Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴՊԵՍ ԱՊՐԵԼՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է

Հունիս 11,2007 00:00

\"\"Այդ կարծիքին են թմրադեղեր օգտագործողները

«Երբ իմացա ՄԻԱՎ ունեմ՝ էդքան էլ չվախեցա, սպասում էի դրան, որովհետեւ 15 տարվա դեղ անող էի, սաղ կյանքս արտասահմաններում եմ եղել, շփվել եմ նարկոմանների հետ, դրանց 90 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր ա, վարյանտ չէր, որ ես էլ չվարակվեի: Ես լավ էլ հասկանում էի, որ նույն ասեղներից կամ նույն ամանի մեջից դեղ վերցնելիս՝ կարող է վարակվեմ: Էդ անգամ շատ վատ էի, ինձ վռազ պետք էր սրսկվել: Գնացի, որ իմ ծանոթների հետ սրսկվեմ: Թարսի նման սարոշկես փոխել էի ու շպրիցը մնացել էր ջեբը: Գիտեի, որ նրանցից մեկը վարակակիր է, դրանից չուզեցի, էն մեկին հարցրեցի՝ ՄԻԱՎ ունի, թե չէ, ասեց՝ չունի, ես էլ արխային վերցրեցի իրա շպրիցն ու սրսկվեցի: Ես հաստատ իրանից եմ վարակվել, բայց ինձ թվում ա՝ ինքն էլ չգիտեր, որ վարակակիր ա: Էդ ժամանակ Եվրոպայում էի ապրում, հետո գնացի Ռուսաստան եւ այնտեղ էլ իմացա, որ վարակված եմ: Առաջինը կնոջս ասեցի, որովհետեւ գիտեի, որ ինձ կհասկանա: 2002թ. եկա Հայաստան, որ թարգեմ: Էլ դեղ չեմ անում»,- «Առավոտին» այսպես սկսեց պատմել իր մասին նախկին թմրամոլ Արսենը:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ մեր երկրում ՄԻԱՎ վարակը հիմնականում փոխանցվում է թմրամիջոցների ներարկիչների միջոցով: Ընդ որում՝ վարակվածները 20-39 տարեկան երիտասարդներ են, որոնց մեծ մասը վարակվել է Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Արսենի ներկայացմամբ, ինքը սկսել է թմրադեղ օգտագործել 19 տարեկանում. «Առաջին անգամ նարկոտիկի համը փորձել եմ Հայաստանում, բայց այդ ժամանակ միշտ չէի օգտագործում եւ դեղից կախվածության մեջ չէի, բայց երբ գնացի Մոսկվա՝ սկսեցի ավելի հաճախ օգտագործել: Էն ժամանակ Մոսկվայի բազարներում թուրքերն էին նարկոտիկներ ծախում ու 5 գրամանոց ֆլակոնը 50 ռուբլի էր, դե, իմ գործերն էլ լավ էին, միշտ էլ ձեռս փող կար, ես էլ ջահել էի, օրգանիզմս առողջ էր, ու ըտենց քիչ-քիչ դեղից կախվածության մեջ ընկա, չհասկացա էլ ոնց: Բոլոր սկսնակներն էլ մտածում են, երբ ուզեն՝ կթարգեն: 90 թվից սկսել եմ ստաբիլ ամեն օր անել ու տենց 15 տարի՝ օր օրի դոզան ավելի շատացնելով: Էդ ժամանակ ապրում էի՝ որ դեղ անեի, անում էի՝ որ ապրեի: Ես մի քանի անգամ փորձել եմ թարգել, ուրիշ դեղամիջոցներ եմ առել, որ ցավերի ժամանակ խմեմ, մի անգամ բերդ եմ ընկել, 4 պատի արանքում, որ գիտես հնարավոր չի դեղ ճարելը, միայն մտածում ես սրանից շուտ պրծնես, ուրիշ ելք չունես: Չես անում էնքան ժամանակ՝ մինչեւ դուրս գաս բերդից: Մտածում ես՝ լավ, էս մի անգամն էլ անեմ, էլ չեմ անի, կամ մտածում ես՝ էսօր անեմ, վաղն ավելի քիչ կանեմ, մյուս օրը չեմ անի, բայց թարգելու համար պիտի միջավայրը փոխես, էդպիսի մարդկանց չտեսնես ու նրանց հետ չշփվես: Ես արդեն զզվել էի: Տարիներ շարունակ վազքի մեջ, մտածում ես գիշերվա դոզան ունե՞ս, առավոտվանն ունե՞ս: Լույսը բացվում է՝ վազում ես մի հատ թաքուն տեղ. զուգարան կամ բաղնիք, որ վռազ դեղն անես, թե չէ հեսա կվատանաս: Էլ անտանելի էր էդպես ապրելը: Մի խոսքով՝ թմրամոլությունը չարիք է»:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը Երեւան քաղաքի թմրամիջոցներ ներարկային օգտագործողների շրջանում» ծրագրի ղեկավար Վահե Բաբախանյանի ներկայացմամբ, որպես կանոն՝ 1 թմրամոլը տարեկան 17-18 մարդ է ընդգրկում իր շրջապատի մեջ:
35-ամյա Գարիկին էլ թմրամոլները 18 տարեկանում ներքաշել են իրենց շարքերը. «Սկզբում պլան էի ծխում: Ընկերներ ունեի, որոնք բարեկամներ ունեին Հոկտեմբերյանի գյուղերում, ընդեղից էինք կանեփ ճարում: Ու կակ պրավիլա, դրանից հետո գալիս են կոդեին պարունակող տաբլետկեքը: Սովետի տարիներին դրանք շատ հեշտ էր ճարելը: Ոնց որ լյուբոյ թմրադեղ, դա էլ սկսում էինք օրը մի անգամ, հետո՝ ավելի շատ: 10-15 կոճակով կոկտեյլ էինք սարքում ու խմում: Հետո անցա լուրջ նարկոտիկների»: Գարիկի պատմելով, փորձառու թմրամոլները նորեկներին գայթակղում էին՝ ասելով.
«Հերոինը, կոկաինը լրիվ ուրիշ կայֆ ա, մենք էլ մտածում էինք՝ բա չփորձենք: Օրերից մի օր էլ փորձեցինք: Սկսեցի մորֆիից, տրամադոլից, այս դեղն էն ժամանակ «ռակով» հիվանդներին էին տալիս, իրանցից էլ առնում էինք, ամպուլան 10 ռուբլով»: Մեր հարցին, թե այն ժամանակ դժվար չէ՞ր օրական 10 ռուբլով թմրադեղ հայթայթելը, Գարիկը պատասխանեց. «Ջահել էինք, ես էլ կենտրոնում մեծացած տղա եմ, շրջապատ ունեի, ընկերներ, իրանց պապաներն էլ միշտ փող էին տալիս, կամ էլ շրջապատում մեկը բերում էր ու առաջարկում, հավաքվում՝ գումարը ճարում էինք: Համ էլ ուղեղներս աշխատում էր, արտասահմանյան շմոտկեքն էլ քիչ էին, գիտեինք ով ինչ է բերում, մի տեղից առնում՝ մի ուրիշ տեղ թանկ ծախում էինք: Ոնց էլ ըլներ՝ ձեռներս փող ընկնում էր»: Գարիկն էլ, սեփական փորձից ելնելով, վստահեցնում էր, որ թմրադեղ օգտագործելու սկզբնական շրջանում կախվածությունն այդքան էլ մեծ չէ. «Դա հենց այն խաբուսիկ շրջանն է, որ բոլորը մտածում են, թե երբ ցանկանան՝ կթարգեն: Սկզբում կարող է մի անգամ սրսկվես, 10 օր չանես, մտածում ես՝ լավ, մի անգամ էլ անեմ, էլ չեմ անի, ու արդեն ինքը քեզ միանգամից բռնում է: Դրա կայֆն անհնար է նկարագրել:
Մի քանի ամիս օգտագործելուց հետո հաճախականությունը ավելանում է՝ 2 օրը մեկ, հետո՝ ամեն օր ու օրը մի քանի անգամ: Առավոտը զարթնում ես՝ քեզ ջարդված ես զգում, ամբողջ մարմինդ ցավում է, քթիցդ սկսում է հոսել, փորլուծություն ես ունենում, էդ լոմկեն ա: Լոմկի ժամանակ մարդ իրան ոչ ադեկվատ է պահում, դոզայի համար ամեն ինչի ընդունակ է, չնայած ուղեղը նորմալ աշխատում է, ու դու ստիպված պիտի նորից սրսկվես, որ քեզ նորմալ մարդ զգաս, դրանից հետո էլ նորից անես, որ արդեն կայֆ ստանաս»: Գարիկն արդեն 5 տարի է՝ թմրադեղ չի ընդունում: Եղել է, որ 7 տարի չի ընդունել, բայց հետո չի դիմացել գայթակղությանը. «Իմ կարծիքով՝ թարգելը հեշտ է, նորից չսկսելն է դժվար: Ֆիզիկական ցավերին դիմանալը մի քիչ ավելի հեշտ է, բայց հոգեբանական կախվածությունից գրեթե անհնար է ազատվել: Դա ուղեղիդ մեջ է ու դուրս չի գալիս: Ինձ մի անգամ բռնեցին-տարան նարկոդիսպանսեր, 45 օր պահեցին, դեղ չէի անում, իրենք քնաբեր էին սրսկում, որ քնեի, բայց մեկ ա, գիտեի, որ դուրս գամ՝ էլի անելու եմ: Մի անգամ էլ բանակ տանելու ժամանակ կամիսիան ստուգեց, թեւերս տեսավ ու էլի նարկոդիսպանսեր ուղարկեց, էլի մի 45 օր պառկեցի, էնտեղից դուրս եկա ու փախա Ռուսաստան: Դե, Ռուսաստանում էլ թմրադեղերը համ էժան էր, համ էլ ճարելը դժվար չէր: Մի բան կարող եմ ասել. ստիպողական թարգել հնարավոր չի: Մարդ ինքը պիտի գիտակցի, որ լավ բան չի անում. կամ դրա վերջը մահն է, կամ էլ շատ լուրջ պատճառ պետք է ունենա թարգելու համար: Թարգելուց հետո էլ կարեւոր է, որ ճիշտ շրջապատ ունենաս, ինչ-որ ստիմուլ է պետք՝ ընտանիք կամ ընկերներ, կամ՝ սեր, մի լուրջ բան, որ շեղի դրանից, թե չէ լյուբոյ մոմենտ կարաս նորից սկսես»: «Առավոտի» հարցին՝ եթե իմանար թմրադեղերի կործանարար հետեւանքների մասին, կդիմե՞ր այդ քայլին, Գարիկը պատասխանեց. «Չգիտեմ, գուցեեւ անեի: Չնայած ես փոքր ախպեր ունեմ ու ոչ մի դեպքում չեմ թողի, որ ինքը անի, համ էլ իմ տանջանքները տենալով՝ ինքը չի անի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել