Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՊՈԹԵՔԸ ՄԱՏՉԵԼԻ ՉԷ

Հունիս 11,2007 00:00

Վարկավորման այս տեսակից օգտվում են միայն մեծահարուստները

Հիպոթեքային վարկավորումը Հայաստանի բնակչության միջին խավի համար դեռեւս անհասանելի է: Չնայած տարեցտարի հիպոթեքի տոկոսադրույքները նվազում են, սակայն դա որեւէ կերպ չի նպաստում, որպեսզի ավելի շատ հաճախորդներ օգտվեն վարկավորման այս տեսակից, քանի որ, տոկոսադրույքների իջեցմանը զուգահեռ, Հայաստանում բարձրանում են անշարժ գույքի գները: Այդ պատճառով էլ մի շարք տնտեսագետներ գտնում են, որ մեր երկրի հիփոթեքային շուկան հիմնված է արհեստական գների վրա: Այսինքն՝ ոչ թե շուկան ինքն է թելադրում վարկավորման տոկոսադրույքները, այլ՝ վարկատուներն իրար մեջ պայմանավորվում են եւ արհեստական գին որոշում: «Տները թանկացել են շատ ավելի՝ գրեթե 20%-ով, բայց բանկերի կողմից տրվող հիպոթեքային տոկոսներն այս տարի մնացին անփոփոխ: Անհասկանալի է, թե ինչպես է բանկը կարողանում վարկ տրամադրել 10%-ով ու չսնանկանալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նա կարծում է, որ մեր երկրում վարկավորման այս տեսակի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է. «Մեզ մոտ հիպոթեքային շուկան հիմնված է արհեստական գների վրա: Այն առաջին հերթին պետք է նպաստի երիտասարդ ընտանիքների կայացմանը, սակայն գործնականում դա անհնարին է: Վարկավորման պայմաններն այնքան բարդ են, որ միայն փաստաթղթային ձեւակերպումների համար 2 ամսից ավելի ժամանակ է հարկավոր: 2 հարկանի բնակարան կառուցելու համար նախ պետք է առաջին հարկի նախագիծը հաստատել, ապա Կադաստրից տեղեկանք վերցնել, տասնյակ փաստաթղթեր ձեւակերպել, ու եթե մի կերպ հաջողվի վարկ ստանալ, նույն քաշքշուկի մեջ ես հայտնվում նորից երկրորդ հարկի կառուցման ժամանակ»:

Հիպոթեքային վարկ ստանալու համար գրավի առարկա է հանդիսանում միայն այն անշարժ գույքը, որը պետք է ձեռք բերվի: Սակայն Հ. Բագրատյանը սա համարում է անտրամաբանական. «Որպես գրավի առարկա պետք է հանդիսանա ոչ միայն տվյալ անշարժ գույքը, այլ նաեւ պետության երաշխիքը: Դեռ ավելին, պետությունը նորաստեղծ ընտանիքների համար պետք է որոշակի զեղչեր սահմանի, սակայն այս հարցերով ոչ ոք չի զբաղվում»:

ՀՀ-ում գործող գրեթե բոլոր բանկերը հիպոթեքային վարկավորման ծրագիր են իրականացնում: Վարկը տրամադրվում է տարեկան միջինը 14% տոկոսադրույքով: Բնակարան գնելու համար այսօր պահանջվում է միջինը 18 մլն դրամ (50.000 դոլար): Մինչեւ 10 տարի մարման ժամկետով այսպիսի գումար բանկից որպես հիպոթեք ստանալու համար հաճախորդը, բացի հիմնական գումարից, միայն տոկոս՝ պետք է վճարի ամսական 210.000 դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ 2 միլիոն 520.000 դրամ:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ-ում բնակվող մեկ մարդու միջին աշխատավարձը կազմում է 70.214 դրամ: Այսինքն՝ աշխատող մարդը մեկ տարվա ընթացքում կարող է վաստակել միջինը 842.000 դրամ: Մինչդեռ այս գումարով միջին եկամուտ ունեցող քաղաքացին չի կարող բնակարան գնելու համար հիպոթեք ստանալ: Այս առնչությամբ «Առաջին հիպոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Դավիթ Աթանեսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ում համախառն ներքին արդյունքի մեջ հիպոթեքային վարկավորումն ընդամենը 1.3% է կազմում, ապա ակնհայտ է, որ այս տեսակի վարկավորման պահանջները միջին խավի համար միանշանակ մատչելի չեն: Զարգացած երկրներում այս ցուցանիշը կազմում է մոտ 70%: Եթե հաճախորդը անգամ վերանորոգում կատարելու համար դիմում է բանկ վարկավորում ստանալու, ապա նրա նվազագույն եկամուտը պետք է լինի գոնե 200.000 դրամ: Ճիշտ է, հաշվի են առնվում նաեւ ընտանիքի մյուս անդամների եկամուտները: Բայց անգամ այս դեպքում հիպոթեքը բնակչության միջին խավի համար մնում է անմատչելի»: Դավիթ Աթանեսյանը նշում է նաեւ, որ մինչ այսօր Հայաստանում հիպոթեքային վարկ է տրամադրվել 30 միլիարդ դրամի չափով, մինչդեռ, ըստ իրենց կազմակերպության հաշվարկների, կա 500 միլիարդ դրամի պահանջարկ:

Մեր երկրում մատչելի չեն ոչ միայն հիպոթեքային վարկերի տրամադրման պայմանները, այլեւ խիստ բարդեցված են փաստաթղթային ձեւակերպումները: Գործընթացը տեւում է ամիսներ, բացի այդ՝ այն շատ ծախսատար է: Այսպես, միայն անշարժ գույքի գնահատման համար պետք է վճարել 25-30.000 դրամ, նոտարական վավերացման համար՝ մոտ 25.000 դրամ, բանկային փոխանցման վճարը կազմում է 18.000 դրամ, վարկի ձեւակերպման նվազագույն վճարը 75.000 դրամ է: Պետք է վճարել նաեւ բանկային բրոքերին, գույքի եւ կյանքի ապահովագրության, գրավի վկայականի ու նաեւ այլ հարակից ծախսերի համար: Ընդհանուր գումարը, որը պետք է նախատեսել միայն վարկային սկզբնական գործընթացը կազմակերպելու համար՝ կազմում է մոտ 300.000 դրամ: Բացի այս, վարկառուն պետք է ներկայացնի նաեւ մոտ 17 տեսակի փաստաթուղթ՝ սկսած վարկառուի աշխատանքի վայրից՝ ստաժի, պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքից մինչեւ ամուսնության վկայական ու գրավադրվող գույքի գնահատման հաշվետվություն:

«Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի համոզմամբ. «Հիպոթեքը վարկավորման մի տեսակ է, որը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ունեն կայուն եկամուտ եւ կարող են պահպանել այդ կայունությունը»: Վիճվարչության տվյալներով՝ ՀՀ-ում կայուն եկամուտ ստանում է բնակչության ընդամենը 11%-ը: Նկատենք, որ կայուն եկամուտը դեռեւս հիպոթեք ստանալու երաշխիք չէ: Ճիշտ է՝ եկամուտը կայուն է, բայց վարկով բնակարան գնելու համար խիստ անբավարար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել