ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեր հարցին, թե արդյոք սպասելի՞ էր այն, որ ՍԴ-ն չփոխեց ԿԸՀ որոշումը համամասնական ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ պատասխանեց. «Իհարկե, սպասելի էր»: Մյուս հարցին, թե չի՞ համարում, որ ընդդիմությունն այս անգամ ավելի աղքատիկ փաստեր ներկայացրեց ՍԴ-ին՝ ԱԺՄ նախագահը պատասխանեց. «Դա էլ նշանակություն ունի: Այո, իմ տպավորությամբ՝ ավելի աղքատիկ էին փաստերը, քան 2003-ին: Նյութերն ավելի շատ կլինեին, եթե ընդդիմությունը միասնական մի մարմին ստեղծած լիներ, որը վերահսկողությունը կկազմակերպեր, կհամակարգեր: Եթե հիշում եք, մենք նման առաջարկ արել էինք, բայց դա էլ չեղավ»:
Վազգեն Մանուկյանը մի երեւույթի մասին խոսեց, որի հետեւանքներն արտացոլվեցին նաեւ ՍԴ այս գործընթացում. «Ընդդիմադիր ուժերի մի զգալի մասին ընդհանրապես դժվար է կուսակցություն անվանելը, քանի որ կազմակերպված չեն: Օրինակ, «Օրինաց երկիրը», կարծում եմ, բավական կազմակերպված է: ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտում չէ, բայց կարծում եմ, նույնպես կազմակերպված է: ԱԺՄ-ն նախորդ ընտրություններին բավական կազմակերպված էր մասնակցում, կոմկուսն էլ՝ մինչեւ քանդվելը: Բայց ընդհանրապես կուսակցական գործիչներն աչքի են ընկնում նրանով, որ լավ ելույթներ են ունենում, հետաքրքիր ծրագրեր ներկայացնում, լավ քննադատում, բայց կաղում են կազմակերպչական աշխատանքում: Եվ այստեղ ոչ միայն ֆինանսների պակասը կա, այլ նաեւ աշխատանք անելու փորձի պակասը»: Վազգեն Մանուկյանը կազմակերպչական աշխատանքի հմտությունները պայմանավորեց նաեւ գործադիր իշխանության փորձառությամբ. «Հանրապետությունը» պիտի որ փայլեր դրանով, քանի որ այդ կուսակցության մեջ շատ են մարդիկ, ովքեր ունեն կազմակերպչական փորձ: Բայց թող ներեն ինձ՝ ես չեմ տեսել նրանց այդ աշխատանքը»:
Հ. Գ. Վազգեն Մանուկյանի հարցազրույցը՝ վաղվա համարում: