Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՍԸ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ

Հունիս 11,2007 00:00

Հայաստանը անկախության 15 տարիների ընթացքում հասցրել է 10 վարչապետ փոխել: Ընդ որում, բացառությամբ Հրանտ Բագրատյանի եւ Անդրանիկ Մարգարյանի, մնացած 8 վարչապետները հիմնականում պաշտոնավարել են մեկ տարի՝ մի քիչ ավելի կամ նույնիսկ պակաս:

\"\"Հասարակության հիշողության մեջ իբրեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ մնացել է Վազգեն Մանուկյանը, որը, սակայն պաշտոնավարել է 1990-1991թթ., մինչեւ Հայաստանի անկախության հռչակումը՝ նախագահելով ՀՍՍՀ նախարարների խորհուրդը: Նրա վարչապետության շրջանում տնտեսության գործունեության առումով որեւէ էական քայլ չի արձանագրվել: Սա, անշուշտ, ունի իր տրամաբանությունը, քանի որ նախ դեռեւս գործում էր խորհրդային համակարգը, ապա՝ երկիրը գտնվում էր պատերազմի մեջ, եւ տնտեսության ու պետության ողջ ջանքերն ուղղված էին պատերազմի հաղթանակին: Հետեւաբար, չենք կարող ասել, թե Վ. Մանուկյանի կառավարությունը համակարգային, ինստիտուցիոնալ լուծումներ է տվել: Սակայն վարչապետ Վ. Մանուկյանին հաջողվեց անել ամենակարեւորը՝ թույլ չտալ կորցնել դեռեւս ձեռք չբերված անկախությունը:

\"\"Վ. Մանուկյանին փոխարինելու եկավ Գագիկ Հարությունյանը, որը 1991-1992թթ. այդպես էլ չնշանակվեց վարչապետ՝ մնալով որպես վարչապետի պաշտոնակատար: Նա առաջինն էր, որ դասական իմաստով ձեւավորեց կառավարություն: Ամենաէականը, որ արվեց Գ. Հարությունյանի վարչապետության շրջանում՝ այսպես կոչված, ազգային բյուրոկրատիայի ձեւավորումն էր: Ունենալով Կենտկոմի տեսուչի փորձ՝ նա նախ խույս տվեց հնարավոր բախումներից, ապա սկսեց ձեւավորվել պետականություն ասվածը: Հիմա գուցե ծիծաղելի թվա, բայց այն ժամանակ կառուցողական աշխատանք էր համարվում նույնիսկ կառավարության նիստ կազմակերպելը:

Լինելով շատ զգուշավոր մարդ ու չլինելով ՀՀՇ անդամ՝ Գ. Հարությունյանը լուրջ աշխատեց, որ տնտեսության ազատականացմանն ուղղված որոշակի գործընթացներ դանդաղեն: Անշուշտ, այդ ընթացքում քայլեր արվեցին հարկային ծառայության, սեփականաշնորհման գործընթացի ուղղությամբ, այնուամենայնիվ, այդ մեկ տարում շատ ավելին կարելի էր անել եւ հիմք դնել երկրի ինստիտուցիոնալ զարգացմանը, քան արվեց:

\"\"Թվում էր, թե Գ. Հարությունյանից հետո վարչապետ պետք է նշանակվեր Հրանտ Բագրատյանը, սակայն նա լինելով շատ էմոցիոնալ, էքսցենտրիկ, շատ խելացի եւ հաճախ սուբյեկտիվ մարդ, դեռեւս կասկած էր առաջացնում նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի մոտ, հետեւաբար 1992թ. վարչապետ նշանակվեց համեմատաբար երիտասարդ եւ կոմունիստական նոմենկլատուրայի հետ համեմատաբար քիչ կապված Խոսրով Հարությունյանը: Իսկ Հ. Բագրատյանը վարչապետ նշանակվեց միայն մեկ տարի անց՝ 1993թ., երբ արդեն ՀՀՇ-ն, այսպես ասած, փորձել էր 2 պրոֆեսիոնալ ադմինիստրատորների: Խ. Հարությունյանը հմուտ էր, փորձառու, ավելի գործնական, քան Գ. Հարությունյանը եւ, ռուսների ասած՝ տիպիկ «խոզյայստվենիկ էր»: Խ. Հարությունյանին նույնպես «հաջողվեց» քիչ բարեփոխումներ անել, պլանային տնտեսությունից դեպի ազատ շուկայական տնտեսության անցման տեմպերը շատ դանդաղ էին: Խ. Հարությունյանի ամենամեծ ներդրումն այն էր, որ նա թույլ չտվեց երկրում սով սկսվի: Հիշեցնենք, որ այդ շրջանում օր կար, երբ մեր պետությունն ընդամենը մեկ օրվա հացի պաշար ուներ: Եվ, կարելի է ասել, Խ. Հարությունյանի անձի շնորհիվ էր, որ հաջողվեց Ադրբեջանի հետ պատերազմի պայմաններում Թուրքիայի կառավարության հետ հանապազօրյա հացի խնդիր լուծել:

1993թ. փոխվարչապետ Բագրատյան-վարչապետ Հարությունյան կոնֆլիկտը դարձավ անլուծելի, պատճառը նույնն էր՝ ինչ Գագիկ Հարությունյանի դեպքում: Լինելով ազատ, լիբերալ տնտեսության ու բարեփոխումների կողմնակից, Հրանտ Բագրատյանը չէր կարողանում հանդուրժել զույգ Հարությունյանների պահպանողականությունն, ու տնտեսության անցման տեմպերի դանդաղեցմանն ուղղված նրանց կոնկրետ գործողությունները: Հայաստանի տնտեսությունը մեծ քայլերով հետ էր մնում ոչ միայն համաշխարհային տնտեսական զարգացման միտումներից, այլ նույնիսկ՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում իրականացվող բարեփոխումներից:

\"\"1993 թ. ԱԺ-ն չհաստատեց Խ. Հարությունյանի գլխավորած կառավարության ծրագիրը, որի պատրվակով էլ Խոսրով Հարությունյանը հրաժարական տվեց ու վարչապետ նշանակվեց Հրանտ Բագրատյանը: Հիմնական տնտեսական բարեփոխումներն էլ հենց իրականացրեց Հրանտ Բագրատյանի կառավարությունը: Ձեւավորվեցին ազատական տնտեսության համար անհրաժեշտ գրեթե բոլոր ինստիտուցիոնալ կառույցները՝ ներդրվեցին բանկային, հարկային եւ մաքսային համակարգերը, իրականացվեցին ագրարային բարեփոխումները, ազատականացվեցին հացի գները, ներդրվեց ազգային արժույթը, կատարվեց, այսպես կոչված, մեծ սեփականաշնորհումը: Ամենակարեւորը կայացավ մասնավոր հատվածը՝ սեփականատիրոջ զանգվածի ձեւավորմամբ: Հիշենք, որ այն ժամանակ ամբողջ տնտեսությունը փլուզված էր, չէին գործում ոչ միայն խորհրդային արդյունաբերական համակարգերը, այլեւ հնացել էին դրանք կառավարելու մեթոդները: Պետությունը այլ ելք չուներ, քան գնալ տնտեսության ազատականացման ճանապարհով, որի համար չկային ոչ միայն անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցներ, այլ նույնիսկ ամենաէականը՝ կապիտալ:

Փորձագետների գնահատմամբ, Բագրատյանի կառավարությունում, անշուշտ, կային բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, ավելին՝ բոլոր 10 կառավարությունների գործունեությունը գնահատելիս նրանք արձանագրում են, որ թերեւս ամենաշատ սխալվել է Հրանտ Բագրատյանը՝ այն պարզ պատճառով, որ հենց նրա գլխավորած կառավարությունն է կոնկրետ տնտեսական ու արմատական բարեփոխումներ իրականացրել: Անշուշտ, ներհհշական պրոբլեմները պարզապես ստվերեցին տնտեսական բարեփոխումները: Հենց այն ժամանակ ձեւավորվեցին կոռուպցիայի, մոնոպոլիայի, օլիգարխիայի հիմքերը: Բոլոր այն հիվանդություններով, որով հիմա տառապում է Հայաստանի տնտեսությունը՝ սկիզբ առան հենց ՀՀՇ-ի իշխանության տարիներին:

Հ. Բագրատյանը վարչապետի պաշտոնը թողեց 1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ երկրորդ անգամ նախագահ դարձած Լեւոն Տեր- Պետրոսյանը վարչապետի պաշտոնում աշխատելու համար Անգլիայից Հայաստան հրավիրեց այն ժամանակ հասարակությանը քիչ հայտնի Արմեն Սարգսյանին:

\"\"Արմեն Սարգսյանը, ապա լուսահոգի Վազգեն Սարգսյանն ու իր եղբայր Արամ Սարգսյանը պաշտոնավարեցին ընդամենը մի քանի ամիս, հետեւաբար անիմաստ է նրանց մասին խոսել որպես գործադիր իշխանության ղեկավարների: Պարզապես նշենք, որ Արմեն Սարգսյանի նշանակումից հետո ժողովրդի մեջ արմատավորվեց «վարչապետ» տերմինը, թեպետ նա ազնիվ ու բարոյական մարդ էր, բայց \"\"հասարակության հիշողության մեջ մնաց որպես Վազգեն Սարգսյանի ապտակին «արժանացած» մարդ: Վազգեն Սարգսյանի անձնական գործոնը բանակի եւ մեծ հաշվով պետության կայացման գործում այնքան մեծ էր, որ այդ մի քանի ամիսները դեր չխաղացին հ\"\"ասարակության հիշողության մեջ որպես վարչապետ մնալու գործում, այդպես էլ մինչ օրս մարդկանց մեջ պահպանվում է Վազգեն Սարգսյան-Սպարապետի կերպարը:

Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանին, կարծում ենք, որ իրենից լավ ոչ ոք չի կարող բնութագրել իրեն. մի առիթով Արամ Սարգսյանն իր մասին ասել է՝ մարդ, որ չգիտեր անգամ ինչպես են կառավարություն մտնում ու դուրս գալիս, ուր մնաց թե կառավարություն ղեկավարեր:

Գրեթե մեկ տարի՝ 1997-1998թթ. վարչապետի պաշտոնը վարեց Ռոբերտ Քոչարյանը: Փորձագետների գնահատմամբ, դժվար է այդ մեկ տարին Ռ. Քոչարյանին գնահատել զուտ որպես վարչապետ, քանի որ պաշտոնավարության վերջին 4-5 ամիսներն ամբողջությամբ նվիրված էր պետության ներքաղաքական իրավիճակի փոփոխությանը: Այդուհանդերձ, նույն փորձագետների գնահատմամբ, նա կարողացավ շարունակել երկրում սկսած տնտեսական բարեփոխումները՝ ուշադրությունը սեւեռելով բյուջետային եկամուտների հավաքագրմանը, սոցիալական վիճակի հնարավորինս մեղմացմանը:

\"\"Ռ. Քոչարյանին մեծապես օգնեց նաեւ թիկունքը ապահովված լինելու հանգամանքը, հիշո՞ւմ եք մի առիթով նրա ասած «իմ համար չկան անձեռնմխելի մարդիկ ու անձեռնմխելի ընտանիքներ» խոսքերը: Ռ. Քոչարյանի վարչապետության օրոք սկսվեցին մասնավորեցման այնպիսի խոշոր գործարքներ, ինչպիսիք են Երեւանի կոնյակի գործարանը եւ կապի համակարգը: Անշուշտ, այդ գործում մեծ դերակատարություն ուներ նաեւ այն ժամանակվա ֆինանսների նախարար Արմեն Դարբինյանը, որն էլ 1998-1999 թթ. տնտեսական բարեփոխումների գործընթացը շարունակեց արդեն վարչապետի պաշտոնում:

Ի տարբերություն նախորդ կառավարությունների, Արմեն Դարբինյանի ղեկավարած կառավարությունն առաջինն էր, որ կոչվեց արհեստավարժների, եթե հիշում եք՝ այս բառը շրջանառության մեջ մտավ հենց այս կառավարության օրոք: Արդարացի լինելու համար նշենք, որ թեպետ արհեստավարժ որակմանը՝ այս կառավարությունում իրական արհեստավարժների թիվը ընդամենը 4-5-ն էր, մյուս նախարարները դարձյալ քաղաքական իրավիճակի թելադրանքի արդյունք էին: Ա. Դարբինյանի կառավարությունն առաջինն էր, որ կատարեց պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի պահանջները՝ բյուջեն: Այս կառավարությունն էր, որին հաջողվեց բարելավել մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, բյուջետային եկամուտների հավաքման վիճակը՝ հիմքեր ստեղծելով սոցիալական ոլորտի հետագա բարելավման համար: Բացի այդ, տրվեցին բազմաթիվ խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ, մասնավորապես՝ բնակչությունից վճարների հավաքագրումը տեղափոխվեց բանկային համակարգ, ներդրվեց գանձապետական համակարգը, որով կանոնակարգվեց աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարային համակարգը, ավտոմատացվեց ջրային համակարգը: Սակայն Արմեն Դարբինյանի կառավարության գոյության կարճատեւության՝ մեկուկես տարի, պատճառով կիսատ մնացին բոլոր բարեփոխումները, այնպես, ինչպես Հրանտ Բագրատյանի կառավարության դեպքում:

Առհասարակ, եթե համեմատելու լինենք նախորդ 9 կառավարությունները, կարելի է արձանագրել, որ Հրանտ Բագրատյանի եւ Արմեն Դարբինյանի կառավարությունները բավական նմանություններ ունեին ոչ միայն այն առումով, որ երկուսն էլ վարչապետ դարձան շատ երիտասարդ՝ ընդամենը 33 տարեկանում, այլեւ նրանք երկուսն էլ լիբերալ մտածողության ու բարեփոխումների կողմնակից էին, որոնց քայլերը շատ հաճախ դիմադրության էին հանդիպում ոչ միայն հասարակության, կամ ոչ այնքան հասարակության կողմից, որքան այդ հասարակությանը պոպուլիզմով «սնուցող» պահպանողական ու ցանկացած բարեփոխմանը դեմ պատգամավորների ու այլ քաղաքական ուժերի կողմից:

\"\"Հ. Գ. Մեր վերլուծությունն արդեն պատրաստ էր տպագրության, երբ հանկարծամահ եղավ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը: Անշուշտ, նրա վարչապետության շրջանին, ընդ որում՝ ներկա ժամանակով, եւս անդրադարձել էինք, սակայն անժամանակ մահվան պատճառով մեր մամուլը պարզապես հեղեղվեց Անդրանիկ Մարգարյանի գործունեության վերլուծություններով, ուստի որոշեցինք ձեռնպահ մնալ այդ մասին որեւէ գնահատական հրապարակելուց:ՀՀ 11-րդ վարչապետ Սերժ Սարգսյանի գործունեությանը, թերեւս, անդրադառնանք վարչապետների հաջորդ «թեժ տասնյակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930