Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի երաշտ են սպասում

Հունիս 12,2007 00:00

Մարզերում ոռոգման ջրի խնդիրը մնում է չլուծված

Հայաստանի մի շարք մարզերում գյուղացիները կրկին խուճապի մեջ են: Նրանք մտավախություն ունեն, որ այս տարի էլ երաշտ է լինելու եւ իրենց բերքը նորից փչանալու է, քանի որ անցյալ տարվա նման ջրամատակարարման համակարգը գյուղերում նույն կաթվածահար վիճակում է: Նախորդ տարի, երբ հանրապետության մի շարք մարզերում երաշտ եղավ, գյուղացու բերքի կեսը, ըստ մասնագետների, հնարավոր կլիներ փրկել, եթե ջրամատակարար ընկերությունները կատարեին իրենց պարտավորությունները եւ ոռոգման ջրով նորմալ սպասարկեին: Սակայն այն համայնքներում, որտեղ ջրի պրոբլեմ կար՝ անգամ թույլ երաշտային պայմաններում բերքը չորացել էր, եւ բնակիչներն անգամ սերմնացու չէին կարողացել հավաքել:

Այժմ գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է, եւ գյուղացիները նորից խառնվել են իրար, քանի որ այս օրերին արդեն գյուղերում ոռոգման ջրի դեֆիցիտ կա. «Եթե մենք մեր հողերը հիմա չջրենք՝ միանգամից պիտի խաչ քաշենք մեր բերքի վրա, շոգերն ընկել են, ինչքա՞ն կարող ենք վեդրոներով կրել-տանել հողամաս, մի- երկու կաթիլ ջուր տալ»,- բողոքեցին Վայոց ձորի մարզի բնակիչները: Ոռոգման ջուրը մարզերում պետք է մատակարարեն Ջրօգտագործման ընկերությունները (ՋՕԸ): Գյուղացիների պատմելով՝ ամեն տարեսկզբին ՋՕԸ-ներից թակում են իրենց դուռն ու «զոռով» ջրի գումարները հավաքագրում. «Եթե նույնիսկ դժգոհում էլ ենք ու վարձերը չենք տալիս՝ մի քանի տասնյակի հասնող գրություններ են ուղարկում, որով տեղեկացնում են, թե ժամանակին չվճարելու դեպքում կտուգանվենք»: Չնայած գյուղացիների բողոքներին, երեկ «Առավոտի» հետ զրույցում Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը նշեց, որ իրենք ոռոգման ջրի խնդիր չունեն, սակայն չբացառեց վթարների առկայությունը, որը կարող է դժգոհության առիթ հանդիսանալ. «Մեր մարզն արդեն ամբողջովին անցել է ոռոգման ինքնահոս եղանակին, առանց պոմպի ջուր են ստանում, նախորդ տարի այդ եղանակով էին ոռոգվում Վայքի տարածաշրջանի համայնքները, այս տարի էլ ինքնահոս եղանակի է անցել նաեւ Եղեգնաձորի տարածաշրջանը»: Պարոն Մկրտչյանի այս դիտարկումը վերաբերում էր միայն այն համայնքներին, որոնք ընդգրկված են ՋՕԸ-ների մեջ, իսկ մարզի 23 համայնքներ, որոնք Ջրօգտագործման ընկերությունների մեջ ընդգրկված չեն, բավարարվում են միայն իրենց գյուղում առկա աղբյուրներով:

Գեղարքունիքի մարզում ոռոգման ջրի հետ կապված նույնպես խնդիրներ կան: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ իրենց մարզը ԽՍՀՄ ժամանակ ունեցել է 23 հազար հեկտար ոռոգելի տարածք, որից այսօր ոռոգվում է միայն 8 հազար հեկտարը. «Հիմնականում չեն ոռոգվում բնակավայրերից հեռու գտնվող հողակտորները, պատճառն այն է, որ ամբողջովին շարքից դուրս են եկել»: Համեմատելու համար, թե ինչ վնասներ են գյուղացիները կրում ոռոգման ջրի բացակայությունից, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ 1 հա ոռոգվող հողամասից հիմնականում կարելի է ստանալ 30 տոննա կարտոֆիլ, իսկ չոռոգվողից՝ լավագույն դեպքում 10 տոննա: «Ջուր չլինելու պատճառով հիմնականում չեն ոռոգվում Գավառի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի տարածաշրջանները, իսկ Ճամբարակի շրջանի հողերի մոտ 90 տոկոսը չի ոռոգվում, փաստորեն, մարդիկ մնում են բախտի քմահաճույքին. անձրեւ կգա՝ կջրվի, եթե չգա՝ բերք չեն ունենա»,- նշեց գյուղատնտեսության վարչության պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել