ԵՊՀ աշխատակիցներին «օպտիմալացնում» կամ աշխատեցնում են կես դրույքով՝ սերնդափոխության պատրվակով:
«Առավոտին» են դիմել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի շարք ֆակուլտետների ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցներ եւ դասախոսներ: «ԵՊՀ-ում աշխատաոճի եւ աշխատակազմի բարելավման պատրվակով կատարվող մի շարք չհիմնավորված, անտրամաբանական եւ անարդարացի փոփոխությունները հարվածի տակ են դնում ինչպես աշխատակիցներին, այնպես էլ ուսումնական գործընթացը: Աշխատակազմի երիտասարդացման նպատակով կատարվում են աշխատակիցների տարիքի վրա հիմնված կրճատումներ, չեն համեմատվում կրճատվող եւ աշխատանքը պահպանող աշխատակիցների հետեւյալ չափանիշները՝ մասնագիտական կրթությունը եւ որակը, մտավոր ու ֆիզիկական կարողությունները, աշխատանքի կատարման քանակական եւ որակական ցուցանիշները եւ այլն»,- ասվում է ԵՊՀ ուսումնաօժանդակ կազմի նամակում, որի պատճենը ուղարկվելու է ԵՊՀ ռեկտորատին ու արհկոմին, երկրի առաջին դեմքերին, ԿԳ նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Խմբագրությունը ահազանգեր է ստացել նաեւ ԵՊՀ անվանի դասախոսներից, որոնց աշխատանքային դրույքը կիսվել է կենսաթոշակային տարիքի պատճառով:
«Ասում են՝ սերնդափոխություն է պետք, բայց դա ոչ թե սերնդափոխություն է, այլ՝ սերնդաջարդություն: Մեզ հետ պայմանագիր էր կնքվել 5 տարով, որը դեռ չի լրացել, բայց այժմ մեզանից ուզում են ազատվել: Մեր պայմանագիրը կնքված է հին օրենսգրքի շրջանում, որն այլեւս չի գործում, սակայն նրանք մեկ տարվա մեջ պիտի մեզ հետ նոր պայմանագիր կնքեին՝ ըստ օրենքի, ինչը չեն արել: Նշանակում է՝ համաձայն էին, որ աշխատենք»,- նեղսրտեց մի դասախոս, որի անունն առայժմ չենք հրապարակում: «Եթե մարդը աշխատել է 40 տարի, գոնե ասեն՝ շնորհակալություն, ջնջում են: Փոխանակ գիտական կենտրոն ստեղծեն, որ այնտեղ աշխատի, ստեղծագործի, կես դրույքով էլ համալսարանում դասավանդի: Ռեկտոր Արամ Սիմոնյանը միանձնյա ջարդում է կադրերին՝ սերնդափոխության պատրվակով: Սերնդափոխությունը պիտի բնական ճանապարհով կատարել: Այժմ նոր կադրեր չկան, իսկ այսօրվա «օպտիմալացվողները» ցուրտումութ տարիներին բուհական կրթությունն իրենց ուսերին կրած կադրերն են, որոնց մեղադրում են սերունդ չաճեցնելու մեջ: Իրականում ոչ թե վաստակաշատ դասախոսներն են մեղավոր, այլ կառավարությունը. եթե տեղեր չեն իջեցրել ասպիրանտուրայի, ուրեմն մենք որտեղի՞ց կադրեր պատրաստեինք: Մյուս կողմից էլ գիտությունը չի շահագրգռում երիտասարդներին, որովհետեւ դասախոսի աշխատավարձը չափազանց ցածր է»,- հավելեց մեկ ուրիշը:
ԵՊՀ իրավաբանական ծառայության ղեկավար Ա. Թադեւոսյանը այս առիթով «Առավոտին» հայտնեց, որ Աշխատանքային պայմանագրի 113 հոդվածի համաձայն, գործատուն իրավունք ունի լուծել անորոշ ժամանակով կնքված պայմանագրերը եւ որոշակի ժամանակով կնքվածները՝ նախքան դրանց գործողության ժամկետի լրանալը: Վերջին դեպքում՝ կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով: Նրա փոխանցմամբ, ԵՊՀ ռեկտորը կարող է միանձնյա որոշել ուսումնաօժանդակ համակազմի պայմանագրերի լուծման հարցը: Թադեւոսյանի ձեւակերպմամբ, «պետք է երիտասարդներին տեղ տալ, որովհետեւ, օրինակ, 75 տարեկան լաբորանտ ունենալը համալսարանի պարտությունն է»: Ինչ վերաբերում է ԵՊՀ տարիքն առած դասախոսների հետ նոր պայմանագրեր կնքելուն, ապա Ա. Թադեւոսյանի խոսքով՝ օրենքը չի նախատեսում, որ նախկին պայմանագրերը պիտի անպայման վերականգնվեն: «Պրոֆեսորադասախոսական կազմի 2/3-ը մեծ տարիքի է: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց կես դրույքով աշխատանք է առաջարկվում: Շատերը միտումնավոր նոր կադրեր չեն աճեցրել, որ աշխատատեղ չկորցնեն: Դրա համար էլ ունեցել ենք գիտությունների դոկտոր կամ թեկնածու, որոնք ստիպված լաբորանտ են աշխատել, քանի որ նրանց փոխարեն դասավանդել են 70-80-ամյա մարդիկ: Կան նաեւ այնպիսիները, որոնք ի վիճակի չեն լսարան ղեկավարել, ուսանողները նրանց չեն ընկալում, չեն լսում: Էլ ինչպե՞ս սերնդափոխության չգնանք»,- ասաց ԵՊՀ իրավաբանը: