Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հեռացնենք միասին»

Հունիս 11,2007 00:00

\"\"«Թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը դառնա նախագահ»,- Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ այս նպատակի համար ընդդիմադիրները պետք է, ի վերջո, համախմբվեն:

«Եթե այս անգամ էլ թույլ տվեցինք, որ Սերժ Սարգսյանն անցնի՝ դա նշանակում է, որ այս երկրում ընդդիմությունն այլեւս անելիք չունի»,- ասում է նա: «Առավոտի» դիտարկմանը, որ ՍԴՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ էլ անընդհատ հանդես եկավ համախմբման կոչերով, նույնիսկ գործնական դրսեւորումներ եղան, բայց՝ ապարդյուն. ի՞նչն է փոխվել հիմա, որ ամբիցիաները պետք է մի կողմ դրվեն, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Նախ՝ ընդդիմադիրները, կարծում եմ, հասկացան, որ առանձին-առանձին պայքարել այս ռեժիմի դեմ՝ անհնար է: Ամբիցիաները չպետք է վեր լինեն նպատակից: Պետք է կարողանալ պայմանավորվել եւ համատեղ լուրջ պայքար տանել նախագահական ընտրություններում՝ լիդերն ընթացքում կերեւա»: Մեր զրուցակիցը համոզված է, որ մի քանի թեկնածուներ առաջադրելով, պարզապես կկրկնվի խորհրդարանական ընտրությունների սցենարը, եւ ընդդիմադիրների բոլոր ձայները կփոշիանան: Ավելին, նա զարմանում է, որ նման առաջարկներ են հնչեցնում փորձառու քաղաքական գործիչները՝ «դա ակնհայտ պարտություն է»: Նկատենք, որ այդօրինակ հայտարարություններ էր հնչեցրել մասնավորաբար ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, իսկ իրենց առաջադրման մասին արդեն բարձրաձայնել են ՆԺԿ, ԱԻՄ եւ ԺԿ նախագահները: «Պետք չէ դեպքերն արագ զարգացնել, պետք է խորը վերլուծություն անել, համաձայնության գալ՝ նոր հռչակվել ընդդիմության միասնական թեկնածու»,- կարծում է ՍԴՀԿ ատենապետը: Ի դեպ, եթե, ինչպես ասում են, գործը վերոգրյալ ընթացքը ստանա, չի բացառվում, որ ՍԴՀԿ-ն էլ նախագահի պաշտոնում առաջարկի իր ատենապետին:

Այն, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հապշտապ, առանց վերջնական արդյունքների սպասելու, հայտարարություն արեց խորհրդարանական ընտրությունների մասին եւ հեռացավ՝ տիկին Սարգսյանի տպավորությամբ՝ «Նրանք եկել էին դրական արդյունք արձանագրելու եւ գնալու: Դա նախօրոք պայմանավորվածության շրջանակում էր՝ ԵԱՀԿ-ի եւ հայաստանյան իշխանությունների միջեւ, ինչը մեզ համար բավականին վտանգավոր է դարձնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը»: Մեր զրուցակցի համոզմամբ, Քոչարյանը այլընտրանք չունի, քան ստորագրել առաջիկայում Ալիեւ-Քոչարյան հանդիպման ժամանակ առաջադրվելիք փաստաթուղթը, այլապես կվերանայվեն թե՛ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թե՛ նախագահական ընտրություններն արդեն չեն ընթանա մշակված սցենարով: Ավելին, նա նույնիսկ կասկած չունի, որ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի այդ փաստաթղթի ստորագրումից եւ կվտանգի նախագահական ընտրություններն ու իր հետագա քաղաքական կարիերան, ինչը, տիկին Սարգսյանի տպավորությամբ, կապվում է վարչապետի պաշտոնի հետ:

Ամփոփելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էլ, ՍԴՀԿ ատենապետը արձանագրում է. «Մեզ փորձեցին նվաստացնել, բայց մենք մեզ բնավ էլ նվաստացած չենք զգում, քանի որ իրական արդյունքները բոլորովին այլ պիտի լինեին, եւ մենք առնվազն ութ հազար ձայն պիտի ունենայինք, եթե ոչ ավելի: Որոշ ուժերի ազդեցությամբ եւ մի քիչ էլ մեր բացթողումների արդյունքում ստացանք այն՝ ինչ ստացանք»: Բացթողումը նա համարում է այն, որ ոչ բոլոր տեղամասերում էին կարողացել վստահված անձինք ապահովել, իսկ այդ տեղերում կուսակցությունը, որպես կանոն, 0-ական ձայներ է ստացել: Ինչեւէ, ընդհանուր առմամբ, տիկին Սարգսյանը չի մեղադրում ընդդիմությանը թերանալու մեջ. արձանագրում է ՀՀԿ-ի գործադրած «ջանքերը»՝ ընդհուպ մինչեւ «ժողովրդին խաղալիքի պես օգտագործելը՝ օգտվելով մարդկանց ծանր սոցիալական վիճակից, 5-10 հազարով նրանց խիղճը գնեցին: Ես հույս ունեմ, որ մարդիկ կվերանայեն իրենց մոտեցումները, կհասկանան, որ այդ գումարով իրենց խնդիրները չեն լուծվում եւ նախագահական ընտրությունների ժամանակ կառաջնորդվեն ավելի վեհ գաղափարներով: Այլապես՝ կունենանք դասական ավտորիտար երկիր, ինչից հետո տասնամյակներ չենք կարողանա ազատվել»,- ասում է ՍԴՀԿ ատենապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել