«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի համոզմամբ՝ սա Հայաստանի իշխանությունների համար ԼՂ հարցի լուծման լավագույն ձեւն է:
Հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հերթական հանդիպումը: Ու թեեւ դատելով եռանախագահների հայտարարություններից, որոնց համաձայն՝ բանակցային գործընթացում ազատագրված տարածքներն արդեն իսկ դիտվում են որպես ադրբեջանական տարածքներ, եւ դրանք վերադարձնելը միայն ժամանակի խնդիր է համարվում, այդուհանդերձ, այդ հանդիպումը եւս անպտուղ ավարտ ունեցավ: Այդ հանդիպմանն անդրադառնալով՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն արձանագրեց. «Սանկտ Պետերբուրգում ծավալվեց լուրջ քննարկում, սակայն համաձայնություն չկայացավ: ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները կշարունակվեն: Տեղի է ունեցել նորմալ հանդիպում: Համանախագահները հույս ունեին, որ նախագահներին ներկայացված հարցերի քննարկումը առաջընթաց կարձանագրի, սակայն առաջընթաց չեղավ: Նախագահների մակարդակով տարաձայնությունները մնում են, բայց կա բանակցային գործընթացը շարունակելու հնարավորություն»:
Չնայած այն բանին, որ հակառակ հայաստանյան քաղաքական որոշ ուժերի սպասումների՝ այս անգամ էլ երկու երկրների նախագահները ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ որեւէ նախնական փաստաթուղթ չստորագրեցին, այդուամենայնիվ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի համոզմամբ՝ հայկական կողմի համար անհանգստանալու պատճառներ կան. «Ես համոզված եմ, որ քանի դեռ շարունակվում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդիրը ներկայացվել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, քանի դեռ ՀՀ-ն հակամարտության կարգավորման երաշխավոր լինելու փոխարեն հանդես է գալիս որպես հակամարտության մասնակից, այնքան մեզ համար ավելի անելանելի ու անհուսալի է դառնալու խնդրի հայանպաստ կարգավորումը: Այդ առումով վերջերս բավականին հաճախակի եւ հստակ իրենց դիրքորոշումն են հայտնում նաեւ ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներն ու ԼՂՀ նախագահը»:
Ս. Այվազյանի փոխանցմամբ, այն, որ բոլորի, այդ թվում՝ ՀՀ ներկայիս իշխանությունների համար Ղարաբաղի ստատուս-քվոն հարցի ամենաարդարացի լուծումն է՝ կասկածից վեր է: «Բայց խնդիրը կայանում է նրանում, որ այդ ստատուս-քվոն միջազգայնորեն ճանաչվի: ԼՂ հարցը ունի միջազգային հնչեղություն, եւ նրա լուծման այս կամ այն ձեւի մեջ շահագրգիռ ենք ոչ միայն մենք, այլեւ տարածաշրջանի մյուս պետություններն ու գերտերությունները: Այդ պատճառով էլ մեզ համար ցանկալի լուծումը պետք է կարողանալ ներկայացնել այնպես, որ այն ընկալելի լինի հարցի կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերի համար: Իսկ դրա հնարավորությունը մենք ունեցել ենք: Կարծում եմ, դեռ այսօր էլ այն ամբողջովին վերացած չէ: ԼՂՀ հարցով մեր պահվածքի մեկնակետը պետք է ձեւակերպել հետեւյալ կերպ. ԼՂՀ ժողովուրդը, օգտվելով իր ինքնորոշման, ազատության իրավունքից, իր ազատագրական պայքարի արդյունքում ձեռք է բերել անկախություն, ինքնորոշվել է եւ հռչակել է իր անկախ պետականությունը: Իսկ Հայաստանը այդ խնդրում հանդես է գալիս որպես ԼՂՀ ինքնորոշման եւ ազատության իրավունքին օժանդակող ուժ: Բայց այսօր, դրա փոխարեն, մեր դիվանագիտության անհեռանկար ու հանիրավի ինքնավստահ կեցվածքի շնորհիվ հարցը տեղափոխվել է տարածքային վեճի հարթություն, որտեղ մեր լավագույն արդյունքը կարող է լինել ընդամենը խնդրի լուծման ձգձգումը»,- ձեւակերպեց Ս. Այվազյանը:
Եթե Քոչարյան-Ալիեւ նախորդ հանդիպումներից առաջ լռում էր ՀՀ իշխանությունը եւ փոխարենը խոսում էր ընդդիմությունը, ապա վերջին հանդիպումից առաջ լռում էին բոլորը: Խոսում էին միայն ԼՂՀ իշխանությունները: «Հանրապետության» ներկայացուցիչ Ս. Այվազյանը սա հետեւյալ կերպ բացատրեց. «ՀՀ իշխանությունները լռում են, որովհետեւ անհետեւողական արտաքին քաղաքականության արդյունքում ահավոր խճճվելով՝ հասել են բավականին վտանգավոր հանգրվանի, որում իրենց տեսած լավագույն ելքը, գուցե, ժամանակ շահելն ու լռելն է: Ինչ վերաբերում է ընդդիմության ու ընդհանրապես քաղաքական ուժերի լռելյայնությանը, ապա՝ իմ կարծիքով, ԼՂՀ հիմնահարցի լուծման տարբերակներ տեսնող եւ այդ հարցով մտահոգվող ուժերը, անկախ իրավիճակից, պարտավոր են խոսել եւ իրենց տեսակետները շարադրել ամեն անգամ, երբ այդ հարցի քննարկումներն ակտիվանում են: Այս հարցով այլ մոտեցումները ինձ համար ոչ միայն անհասկանալի եւ անընդունելի են, այլեւ տարօրինակ, որովհետեւ Հայաստանում գործող քաղաքական ուժի համար, անկախ արեւմտամետ ու ռուսամետ լինելուց, անկախ ազատական ու պահպանողական լինելուց, անկախ ընդդիմադիր ու իշխանական լինելուց, պետք է ԼՂՀ հարցի հայանպաստ լուծումը գերխնդիր լինի: Իմ կարծիքով, Հայաստանում գործող որեւէ ուժ, որը անտարբեր է այս խնդրի ճակատագրով, չի կարող լինել քաղաքական ուժ:
Իսկ ԼՂՀ իշխանությունները ոչ միայն այս անգամ, այլեւ նախորդ հանդիպումներից առաջ խոսել են եւ ի լուր աշխարհի հայտարարել, որ առանց ԼՂՀ մասնակցության, առանց ԼՂՀ շահերի եւ սպասելիքների բավարարման՝ ԼՂՀ հարցի լուծման ակնկալիքներ ունենալն անլուրջ է»: