Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓՆԹԻԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԹՈՂԵԼ

Հունիս 11,2007 00:00

\"\"Սիրիայի դեսպանը մեր երկրում ամեն ինչ հավանել է, բայց նա կարծում է, որ հայերն իրենց շրջակա միջավայրը փնթի են պահում:

«Հայաստանում մաքրության պակաս կա, ես զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող են մարդիկ գնալ բնության գիրկ, խնջույք անել, ուրախանալ ու վերջում աղբը թողնել ու հեռանալ»,- «Առավոտի» հետ զրույցում մեր երկրի մասին այսպիսի կարծիք հայտնեց Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մամուն Հարիրին: Վերջերս նա առիթ է ունեցել իր տիկնոջ հետ գնալու Դիլիջան ու չնայած այնտեղի բնությունը հիացրել էր դեսպանին, բայց նրան խիստ հիասթափեցրել էր մարդկանց անտարբեր վերաբերմունքը բնության նկատմամբ, որոնք կերուխումից հետո սննդի մնացորդներ ու աղբակույտեր են թողնում բնության գրկում: Աղբը չհաշված՝ ըստ պարոն Հարիրիի, Դիլիջանն իսկական դրախտ է. «Շատ երկրներում եմ եղել, բայց ոչ մի տեղ նման բնություն չէի տեսել, նույնիսկ մի պահ այնտեղի բնությունը համեմատեցի Գերմանիայի ու Շվեյցարիայի անտառների հետ ու հասկացա, որ Դիլիջանի նման ոչ մի տեղ չկա»:

Դեսպանի կարծիքով, հայերը շատ համախմբված են: Համենայնդեպս, նա այդպիսի տպավորություն է ստացել հանրապետության տոնին Սարդարապատում կազմակերպված միջոցառումների ժամանակ. «Դա ցույց է տալիս, որ հայերը միասնական են հատկապես իրենց պատմական սովորույթների ու ավանդույթների հարցում, ես ողջունում եմ այդպիսի համախմբվածությունը»:

Մամուն Հարիրին նշեց, որ Սիրիայում ավելի հեշտ է ապրելը, քան այլ երկրներում: Բայցեւայնպես, ինչպես մեր երկրում, այնպես էլ Սիրիայում բյուջետային հիմնարկներում միջին պաշտոնյան ավելի քիչ է վաստակում, քան մասնավոր ընկերություններում աշխատողները. «Կառավարությունն անընդհատ բարձրացնում է աշխատավարձերը, սակայն դարձյալ չենք կարողանում կյանքի ու տեխնիկայի զարգացման հետ մրցել, նախկինում սիրիացու ծախսերն անհամեմատ քիչ էին, հիմա բջջային հեռախոսները, համակարգիչները, շքեղ ավտոմեքենաները լրացուցիչ ծախսեր են պահանջում»: Սիրիայում նույնպես ցավոտ խնդիրներից է բնակարանների հարցը, պարզվում է՝ այնտեղ էլ շատ տղաներ չեն ամուսնանում՝ բնակարան չունենալու պատճառով: Բայց, ի տարբերություն Հայաստանի, Սիրիայի կառավարությունը մտածում է «սիրող սրտերի» մասին: «Կառավարությունը սկսել է շատ շենքեր կառուցել եւ երկարաժամկետ վճարման պայմանով հանձնել երիտասարդ ընտանիքներին: Ամեն մի պետական մարմին, գերատեսչություն ունի իր բնակարանային ֆոնդը, որով լուծվում են բնակարանի կարիք ունեցող աշխատողների բնակարանի հարցերը»,- ասաց պարոն Հարիրին:

Հայաստանում ընտանեկան բյուջեի 40 տոկոսից ավելին ծախսվում է սննդի վրա, որովհետեւ մեր երկրում սնունդը թանկ է: Իսկ Սիրիայում, ինչպես նշեց դեսպանը, հատկապես բանջարեղենն ու միրգը «ջրի գին» ունեն, եւ ընտանեկան բյուջեի վրա սնունդն ընդհանրապես չի անդրադառնում: Դեսպանի պատմելով՝ «Մայրս գյուղում է ապրում, այնքան կիտրոն ու սերկեւիլ ունի այգում, որ հարեւանի երեխաներին խնդրում է գան քաղեն ու բաժանեն չունեցողներին»:

Սիրիան ավելի շատ հայտնի է գյուղատնտեսության ոլորտով, այստեղ տարեկան արտադրվում է 6 միլիոն տոննա հացահատիկ: Մամուն Հարիրիի խոսքերով՝ հացահատիկի եւ սննդի պաշարներով իրենց երկիրն ապահովված է ավելի քան 10 տարի: Ի տարբերություն Հայաստանի, Սիրիայում ավելի լավ են ապրում գյուղերում, քան քաղաքներում:

Անդրադառնալով մեր երկու երկրների ապրանքաշրջանառությանը, Մամուն Հարիրին նշեց, որ շրջանառության ծավալներն անհամեմատ ավելի մեծ կլինեին, եթե հայ-թուրքական սահմանը բաց լիներ. «Բայց եթե այս հարցին նայենք առեւտրականի աչքերով, ապա կտեսնենք, որ Հայաստանի շուկան բավականին փոքր է եւ դրա համար էլ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը չնչին է»: Մինչդեռ նկատենք, որ 9-10 տարի առաջ հայաստանյան շուկան ողողված էր սիրիական ապրանքներով, հատկապես՝ հագուստներով, այն ժամանակ ապրանքաշրջանառությունը բավականին մեծ էր, բայց ներկայումս մեր երկրում ավելի մեծ պահանջարկ են վայելում եվրոպական ապրանքները:

Մեր այն հարցին, թե Սիրիայում հայկական ի՞նչ ապրանքներ են նախընտրում, դեսպանը չկարողացավ նշել, պատճառաբանեց, որ երկար տարիներ է՝ Սիրիայում չէ եւ այնտեղի հայկական ապրանքներին ծանոթ չէ. «Միակ ապրանքը, որ գիտեմ՝ պահանջարկ ունի, հայկական «Արարատ» կոնյակն է»:

Պարոն դեսպանը հիացած էր հայերի հյուրասիրությամբ ու անմիջականությամբ. «Օրինակ, Գերմանիայում, Ռուսաստանում օպերա լսելու են գալիս շատ լուռ ու մունջ, անշարժ նստում են ու գնում, իսկ հայերն այդպիսին չեն, ուրախ, զվարթ գալիս են, իրար ողջունում, համբուրում, շատ անմիջական են ու շփվող: Ես Հայաստանում ինձ զգում եմ՝ ինչպես մեր տանը, ինձ այստեղ սիրում են, արաբներին չեն արհամարհում, ես հայերին եմ սիրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել