեւէ թատրոնի կազմում ընդգրկված չէ: «Լուժկովի օգնությամբ Գորկիում մի գրասենյակ ձեռք բերեցինք, որտեղ 16 տարի ստեղծագործում ենք Միխայիլ Ժվանեցկին, Կլարա Նովիկովան ու ես: Մեր թատերական խոհանոցն ընդհանուր է, բայց յուրաքանչյուրս առանձին ենք հանդես գալիս»,- ասաց նա: Ռուս դերասանը, որը երբեք չի սահմանափակվել մեկ թատրոնի պատերի մեջ, մշտապես թատերական հաստատություններ է փոխել: «1962-ից աշխատել եմ Ռայկինի մինիատյուրայի թատրոնում, հետո ութ տարի հանդես եկել Օդեսայի թատրոնում, այնուհետեւ՝ 9 տարի Էրմիտաժի, Չեխովի անվան թատրոններում: Միայն վերջին 15 տարին է, որ ինքնուրույն եմ աշխատում»,- իր գործունեությունը ներկայացրեց Ռ. Կարցեւը: «Այսօր, Աստված գիտի, թե հեռուստատեսությունն ինչով է զբաղվում՝ չկա հեղինակ-ռեժիսոր-դերասան կապը: Դրա համար ինքս էլ հազվադեպ եմ հայտնվում էկրանին: Ռուսաստանյան TV-ները նման են մի փոթորկուն ծովի, որի ալիքները ջրի երեսին հայտնված ամեն ինչ ափ են նետում: Օրինակ՝ «Մեծ լվացք» հաղորդումն իր բնույթով ինձ զայրացնում է, «Շաբաթ երեկոն» նույնպես, որովհետեւ այս նախագծում միշտ նույն մարդիկ են դահլիճում ծափահարում: «Կոմեդի քլաբն» էլ նայելով՝ հասկանում եմ, որ մերօրյա երիտասարդության շնչառությունը ծանր է ու մակերեսային»,- սրտնեղեց Ռ. Կարցեւը:

Նա անհանգստացած է, որ դասական մինիատյուրայի ժանրը աստիճանաբար վերանում-մոռացվում է: «Այս ժանրը հումորի հետ քիչ կապ ունի: Բոլորն էլ կարող են պարոդիաներ անել, անեկդոտներ պատմել: Ինչ վերաբերում է դասական մինիատյուրայի ժանրին, որտեղ իմ պարագայում նկատելի է Ռայկինի դպրոցի ազդեցությունը, ես ոչ պարոդիա եմ անում, ոչ էլ անեկդոտ պատմում, այլ ամեն անգամ կոնկրետ թեմայի վերաբերյալ ներկայացում եմ բեմադրում»,- նշեց Ռ. Կարցեւը: Երկրոդ անգամ Հայաստան ժամանած դերասանը երեկ վստահեցրեց, որ իր եւ Միխայիլ Ժվանեցկու հումորը հորինովի չէ, այլ կյանքից է վերցված. խոսում են պարզ բաների մասին, որոնք բոլորին են հայտնի, բայց ոչ բոլորը կարող են նկատել:

Երեկ Ռ. Կարցեւը փաստեց. «Վրաստանում՝ 10, Ադրբեջանում 12 անգամ եմ եղել, բազմիցս այցելել Ղազախստան: Իսկ Հայաստանում ընդամենը 2 անգամ եմ եղել: Դա էլ նշանակում է, որ լավ չեք հրավիրել: Օրինակ, մի անգամ երբ ձեր երկրից զանգահարեցին ու հրավիրեցին, զգացի, որ առանձնապես հաճույքով չեն անում դա, այդ պատճառով էլ մերժեցի»: Երգիծաբանը նաեւ 70-ականներին Հայաստան կատարած իր այցին առնչվող հումորային պատմություններ էլ հիշեց: «Մի անգամ Ֆիլհարմոնիայի դահլիճում էի հանդես եկել, հաջորդ օրն էլ Էջմիածնում պիտի ելույթ ունենայի: Այնտեղ ընդամենը 10 հոգի էր նստած, այն էլ մեջքով ու… նարդի էին խաղում: Այնուամենայնիվ, սկսեցինք ներկայացումը: Սկզբում արձագանք չկար, ավելի բուռն ծափահարություններ լսվեցին: Վերջում էլ խնդրեցին, որ նորից այցելեմ Հայաստան»,- ժպիտով պատմեց Կարցեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել