Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 11,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ երկրորդ

ԴԱՆԴԱՂ ԺԱՄԱՆԱԿ

Սումգայիթի մեր հրթիռային ու հույժ գաղտնի զորամասում ահավոր դանդաղ ու դժվար էին անցնում հատկապես Շաբլովսկու օրերը, եւ չնայած ինքը քնելուց բացի այլ զբաղմունք չուներ, բայց, իր ասելով, իր օրերը հենց էդ պատճառով էլ շատ դժվար ու շատ դանդաղ էին անցնում, եւ իր օրինակի վրա ինքը հայտնագործել էր, որ եթե մարդ արարածը բացարձակապես պարապ է ու որեւէ գործ չի անում, օրերն ու ժամերը կրկնակի ու եռակի դանդաղ են անցնում, եւ չնայած ինքն էդ համոզմունքին էր, այդուհանդերձ, սկզբունքորեն խուսափում էր ամեն տեսակի գործերից եւ նույնիսկ շախմատ ու շաշկի խաղալուց էր խուսափում, որովհետեւ ինքը Ծաղկաձորի Ալիկից բեթար ծանր էր իր պարտությունները տանում, բայցեւ Ծաղկաձորի Ալիկից բեթար չէր սիրում, երբ դիմացինը դիտմամբ էր պարտիան տանուլ տալիս, ու էդպիսի մի դեպք արդեն եղել էր ու դիտմամբ տանուլ տվողի համար չափազանց ծանր հետեւանքներ էր ունեցել, եւ չնայած էդ դեպքը ղեկավարությունից գաղտնի պահվեց, դրանից հետո Շաբլովսկին ընդհա՛նրապես ձեռնպահ էր մնում մարդկանց հետ շփումներից, որովհետեւ Շաբլովսկուն հասցեագրված որեւէ մալադոյի ցանկացած անզգույշ խոսք կարող էր իրեն վերստին դիսբատ վերադարձնել, եւ դրա հավանականությունը չափազանց մեծ էր, քանի որ երկու տարի դիսբատ նստած Շաբլովսկու համեմատ՝ բոլորս էինք մալադոյ, եւ իրեն մնում էր սուսուփուս ու մեկուսի իր օրերն ու ժամերը հաշվել, ու հենց էդպես էլ անում էր, եւ դեպքից դեպք միայն ինձ հետ էր որոշ չափով առնչվում, ավելի ճիշտ՝ երբեմն-երբեմն արհեստանոցս էր մտնում եւ նկարելուս պրոցեսին ուշադիր հետեւելով՝ փորձում էր է՛դ ձեւով իր արթուն ժամերը գրողի ծոցն ուղարկել, եւ եթե դեպքից դեպք հետս անկեղծանում ու հետս խոսում էր, հիմնականում ժամանակի մասին էր խոսում ու հիմնականում ժամանակի մասին իր տագնապներն էր անկեղծորեն հայտնում, եւ, հիշում եմ, մի անգամ վախեցած ու գունատված՝ ինձ հարցրեց.

– Արմո՛ւշ, դու է՛լ ես, չէ՞, բարձրագույն ավարտել:

– Հա,- ասացի ես.- մանկավարժականն եմ ավարտել:

– Որ մանկավարժականն ես ավարտել՝ հաստատ կիմանաս:

– Ի՞նչ կիմանամ,- հարցրի ես:

– Հնարավո՞ր ա, որ ժամանակն առաջ չգնա,- հոգոց հանելով՝ հարցրեց Շաբլովսկին:

– Ո՞նց առաջ չգնա,- զարմացա ես:

– Ասենք թե՝ կանգ առնի:

– Ո՞նց կանգ առնի:

– Հենց ըտենց. կանգ առնի ու առաջ չգնա՝ մնա իրա տեղում:

– Ըտենց բան հնարավոր չի,- ծիծաղեցի ես:

– Մի՛ ծիծաղա,- ինձ սաստեց ու ավելացրեց.- ասում ես՝ աշխարհի պատմության մեջ ըտենց բան չի էղե՞լ:

– Ի՞նչ բան:

– Որ ժամանակը կանգ առած ըլնի:

– Չէ. չի՛ էղել:

– Հաստատ ե՞ս ասում:

– Հա:

– Հաստատ գիտե՞ս, թե՞ ենթադրում ես:

– Հաստատ գիտեմ,- ծիծաղեցի ես:

– Ես հանաք չեմ անում,- ասաց Շաբլովսկին:

– Ես է՛լ հանաք չեմ անում,- ասացի ես:

– Այսինքն, էս ասածիդ համար ատվիչա՞ ես:

– Ո՞ր ասածիս համար:

– Որ աշխարհի պատմության մեջ ոչ մի անգամ ժամանակը կանգ չի առել:

– Ատվիչա եմ,- ծիծաղեցի ես:

– Ես քեզ լրիվ լուրջ եմ հարցնում, բայց դու հանաքի ես տալի:

– Լրիվ լուրջ եմ ասում,- ասացի ես.- հնարավոր չի, որ ժամանակը կանգ առնի:

– Որ հնարավոր չի, խի՞ ես հռհռում:

– Էնքան անհնարին բան ես ասում, որ ծիծաղս գալիս ա:

– Աստված տա՝ անհնարին ըլնի:

– Հնարավոր չի, որ ժամանակը կանգ առնի,- միանգամայն լուրջ պնդեցի ես:

– Իսկ հնարավոր չի՞, որ դան դաղանա,- հարցրեց Շաբլովսկին:

– Ո՞նց դանդաղանա,- զարմացա ես:

– Հնարավոր չի՞, որ ժամանակն իրա սովորական ընթացքից դանդաղ առաջ գնա:

– Չէ,- ասացի ես.- հնարավոր չի:

– Հնարավոր չի՞, որ օրն ավելի երկար տեւի, քան սովորաբար տեւում ա:

– Էդ մեկը հնարավոր ա,- ասացի ես.- ամառվա օրերն ավելի երկար են, քան՝ ձմեռվանը:

– Էդքանը հասկանում եմ,- ժպտաց Շաբլովսկին.- ամառվա ցերեկնե՛րն են երկար, ոչ թե՝ օրերը:

– Հա,- ասացի ես:

– Ամառվա ցերեկները որ երկարում են, դրա հաշվին գիշերներն են կարճանում. այսինքն, ընդհանուր հաշվով, օրվա տեւողությունը նույնն ա մնում: Նույնն էլ ձմեռը. ձմեռվա ցերեկները կարճանում են, բայց ցերեկների հաշվին գիշերներն են երկարում:

– Փաստորեն, էդ բաներն ինձանից լավ գիտես:

– Որովհետեւ մանավանդ վերջերս էդ բաների մասին շատ եմ մտածում:

– Բա էլ խի՞ ես ինձ հարցնում:

– Մտածեցի՝ ինստիտուտավարտ տղա ես. կարող ա մի բան ավել իմանաս:

– Իմ իմանալով, ժամանակը ո՛չ կանգ ա առնում, ո՛չ էլ դանդաղում ա,- ասացի ես:

– Փա՜ռք Աստծո,- հանգստացած շունչ քաշեց Շաբլովսկին:- Վերջերս ինձ թվում ա՝ ժամանակը շատ դանդաղ ա առաջ գնում:

– Էդ նրանից ա, որ օրերն ու ժամերը հաշվում ենք:

– Դու էլ ե՞ս հաշվում,- զարմացավ Շաբլովսկին:

– Բա ի՞նչ եմ անում,- ասացի ես.- ո՞նց կարամ չհաշվեմ:

– Ընդամենը չորս ամիս չե՞ս ծառայել:

– Չորսուկես:

– Թող չորսուկես ըլնի,- ժպտաց Շաբլովսկին:- Չորսուկես ծառայել ես, յոթուկես էլ մնում ա. դրա ի՞նչն ես հաշվում:

– Քեզ էլ ընդամենը ամիսուկես բան ա մնում,- ասացի ես:

– Ընդամե՜նը,- դառը ժպտաց Շաբլովսկին.- հե՜շտ ես ասում:

– Աչքդ թարթես՝ ամիսուկեսը կթռնի,- ասացի ես:

– Իմ ամիսուկեսը վայ թե ավելի դժվար թռնի, քան՝ քո յոթուկեսը:

– Ո՞նց:

– Ըսենց նկարելով ու նվագելով՝ հեչ չես էլ իմանա՝ էդ յոթուկեսը ոնց թռավ:

– Դու էլ առավոտից իրիկուն քնած ես,- ասացի ես.- քնած վախտ ժամանակն ավելի արագ ա թռնում:

– Քե՛զ ա թվում, թե քնած եմ,- հառաչեց Շաբլովսկին:

– Ո՞նց ա ինձ թվում:

– Սաղ օրն աչքերս կպցնում եմ, որ քունս գա, բայց բան չի ստացվում:

– Այսինքն, չես քնո՞ւմ:

– Պատահում ա՝ գիշերներն է՛լ մի վայրկյան աչքիս քուն չի գալի:

– Էդ արդեն վատ ա:

– Վատն է՛ն խոսքը չի,- հառաչեց Շաբլովսկին:- Որ չես քնում, մի օրդ, փաստորեն, էրկուս ա դառնում:

– Հա,- ասացի ես:

– Որ էս անքնությունս շարունակվի, ստացվում ա, որ ամիսուկեսի տեղակ ինձ լրիվ իրեք ամիս ա մնում:

– Երեւի քնաբեր պիտի խմես,- ասացի ես:

– Ամեն զիբիլ էլ փորձել եմ,- հոգոց հանեց Շաբլովսկին.- չի օգնում:

– Ինձ էլ թվում էր՝ առավոտից իրիկուն քնած ես:

– Գոնե գիշերները կարենայի քնեի,- հառաչեց Շաբլովսկին:

– Մեր էն կռվի վախտ էլ քնած չէի՞ր,- խորամանկ ժպտալով՝ հարցրի ես:

– Ի՞նչ կռիվ,- ժպտաց Շաբլովսկին:

– Մեր հայերի ու քո պրիզիվի տղերքի կռիվը,- ասացի ես:

– Իմ պրիզիվի տղերքն արդեն էրկու տարի ա՝ իրանց տներն են:

– Բայց մեր էդ կռվի վախտ քնած էի՞ր,- նորից հարցրի ես:

– Ի՞նչ քնած,- ծիծաղեց Շաբլովսկին.- ես հեչ լռության մեջ չեմ կարում քնեմ, ուր մնաց՝ էդ շուխուռի մեջ քնեի:

– Այսինքն, քնած չէիր:

– Ասածդ ի՞նչ ա,- մրթմրթաց Շաբլովսկին.- կարող ա՞ վեր կենայի՝ լակոտլուկուտներիդ կռվին խառնվեի:

– Ես շատ գոհ եմ, որ չես վերկացել:

– Խի՞ ես գոհ:

– Որ վեր կենայիր, ստիպված պիտի իրանց կողմից խառնվեիր:

– Հըլը հարց ա՝ ում կողմից կխառնվեի,- մի քիչ մտածելուց հետո ասաց Շաբլովսկին ու ավելացրեց.- ես որ խառնվեի, ճշտի՛ կողմից պիտի խառնվեի, որովհետեւ, էլի եմ ասում, ես պրիզիվ չունեմ:

– Ճիշտը մենք էինք,- ասացի ես:

– Էդ է՛լ ա հարց,- ասաց Շաբլովսկին.- մարդկայինով ճիշտը դուք էիք, բայց բանակի ու ծառայության իմաստով՝ իրանք:

– Ուրեմն, ճիշտ ես արել, որ չես զարթնել:

– Զարթնելու համար նախ պիտի կարենաս քնես,- ծիծաղեց Շաբլովսկին:

– Որ կարենաս քնես, էս ամիսուկեսը շատ արագ կանցնի,- ասացի ես:

– Պարզ ա,- ասաց Շաբլովսկին,- բայց լարվածությունը չի թողում քնես:

– Ի՞նչ լարվածություն,- հարցրի ես:

– Հոգեկան,- ասաց Շաբլովսկին:

– Ի՞նչ հոգեկան լարվածություն:

– Արդեն չորս տարի ա դառնում՝ ինչ տունուտեղից կտրված եմ,- հառաչեց Շաբլովսկին:- Տարիկեսվա պսակված էի, որ կնկաս ու միամսական տղիս թողի էնտեղ ու էս քամբախն էկա: Էկող ամիս տղես չորս տարեկան ա դառնում:

– Ահագին մեծ տղա ունես:

– Հա: Ինձ որ տենա, չի ճանաչի:

– Պարզ ա, որ չի ճանաչի:

– Էս մտածմունքների մեջ ո՞նց կքնես:

– Պարզ ա,- ասացի ես:

– Ուզում եմ անջատվեմ, բայց չի ստացվում:

– Պիտի քիչ մտածես,- ասացի ես:

– Ուզում եմ չմտածեմ, բայց մտածվում ա,- հոգոց հանեց Շաբլովսկին:

– Ինչքան քիչ մտածես՝ էնքան լավ կքնես,- ասացի ես:

– Էդքանը հասկանում եմ,- մտահոգ ասաց Շաբլովսկին ու ավելացրեց.- բայց ո՞նց կարամ չմտածեմ. հո անասուն չե՞մ:

– Պիտի քեզ անջատես ու չմտածես,- ասացի ես:

– Ամունացած ե՞ս:

– Չէ:

– Դրա համար էլ հեշտ ես խոսում: Ջահել կնկաս ու գրկի էրեխիս բրախել եմ էդ չուրբանների մեջ:

– Ի՞նչ չուրբան:

– Էդ ուզբեկների: Ես Տաշքենդից եմ:

– Գիտեմ:

– Որ գիտես, էլ խի՞ ես ավելորդ հարցեր տալի:

– Տաշքենդ ռուս շատ կա՞:

– Երեւի կեսը ռուս են, բայց ուզբեկների սպայկեն շատ ուժեղ ա: Մեր ռուս աղջկերքին էլ մի գլուխ յազվություն են անում:

– Ուզբեկնե՞րը:

– Հա: Մեր ռուսները հեչ սպայկա չունեն՝ ոնց որ ըստեղ ու ամեն տեղ: Դուք է՛լ եք, փաստորեն, սպայկով ժողովուրդ:

– Մանավանդ բանակում,- ասացի ես:

– Բանակում որ սպայկով եք, ամեն տեղ էլ սպայկով կըլնեք: Տաշքենդ ընդամենը մի բուռ հայ կա, բայց լավ էլ իրար մեջքի կայնած են:

– Հայերի հետ հեչ շփված կա՞ս:

– Հա: Մեջները լիքը լավ տղերք կան, բայց անշնորհքներ էլ կան:

– Ի՞նչ իմաստով անշնորհք:

– Էդ չուրբանների պես՝ մի գլուխ մեր ռուս աղջկերքին յազվություն են անում:

– Որովհետեւ ռուս աղջկերքը սիրուն են,- ժպտացի ես:

– Ձերոնք է՛լ պակաս չեն,- ժպտաց Շաբլովսկին.- ճիշտը որ ուզում ես իմանաս՝ ձերոնք ավելի՛ սիրուն են:

– Մերոնց որտե՞ղ ես տեսել:

– Տաշքենդ լիքը չե՞ն:

– Բա ասում ես՝ մի բուռ են:

– Մեր ու ուզբեկների համեմատ են մի բուռ: Մեր դասարանում մի հատ Անաիդա կար, գժի պես սիրահարվել էի:

– Հայ է՞ր:

– Հա: Ես իրա համար հազար ու մի կռիվների մեջ էի մտնում, բայց ինքը վրես չէր էլ նայում:

– Հետո՞:

– Էլ ի՞նչ հետո: Որ ինքը վրես չէր նայում, ի՞նչ կարայի անեի:

– Փախցնեիր,- ծիծաղեցի ես:

– Ութերորդ դասարանի բան եմ պատմում,- ասաց Շաբլովսկին:- Ութից դուս էկա, ու էլ իրար չտեսանք: Համ էլ՝ էն գլխից գիտեի, որ ձեր հայերն ուրիշ ազգերի հետ չեն ամուսնանում:

– Պատահում ա,- ասացի ես:

– Իրա հետ դժվար թե պատահեր: Ինքը շատ էր քիթը ցից պահում, որովհետեւ գերազանցիկ էր: Մի խոսքով, հասկացա, որ իմ փայը չի:

– Հետո ռուսի հետ ամուսնացա՞ր:

– Հա. կնիկս ռուս ա:

– Փաստորեն, շուտ ես ամուսնացել:

– Ի՞նչ շուտ. որ ամուսնացա՝ արդեն քսանհինգ էի:

– Տուն ունեի՞ք:

– Չէ. վարձով էինք ապրում:

– Հիմի իրանք վարձով ե՞ն ապրում:

– Գիժ ե՞ս: Կնիկս ընդամենը հարուր մանեթով հավաքարար ա աշխատում. ո՞նց պիտի վարձ տա: Հիմի էրեխի հետ հորանց տունն ա՝ էլի Տաշքենդում:

– Բա ձերոնք տուն չունե՞ն:

– Ունեն, բայց մերոնց մոտ շատ նեղվածք ա. էրկու սենյակի մեջ ութ հոգով են ապրում:

– Երկրորդ էրեխեն որ ունենայիք, բանակից լրիվ կազատվեիր,- ասացի ես:

– Սկզբում ես ու կնիկս էլ էինք ըտենց մտածում, բայց հետո ամեն ինչ թարսվավ:

– Ի՞նչ իմաստով:

– Ամեն իմաստով: Ընենց սիտուացիա ստեղծվավ, որ կամ պիտի բանակ գայի, կամ էլ՝ բերդ ընկնեի:

– Ի՞նչ էր էղել:

– Մի հատ թեթեւ գողություն էինք արել՝ ծերը բացվել էր: Իմ ոտով վայենկամատ մտա ու բանակ էկա,- հառաչեց Շաբլովսկին:- Էրկու տարի սռոկ էր հասնում. մտածեցի՝ ավելի լավ ա էդ էրկու տարին բանակում անցկացնեմ:

– Ճիշտ ես մտածել,- ասացի ես:

– Ի՞նչն եմ ճիշտ մտածել,- գոռաց Շաբլովսկին.- փաստորեն, էրկու տարվա տեղակ չորս տարի կորցրի:

– Ասում են՝ աֆիցեր ծեծելու համար ես դիսբատ ընկել:

– Շատ ես խորանում: Էղածն արդեն էղած ա,- հոգոց հանեց Շաբլովսկին:- Ես ավելի շատ հիմիկվա՛ իմաստով եմ անհանգիստ: Մտածում եմ՝ ժամանակը խի՞ ա ըսենց դանդաղ առաջ գնում:

– Իզուր ես էդքան մտածում,- ասացի ես:- Ամիսուկեսը մեծ բան չի՝ կանցնի: Որ քիչ մտածես ու շատ քնես, էդ ամիսուկեսը շատ արագ կանցնի:

– Էդ էլ մյուս դարդս ա:

– Ո՞րը:

– Արագ անցնելը: Դիսբատի ու ըստեղի կյանքին էնքան եմ վարժվել, որ դժվար թե կարենամ դրսի սովորական ու իսկական կյանքով ապրեմ:

– Մասնագիտություն ունե՞ս:

– Մասնագիտություն որ ունենայի, էլ խի՞ էի դարդ անում: Համ էլ՝ էս պարապությանը որ վարժվել եմ, էլ ո՞նց կարամ աշխատեմ:

– Դիսբատում էլ էի՞ր պարապ:

– Դիսբատում ինձ ո՞վ ռիսկ կաներ աշխատացներ,- ժպտաց Շաբլովսկին:- Որ դիսբատ ընկա՝ արդեն տարիկեսվա ծառայած էի. էնտեղ էլ ա ծառայության ստաժը հաշվի առնվում: Համ էլ, որ աֆիցերին ծեծելու գործ էր, դիսբատի հարգանքս լրիվ ուրիշ էր: Մանավանդ որ՝ աֆիցերն էր սխալ էղել. ի՛նքն էր ինձ լրիվ նիզաշտո առաջինը կպել:

– Էդ բաները հաշվի են առնվո՞ւմ:

– Ամեն ինչն էլ հաշիվ ա: Շատ կարեւոր ա, թե ինչ հոդվածով ես նստած: Բայց ամենակարեւորը խասյաթդ ա:

– Ի՞նչ իմաստով:

– Որ զգացին խասյաթով թուլ ես, ու դուխդ էլ տեղը չի, հում-հում կուտեն. կարեւոր չի՝ դեմբե՞լ ես, թե՝ մալադոյ:

– Բա հոդվա՞ծը:

– Որ զգացին հարիֆ ես՝ հոդվածդ է՛լ չի փրկի:

– Պարզ ա:

– Խելքն էլ իրա՛ տեղն ունի: Պիտի քու բարձրության վրա մնաս ու ոչ մի դեպքում լակոտլուկուտի մակարդակին չիջնես: Ես ոչ մեկի հետ չէի շփվում:

– Ոնց որ էստեղ:

– Հա: Որ հետները մի քիչ լեզու թրջես, կարող ա մտածեն՝ իրանց թայն ես: Հետները նույնիսկ ղումար չէի խաղում:

– Ոչ մի տեղ չես սովորե՞լ:

– Չասեցի՞ ութից դուս եմ էկել:

– Փաստորեն, բնածին խելք ունես:

– Խելք ունենալն է՛լ ա քիչ,- ժպտաց Շաբլովսկին,- կապերն է՛լ են շատ մեծ դեր խաղում:

– Ի՞նչ կապեր:

– Տաշքենդի մեր տղերքը որ իմացել էին դիսբատ եմ ընկել, խառնվել էին իրար, զակոննի գող էին մեջ գցել, գողն էլ քսիֆ էր ուղարկել դիսբատ, թե՝ չըլնեմ-չիմանամ՝ Շաբլովսկու խաթրին կպնող ըլնի:

– Էդ գողին ճանաչում ե՞ս:

– Չէ. մեր տղերքն են հետը նստած էղել:

– Որտե՞ղ են նստած էղել:

– Գողը որտե՞ղ ա նստում:

– Բանտո՞ւմ:

– Հա: Բերդից խաբարն ուղարկել էր ուղիղ դիսբատ:

– Ո՞նց էր ուղարկել:

– Գողին է՞լ կասեն ոնց,- ժպտաց Շաբլովսկին,- իրանք ամեն ինչի ձեւը գիտեն:

– Գողի ասածը դիսբատում անցնում ա՞:

– Էն էլ ո՜նց ա անցնում,- ասաց Շաբլովսկին, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- բայց որ հանկարծ զգացին՝ հարիֆ ես, ու դուխդ էլ տեղը չի, հում-հում կուտեն. կարեւոր չի՝ քու համար գո՞ղ ա բարեխոսել, թե՝ ցեկայի քարտուղար:

– Այսինքն, կարեւորը խելքն ու դուխն են:

– Բախտի մոմենտն է՛լ ա կարեւոր,- ասաց Շաբլովսկին.- Տաշքենդի մեր տղերքը դիսբատ ընկնելս լրիվ պատահական էին իմացել: Մերոնցից մեկն էլ, լրիվ պատահական, էդ գողի հետ ա նստած էղել, ու էդ գողն էլ, լրիվ պատահական, մեր էդ ախպորը շատ ա հարգել: Էսքան պատահականություններն իրար որ գումարվում են, դառնում ա բախտ: Այսինքն, որ բախտ չունենաս, ու էդ սաղ մոմենտներն իրար չհամընկնեն, ոտովգլխով կկորես:

Խեղճ Շաբլովսկին հազար ինը հարյուր յոթանասունմեկ թվականի մայիսին Տաշքենդի իր էդ վարձով տնից դուրս էր եկել ու դեռեւս տուն չէր վերադարձել, եւ արդեն յոթանասունհինգի գարունն էր, ու էդքանից հետո ինքն է՛ն կարծիքին էր, որ իր բախտը բերել է, ու որ իր մասին մտածում էի՝ ապշահար հասկանում էի, որ երբ երկրորդ կուրսի արձակուրդներին Ժիրոյի հետ Յալթայում էինք, էդ ժամանակ արդեն Շաբլովսկին Սումգայիթի մեր էդ հրթիռային ու գաղտնի զորամասում է եղել, հետո՝ երբ Բեյլերյան Հրաչի հետ Թիֆլիս արկածների մեջ ընկանք, Շաբլովսկին էլի էդ ադրբեջանական բանակում է գտնվել, ու մինչ ինքն էդ բանակում ու դիսբատներում օրերը քարշ էր տալիս, ես Լենուղիում արդեն իմ ուսուցչական բարձունքից տասներորդցի ամենասիրուններին աչքով էի անում ու վեցի «ա»-ի Բենիամինին էլ շախա ու տոն էի տալիս, եւ իմ էդ ողջ գիտակցական ու անգիտակցական ընթացքում Շաբլովսկին բանակում ու դիսբատում էր, բայց ինձանից ընդամենը վեց ամիս էր շուտ զորացրվելու ու էդքանից հետո համարում էր, որ բախտն իրեն չափազանց սիրալիր է ժպտացել:

– Փաստորեն, բախտդ բերել ա,- ասացի ես:

– Բախտիցս հեչ դժգոհ չեմ,- ասաց Շաբլովսկին.- ուրիշը որ իմ տեղն ըլներ, արդեն մի քանի անգամ էն աշխարհ էր գնացել: Փաստորեն, արդեն Աստված մի քանի անգամ ինձ փրկել ա. դրա՛ համար եմ մոտդ էկել:

– Չհասկացա:

– Ուզում եմ, որ էս աջ թեւիս մի հատ մեծ ու սիրուն խաչ նակոլկա անես:

– Մեծ բան չես ուզում,- ասացի ես:

– Կարա՞ս,- ուրախությունը չկարողացավ թաքցնել Շաբլովսկին:

– Ավելի բարդ բաներ եմ նակոլկա արել:

– Պարզից լավը չկա,- ասաց Շաբլովսկին.- մի հատ խաչ ես նկարում ու վերջ:

– Կես ժամվա գործ ա,- ասացի ես.- կարող ա հեչ կես ժամ էլ չքաշի:

– Ե՞րբ ենք սկսում,- ոգեւորվեց Շաբլովսկին:

– Հենց հիմի էլ կարանք սկսենք:

– Սկսենք,- ասաց Շաբլովսկին:

Շաբլովսկու թեւերին ու մեջքին հազար ու մի դաջվածքներ կային՝ հազար ու մի անուններ, բառեր, նախադասություններ ու պատկերներ:

– Էս աջ թեւիս վերեւն ենք խաչը նկարում,- ասաց Շաբլովսկին:

– Ուրիշ ազատ տեղ չկա,- ծիծաղեցի ես:

– Ճիշտ ես ասում,- ծիծաղեց Շաբլովսկին.- որ էսօրվա էս խելքս էն վախտերն ունենայի, ոչ մի նակոլկա էլ չէի անի. մենակ էս մի խաչը կանեի ու վերջ:

– Աստծուն հավատո՞ւմ ես,- հարցրի ես:

– Ճիշտը որ ասեմ՝ սկսել եմ քիչումիչ հավատալ,- գլուխը կախեց Շաբլովսկին, հետո գլուխը բարձրացրեց, նայեց ինձ ու գոռաց.- դու չես հավատո՞ւմ:

– Չգիտեմ,- ասացի ես:

– Ես է՛լ հաստատ չգիտեմ,- ձայնը մեղմացրեց Շաբլովսկին.- մենակ է՛ն գիտեմ, որ Աստված ա ինձ տիրություն արել. ի՛նքն ա ինձ հազար անգամ փրկել:

– Քեզ ինչի՞ց ա փրկել:

– Ամեն ինչից: Ինքը որ ինձ տիրություն չաներ, հիմի դժվար թե ըսենց դեմդ նստած ըլնեի: Հազար ու մի դժվարություններից ա ինձ պրծացրել:

– Դիսբատում շա՞տ դժվար էր:

– Ես դժվարություններից վախեցող չեմ:

– Բա ասում ես՝ Աստված ա քեզ դժվարություններից փրկել:

– Աստված հիմնականում ինձ օգնում էր, որ կարենամ ինձ զսպեմ:

– Ի՞նչ իմաստով քեզ զսպես:

– Դիսբատում հարիֆները, պատահել ա, սխալ կամ ավելորդ բաներ են ասել, բայց ինձ զսպել ու ծպտուն չեմ հանել. որ ինձ չզսպեի, մի սռոկ է՛լ վայ թե շալակեի:

– Հարիֆները ո՞նց են ռիսկ արել քեզ բան ասեն:

– Չհասկանալով: Չհասկանալով, ասենք, ընե՛նց բառ են ասել, որը կարող ա իրանց վրա շատ թանկ նստեր:

– Ի՞նչ բառ:

– Կարեւոր չի: Կարեւորն էն ա, որ իրանք չեն իմացել, որ էդ բառն ուրիշ իմաստ է՛լ ունի: Չհասկանալով են ասել, դրա համար էլ ինձ մի կերպ զսպել եմ:

– Էդ ո՞ր բառերն ուրիշ իմաստ ունեն:

– Բերդի ժարգոնի մեջ լիքը բառեր կան, որ մեր էս սովորական բառերի հակառակ իմաստն ունեն, բայց հարիֆները՝ մանավանդ դիսբատի հարիֆներն էդ իմաստները չգիտեն. որ իմանային՝ էլ ի՞նչ հարիֆ:

– Բա դու որտեղի՞ց էդ իմաստները գիտես:

– Ես գրաժդանկայում մի թեթեւ սռոկ արդեն ադբիտ արել եմ: Որ կամավոր բանակ չցվրվեի՝ երկրորդ սռոկն է՛լ կշալակեի: Մեր տղերքն էդ գործի վրա իմ հաշվով ծպտուն չհանեցին ու շանս տվին, որ էդ էրկու տարին բերդի տեղակ բանակում գլորեմ,- ասաց Շաբլովսկին, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- բայց որ էդ աֆիցերի դեպքը պատահեց, բանակիս էրկու տարին, փաստորեն, մեխանիկորեն չորս դառավ:

– Փաստորեն, տուժել ես,- ասացի ես:

– Էդքանով որ պրծնեմ՝ էլի լավ ա,- ասաց Շաբլովսկին:- Հիմի Աստծուց ընդամենը մի բան եմ ուզում:

– Ի՞նչ ես ուզում:

– Աստված եմ կանչում, որ էս չորս տարվա ընթացքում կնիկս ինձ դավաճանած չըլնի,- անսպասելի ասաց Շաբլովսկին ու թունդ կարմրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել