Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը»՝ հուլիսի 9-ից

Հունիս 11,2007 00:00

Փառատոնը նոր «թափ է հավաքում»

Երեկ «Երեւան» հյուրանոցում ասուլիս էին հրավիրել «Ոսկե ծիրան» 4-րդ միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, գեղարվեստական տնօրեն եւ «Ռեժիսորներ առանց սահմանի» բաժնի ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Կինոյի տոնը կսկսվի հուլիսի 9-ին, ու, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես բացման արարողությունից առաջ Շարլ Ազնավուրի հրապարակում կկայանա ծիրանօրհնեքի արարողություն: Պրեմիերաների շարքը սկսվելու է աշխարհահռչակ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմի երեւանյան նորամուտով, որի համաշխարհային պրեմիերան էլ տեղի է ունեցել վերջերս՝ «Բեռլինալեում»: Երեւան են ժամանելու ֆիլմի սցենարի իտալահայ հեղինակ Անտոնիա Արսլանը, դերակատարներից Արսինե Խանջյանը եւ ֆրանսիացի հայտնի դերասան, «Սեզարի» մրցանակակիր Չեքի Կարիոն:

Հարություն Խաչատրյանը խոսելով հովանավորների ու աջակիցների մասին, փաստեց. «Լավ է, որ ընտրություններից հետո մշակույթի հանդեպ գործարարների ու կառավարության հետաքրքրությունը չի մարել»: Այնուհետեւ նշեց, որ այս տարի 340 մասնակցության հայտ է ներկայացվել՝ աշխարհի 53 երկրից: Փառատոնը կունենա 2 հիմնական ծրագիր. միջազգային՝ խաղարկային եւ վավերագրական կինոյի մրցույթ, եւ ազգային՝ «Հայկական համայնապատկեր»: Պրն Խաչատրյանի ձեւակերպմամբ, այն չարագուշակները, որոնք ասում են, թե հայկական կինոն հոգեվարքի մեջ է, սխալվում են, վկան՝ «Հայկական համայնապատկերի» ֆիլմերը: Այս տարի «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները «Հայկական համայնապատկերի» մրցութային ծրագրի ընտրության իրավունքը վերապահել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանը, որի անդամներից կազմված հանձնաժողովն էլ, Ռուբեն Գեւորգյանցի գլխավորությամբ, մասնակցության հայտ ներկայացրած 62 ֆիլմից ընտրել է 22-ը: Իսկ մրցութային ծրագրում ներառված ֆիլմերը գնահատելու է կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի գլխավորած ժյուրին, որի կազմում ընդգրկվել են Հայաստանի եւ Սփյուռքի կինոգործիչներ: Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ պետությունը «Ոսկե ծիրանի» բյուջեին հատկացրել է 50 մլն դրամ, որը, ըստ Հ. Խաչատրյանի, ավելի քիչ է, քան գլխավոր հովանավոր «ՎիվաՍելլի» հատկացրածը: Իսկ ընդհանրապես միջազգային փոքր կինոփառատոներին 10 անգամ ավելի գումար է պետք: Մ. Ստամբոլցյանն էլ տեղեկացրեց, որ խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում, ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս կլինեն անվանի կինոռեժիսորների նոր ֆիլմեր:

Ս. Հարությունյանն ասաց, որ այս տարի կգործի 2 միջազգային ժյուրի. «Սա ապացույցն է «Ոսկե ծիրանի» մասին բարձր կարծիքի ու փառատոնի վարկանիշի»: 2007-ի նորություններից է «Նոր հայկական կինո» փառատոնային ծրագիրը, որտեղ ներկայացված են Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին», Հովիկ Գալստյանի «Խճողված զուգահեռներ», Գագիկ Հարությունյանի «Խնկարկում», Արտակ Սեւադայի «Որպես սկիզբ» եւ Արամ Շահբազյանի «Մի վախեցիր» ֆիլմերը, որոնք դիտելու հնարավորություն կստանան նաեւ արտերկրի ֆիլմարտադրողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել