Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Հունիս 12,2007 00:00

\"\"ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի ուղերձը՝ «Կրթություն-2015» համաժողովին

Հարգելի տիկնայք եւ պարոնայք.

Հայաստանի զարգացումը եւ բարգավաճումը պահանջում է ժողովրդավարական պայմաններում ձեւավորված կայուն եւ կենսունակ տնտեսություն, որի համար անհրաժեշտ է բարձրորակ կրթությամբ եւ մարդկային բարձր արժեքներով օժտված հասարակություն: Իսկ ներկա կրթական համակարգը դեռեւս պարունակում է մեր տարածաշրջանում դարեր գերիշխած բռնապետական քաղաքական մշակույթի բացասական երեւույթներն ու սովորույթները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ՝ անցյալից ժառանգած կրթօջախների միջոցով, թեեւ վաղուց հրաժարվել ենք անցյալի վարչակարգից եւ ընտրել ազատական ժողովրդավարության ուղին: Գլխավոր մարտահրավերը որակյալ հատկանիշներով եւ բարձր արժեքներով նոր սերունդ պատրաստելն է:

Մինչ այսօր բարեփոխումները կրթական ոլորտում հաջողել են կրթական ենթակառուցվածքների բարեկարգման, կրթության փոխանցման հնարավորությունների բարելավման եւ կրթական համակարգը միջազգային նորմերին, հատկապես եվրոպականին, համահունչ դարձնելու մեջ: Այսքանով բարեփոխումներն արժանի են բարձր գնահատականի: Սակայն արժեքների բարձրացմանն ուղղված լիարժեք բարեփոխումներ դեռեւս իրականացված չեն: Իսկ ռեպրեսիվ մենիշխանությունից անցումը դեպի ազատական ժողովրդավարություն՝ պահանջում է արժեքների հիմնական փոփոխություններ: Չմոռանանք, որ ազգի հզորությունն ու նվաճումները սնվում են որակյալ եւ հարատեւելի արժեքներից, ոչ թե լոկ ժամանակավոր նյութական կուտակումներից:

Սկսած նախակրթականից եւ տարրական ու միջնակարգ դպրոցների միջոցով՝ ուսուցիչների ու տնօրինության կամայական, վերամբարձ եւ ճնշողական արխաիկ վերաբերմունքը կրթօջախներում սերմանում է թերարժեքության եւ անապահովության բարդույթներ, որոնք խորը խեղաթյուրիչ հետեւանքներ են թողնում աշակերտների հոգեկան կերտման ու զարգացման վրա: Եվ հետագայում որպես չափահաս՝ ձեւավորում իրենց հիվանդագին վերաբերմունքը հասարակության նկատմամբ: Թեեւ ողջ կյանքի ընթացքում այդ բարդույթների քողարկման զանազան միջոցներ են յուրացնում, սակայն ներքուստ լինում են թույլ եւ անինքնավստահ ու, այսպիսով, սահմանափակում իրենց լիարժեք զարգացումն ու ներդրումը հասարակության մեջ: Ներկայիս խեղաթյուրումները քաղաքական եւ տնտեսական դաշտերում կարելի է վերագրել հենց այս թերի դաստիարակությանը: Իհարկե, երկրի կենսունակ զարգացման ու բարգավաճման համար սա բավարար հենք ու ներուժ չի հանդիսանում, իսկ արտերկրում՝ միջազգային մրցունակ ու ազատական պայմաններում խոչընդոտում հաջողակ լինելուն: Ուստի անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ ուսուցիչների եւ տնօրինության հավաքագրման, հոգեբանական մաղման եւ լիարժեք պատրաստման ուղղությամբ: Մանկավարժական համալսարանի դերն այստեղ առանցքային է, սակայն համալսարանն ինքը լուրջ բարեփոխումների կարիք ունի, որպեսզի կարողանա լիարժեքորեն կատարել իր առանցքային դերը:

Հաջորդ գլխավոր խնդիրը կրթության համակարգում համատարած կոռուպցիան է, որը դրսեւորվում է թե՛ ռեպետիտորական պարապմունքներով, որոնք հաճախ քողարկված կաշառակերության բնույթ ունեն, թե՛ նվերներով եւ թե՛ հենց ուղղակի կաշառելով՝ բարձր գնահատականներ ստանալու համար: Այս բոլորը եւս լուրջ հետեւանքներ են թողնում աշակերտների հոգեբանության եւ վարքագծի վրա եւ սերմանում կոռուպցիայի արմատներ հասարակության մեջ: Կարճ ասած, աշակերտները, հենց իրենց մատաղ տարիքից սկսած, ընկալում եւ սովորում են, որ փոխարենը հենվել ու զարգացնել իրենց մտավոր կարողությունները՝ հնարավոր է շրջանցել համակարգը եւ կաշառքներով հեշտացնել եւ լուծել կյանքի խնդիրները: Հիմնական արժեքները ձեւավորվում են հարաբերական կարգով եւ ոչ թե բացարձակ՝ թույլ տալով արդարացնել որեւէ օրինազանցություն: Արդյունքում՝ պատրաստում ենք շրջանավարտներ, որոնք առաջնորդվում են ավելի շատ ճարպկությամբ ու խախտումներով, քան խոհեմությամբ ու ստեղծագործությամբ: Հնչեցրածս խնդիրները փոխանցվում եւ շարունակվում են նաեւ բուհական կրթօջախներում: Այստեղ եւս արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ՝ փոխելու շահադրդման ռեժիմները՝ առաջնորդվելով միջազգային (հատկապես OECD երկրների) հաջողած փորձերով:

Արմատական բարեփոխումների բացակայության դեպքում մենք պատրաստում ենք սերունդներ, որոնք տառապում են թերարժեքության եւ անապահովության բարդույթներով, ստորաքարշ դրսեւորումներով, նախապատրաստված կոռուպցիայի ընդունակություններով եւ մշտապես խոցելի վախի, փառասիրության եւ ագահության գործոններով, երբ Հայաստանի զարգացումը եւ բարգավաճումը պահանջում է խիզախ եւ առողջ հոգեկանով, բարձրորակ կրթությամբ, ինքնավստահ եւ ստեղծագործ սերունդ:

Կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է, եւ իր առաջնորդությամբ ու ՀՀ կառավարության ղեկավարությամբ, եւ հանրապետության զարգացման արտաքին գործընկերների աջակցությամբ հիմնահատակ բարեփոխումներ ենք ակնկալում: Այս համաժողովը հենց շատ հարմար առիթ է ընձեռում ախտորոշելու, քննարկելու եւ ապագա նորանոր բարեփոխումներ նախագծելու համար: Մաղթում եմ Ձեզ բեղուն աշխատանք, խորամուխ քննարկումներ եւ հաջող արդյունքներ այս առանցքային բարեփոխումների ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել