Չնայած դրան, մայրաքաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել լցնովի պաղպաղակի վաճառքի կետերի:
Ամեն տարի Երեւանի քաղաքապետարանն արգելում է փողոցներում լցնովի պաղպաղակի վաճառքը՝ պատճառաբանելով, որ պաղպաղակի այդ տեսակը հակահիգիենիկ պայմաններում է պատրաստվում եւ վաճառվում: Բացի այդ, առողջապահության նախարարությունն ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ այդ պաղպաղակի հումքը վնասակար է մարդու առողջությանը: Այսօր էլ Երեւանի փողոցներում, հատկապես ծայրամասերում, բացեիբաց գործում են լցնովի պաղպաղակի բազմաթիվ վաճառակետեր եւ ոչ ոք դրանց գործունեությանը չի խոչընդոտում: Ամռան շոգին շատերը նախընտրում են օգտվել այդ պաղպաղակներից, քանի որ փաթեթավորված պաղպաղակների համեմատությամբ այն էժան է:
Այս առնչությամբ, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանն ասաց, որ մայիսի կեսերից սկսած՝ Երեւանի քաղաքապետարանի եւ գյուղատնտեսության նախարարության համապատասխան տեսչությունների աշխատակիցները, ոստիկանության հետ համատեղ, շրջայցեր են կատարում՝ ոչ միայն լցնովի պաղպաղակների, այլեւ փողոցում առանց փաթեթավորման, շուտ փչացող սննդամթերքի վաճառքն արգելելու նպատակով: Կ. Գեւորգյանի խոսքերով. «Այդ պաղպաղակի համար նախատեսված սարքավորումները հիմնականում պատկանում են ոչ թե իրավաբանական, այլ ֆիզիկական անձանց, ինչը թույլ չի տալիս վաճառողների նկատմամբ վարչական տույժեր կիրառել, հետեւաբար նման սննդամթերքի վաճառքն արգելելու համար այլ մեթոդներ են կիրառվում, այդ թվում՝ ուժային: Այսինքն՝ եթե զգուշացումներից հետո մարդիկ շարունակում են անթույլատրելի գործունեությամբ զբաղվել, ոստիկանության կողմից սարքավորումները առգրավվում են»: Վարչության պետի տվյալներով, վերջին շրջայցերի ժամանակ լցնովի պաղպաղակի 8 սարքավորում է առգրավվել: Առողջապահության նախարարության տվյալներով, Երեւանում լցնովի պաղպաղակի 21 կետ է գործում, սակայն, ըստ Կ. Գեւորգյանի, դրանց թիվն իրականում ավելի շատ է: