Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այլընտրանք ենք թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության»

Հունիս 12,2007 00:00

Թեհրանում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Հայաստանի Առաջին հանրապետության 89-րդ տարեդարձի առիթով օրերս Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդես է եկել հայաստանյան ընտրություններից հետո իր առաջին հրապարակային ելույթով, որում շեշտել է. «Մեզ եղավ համագործակցության առաջարկ-հրավեր՝ կոալիցիայի մաս կազմելու, մենք փոխադարձ առաջարկությամբ ներկայացանք իրենց, երեք առաջարկություն ներկայացրինք: Նախընտրական պայքարի ժամանակ մենք արծարծել ենք թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման հարցը, ուստի մենք դրեցինք պահանջ, որ նվազագույն սպառողական զամբյուղին համաչափ պետք է ճշտվի նվազագույն աշխատավարձը եւ թոշակը: Երկրորդ, մենք չենք կարող կրել պատասխանատվություն կառավարության այն գործունեության համար, որին մենք մասնակից չենք, այն հարցերի համար, որոնց քննարկումների ժամանակ մեր երկուստեք տեսակետները չեն համընկնում, մենք մեր ներդրումը չունենք: Ուրեմն, մենք պահում ենք մեր ինքնուրույնությունն ու անկախությունը՝ մեր այլընտրանքային տեսակետը հրապարակավ հնչեցնելու եւ այդ տեսակետների համար աշխատելու: Երրորդ պայմանը, Հայաստանում շուտով նախագահական ընտրություններ են, եւ մենք մեր իրավունքն ենք համարում սեփական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու: Եվ վերջապես, գտանք այն լուծումը, որ կոալիցիայի կազմում «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունները կլինեն միասին, իսկ սույն կոալիցիան հատուկ համաձայնագրով համագործակցության մեջ է մտնում Դաշնակցության հետ: Բնականաբար, մեր ներկայացրած հիմնական սկզբունքները, ինչպես քիչ առաջ ասացի, պահպանված են այդ լուծման տարբերակի մեջ:

Մնում է՝ այն պայմանավորվածությունը, որ ձեռք ենք բերել, այն, ինչ որ հայտարարել ենք՝ իրականացնենք կյանքում:

Եվ եթե որոշների համար կա այն շփոթը, որ Դաշնակցությունը իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն, ասեմ, որ մենք այլընտրանք ենք թե՛ իշխանության, թե՛ այս ընդդիմության, որը գոյություն ունի: Մենք նաեւ իշխանություն ենք այն առումով, որ երկրի զարգացման համար ամբողջական պատասխանատվության գիտակցումն ունենք: Համենայնդեպս, մենք սկսում ենք մի նոր ժամանակաշրջան, մի նոր շրջան, որտեղ Դաշնակցությունն ավելի ազատ է, ավելի անկաշկանդ է, սկսվում է մի նոր շրջան, որը մեզ տանում է դեպի նախագահական ընտրություններ: Մենք այդ ընտրություններին մասնակցում ենք սեփական թեկնածուով, եւ այդ առումով վստահ եմ, որ Դաշնակցությունը վայելելու է համայն հայության համակրանքն ու օժանդակությունը»: Թերեւս հատուկ դրսի դաշնակցական կառույցների համար արված այս հայտարարությունների տեղական նշանակությունն այն է, որ ՀՅԴ-ն շարունակում է հիշեցնել եւ հիշել, որ նախընտրական իր ելույթներում խոստացել էր նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի եւ նպաստների ավելացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել