Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՎԻ, ԹԵ՞ ՄԱՐԶԱԿԱՆ

Հունիս 11,2007 00:00

\"\"Մարզասերները տեղյակ են, որ ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 8-ին եւ 12-ին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրի մասին վերջնական որոշում ՈՒԵՖԱ-ն պետք է կայացնի հունիսի 22-ին կայանալիք գործադիր կոմիտեի հերթական նիստում:

Երեկ զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե Իսպանիան, որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահ, պատրաստ է իր խաղադաշտերը տրամադրել այդ հանդիպումների անցկացմանը: Այդ առաջարկն օրերս Բաքու ու Երեւան կատարած այցելության ընթացքում Ադրբեջանին եւ Հայաստանին արել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը: Եվ ըստ «Ռադիո Ռոսիի»-ի, որը վկայակոչել է Իսպանիայի ԱԳՆ աղբյուրները, թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի իշխանությունները դրականորեն են արձագանքել Մադրիդի նախաձեռնությանը: Այնուհետեւ ավելացվում է, թե նրանց համաձայնության դեպքում վերջին խոսքը լինելու է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիինը:

Երեկ չկարողացանք կապվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ՝ իմանալու, թե նա տեղյա՞կ է այդ առաջարկի մասին եւ ինքն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի՞նչ դիրքորոշում ունեն խնդրի վերաբերյալ: Այդուհանդերձ, ուզում ենք ասել հետեւյալը: Երկրների ղեկավար այրերը, հնարավոր է, քաղաքական նկատառումներով հավանություն տան այդ գաղափարին: Սակայն այս պարագայում պակաս կարեւոր չեն, եթե չասենք՝ ավելի, մարզական սկզբունքները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկզբից եւեթ առաջնորդվել է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերով, որոնք հարգել եւ կատարել պարտավոր են նախ եւ առաջ հենց իրենք՝ այդ կազմակերպությունները, ապա նաեւ՝ դրանց անդամ յուրաքանչյուր երկիր, այդ թվում նաեւ Ադրբեջանը: Այնպես որ, անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարների դրական վերաբերմունքի դեպքում Պլատինին ու նրա շքախումբը պետք է որ առաջնորդվեն նախ եւ առաջ ֆուտբոլային շահերով:

Վերջում հիշեցնենք, որ «Եվրո 2008»-ի ընտրական մրցաշարում Ղազախստանի եւ Լեհաստանի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Հայաստանի ազգային հավաքականն «A» խմբի մրցաշարային աղյուսակում վաստակած միավորների քանակով հավասարվեց Բելգիային:

Լեհաստան 9 6 1 2 15-7 19

Սերբիա 7 4 2 1 10-4 14

Պորտուգալիա 7 4 2 1 15-5 14

Ֆինլանդիա 8 4 2 2 9-5 14

Բելգիա 8 2 1 5 5-10 7

Հայաստան 7 2 1 4 3-7 7

Ղազախստան 8 1 3 4 5-11 6

Ադրբեջան 8 1 2 5 4-17 5

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել