Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՅՐԻ» ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հունիս 11,2007 00:00

\"\"Նկարչուհի Անիտա Առաքելյանը իրեն համարում է ֆովիզմի իսկական հետեւորդ՝ բառի ուղղակի եւ փոխաբերական իմաստներով:

Վերջին տարիներին մասնագետների շրջանում հոլովվում է նկարչուհի, ավանգարդիստական ֆովիզմ ուղղության հայաստանյան եզակի (եթե ոչ եզակիներից) ներկայացուցիչ Անիտա Առաքելյանի անունը:

«Առավոտը» հյուրընկալեց արվեստագետին: Խնդրեցինք նախ ներկայացնել, թե ինչ ասել է ֆովիզմ ուղղություն: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ երբ 1905թ. Փարիզի անկախների սալոնում ցուցադրվեցին այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մատիսը, Մարքեն, Ռուոն, Դերենը եւ այլք, քննադատները նրանց վառ գունային արվեստը որակեցին ֆովիզմ, որը ֆրանսերենից (fauve) թարգմանաբար նշանակում է վայրի: «Ի տարբերություն գերմանացի էքսպրեսիոնիստների, ֆովիստները կոնկրետ ծրագիր, որպես այդպիսին, չեն ունեցել: Եղել է զուտ բողոք 19-րդ դ. գեղագիտական ավանդույթների դեմ: Նրանք խմբվել են կերպարային հակիրճ բանաձեւումների, կոլորիտի լարված հակադրությունների, կոմպոզիցիոն սուր մտքերի շուրջ»,- հայտնեց նկարչուհին, շարունակելով, որ 1950-60թթ. ֆովիստները ի հայտ են եկել Գերմանիայում, ավելի ուշ՝ ԽՍՀՄ-ում: Հետաքրքրությանը, թե այս ուղղության ժամանակակից ստեղծագործողների գործերն իրենցից ի՞նչ են ներկայացնում, Ա. Առաքելյանն ասաց. «Արդարության հաստատման գործում մենք էլ մեր արվեստով ենք պայքարում: Ինչ խոսք, առավել դժվար է հատկապես կնոջ համար, երբ ապրում, ստեղծագործում ու հաստատվում ես մի հասարակությունում, որտեղ գերակա դերը վերապահված է տղամարդկանց: Իմ ստեղծագործությունների առանցքում կնոջ մենության եւ հասարակության բախումն է: Կարծում եմ, որ, անկախ որեւէ ուղղությունից ու իզմից, նկարչի գործերը պիտի արտահայտեն նրա հոգու մաքրությունը»: Անիտա Առաքելյանի հավաստմամբ, ֆովիստներին հատուկ են վառ գույները, մանկական «չարաճճիությունն» ու անսանձությունը:

Իսկ ինքը՝ նկարչուհին իրեն համարո՞ւմ է «վայրի», Ա. Առաքելյանը հայտնեց հետեւյալը. «Որոշ իմաստով՝ այո: Արվեստում երբեք կոմպրոմիսի չեմ գնա, քաղաքակրթության նորմերին էլ չեմ հարմարվի, եթե դրանք հակասում են ստեղծագործական սկզբունքներիս»: Վերադառնալով, իր խոսքերով՝ տղամարդկանց կողմից իշխվող հասարակությանը, նա ասաց. «Ինձ միշտ ասել են, թե տղամարդու պինդ ձեռք ունեմ: Իսկ ես գտնում եմ, որ կինն ու տղամարդը միահյուսված են, նրանց հոգին էլ՝ անսեռ է»: Ա. Առաքելյանի գործերում գերիշխում են մերկ կանայք. նրա ձեւակերպմամբ՝ դրանում զարմանալի ոչինչ չկա, մանավանդ՝ կինը տղամարդուց գեղեցիկ է:

Նկարչուհու անհատական ցուցահանդեսները կայացել են ոչ միայն Երեւանում, այլեւ ԽՍՀՄ հանրապետություններում ու Եվրոպայում: Հարցին, թե իր աշխատանքները ինչպե՞ս են «սպառվում» Հայաստանում, Ա. Առաքելյանը հայտնեց, որ ժամանակակից նկարիչների եւ մեծահարուստների միջեւ պետք է լինի մի միջնորդ օղակ, որպեսզի իրենց աշխատանքները վաճառվեն, «թե չէ ստացվում է, որ հասարակությունն ու նկարիչներս առանձին կղզիներ ենք»: Իսկ իրեն արվեստում կայացած համարո՞ւմ է: Այս հարցին էլ նկարչուհին պատասխանեց. «Ես որպես նկարչուհի կայացել եմ այն տարիներին, երբ Խորհրդային Միությունը նոր էր սկսել քայքայվել. դեռ դոմինանտում էր սոցռեալիզմը եւ բավականին դժվար էր հանդես գալ ազատ, ինքնուրույն մտածելակերպով ու ասելիքով, ինչի կողմնակիցն ու հետնորդն եմ մինչ օրս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել