Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկաբարձուհին վերականգնվեց աշխատանքում

Հունիս 11,2007 00:00

«Փակ-գաղտնի քվեարկություն»՝ հաստիքների կրճատման հիմքով

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում օրեր առաջ ավարտվեց Արագածի բուժտեղամասի մանկաբարձուհի Մարիետա Ալեքսանյանի հայցի քննությունն ընդդեմ «Արագածավանի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանի հրամանի:

30 տարվա ստաժ ունեցող մանկաբարձուհին տնօրենի «փակ-գաղտնի քվեարկությամբ» հաստիքային կրճատման տակ է ընկել: Նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված Ռուզաննա Ավետիսյանն ու Եվգենյա Ալեքսանյանը դիմել են Գոռ Հովհաննիսյանին՝ աշխատանքում վերականգնվելու համար, սակայն՝ ապարդյուն: Մանկաբարձուհին դիմել է մարզպետարանի առողջապահության վարչություն, ՀՀ առողջապահության նախարարություն: Նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, ապա պարտավորեցրել է տնօրենին՝ տասնօրյա ժամկետում վերականգնել բուժաշխատողներին աշխատանքում: Մանկաբարձուհին դիմել է դատախազություն, ապա իր իրավունքները փորձել պաշտպանել դատարանում: Այդ ժամանակահատվածում կորցրել է առողջությունը, բուժվել ստրես-կենտրոնում, դարձել 3-րդ կարգի հաշմանդամ: Եթե հավելենք նաեւ այն հանգամանքը, որ ֆինանսական միջոցներից զրկված է եղել, ապա պարզ կդառնան փակ-գաղտնի քվեարկությամբ մարդուն աշխատանքից ազատելու հետեւանքները:

Կենտրոնի գործադիր տնօրեն Գոռ Հովհաննիսյանը դատարանում ասել էր, թե հայցվորը «մոլորության եւ թյուրիմացության մեջ է գցում դատարանին», գտնում էր, որ ներկայացված ապացույցները հիմնազուրկ են եւ իր՝ պատասխանողի իրավունքները ոտնահարվել են: Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 48 հոդվածը, գտել էր, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների ու առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, ինչը պատասխանողը չի արել:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով անվավեր ճանաչվեց տնօրենի հրամանը եւ Մարիետա Ալեքսանյանը վերականգնվեց աշխատանքում:

Որպես վկա հանդես եկած մանկաբարձ Եվգենյա Ալեքսանյանը ցուցմունք էր տվել, որ ներկայումս չի աշխատում: Նա հաստատել էր, որ անցկացվել էր փակ-գաղտնի քվեարկություն, ինչի արդյունքում տեղի էր ունեցել հաստիքների կրճատում: Մեկ այլ վկա էլ՝ Անահիտ Ալեքսանյանը դատարանում ասաց, որ հաստիքների կրճատումից հետո հայցվորին է փոխարինել, հրաման չի եղել ու փոխարինման համար իրեն չեն վճարել: Պատասխանող կողմը հակափաստարկ չէր ներկայացրել: Երեկ տեղեկացանք, որ գործադիր տնօրեն Գոռ Հովհաննիսյանը դիմել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:

Հ. Գ. Անցյալ տարի, հայցվորների վեճի հետ կապված, առողջապահության նախարար Ն. Դավիդյանցը դիմել էր Արագածոտնի մարզպետ Գ.Գյոզալյանին: Ըստ այդ գրության, Արագածավանի առողջության կենտրոնի տնօրենը թույլ է տվել մի շարք խախտումներ, մասնավորապես նշված էր. «Հաստիքների կրճատման գործընթացը չի իրականացվել գործող օրենսդրության պահանջներին համապատասխան»: Նախարարությունը պահանջել էր նաեւ, որպեսզի կրճատվածների՝ նախորդ տարիների ընթացքում գոյացած պարտքերը մարվեն, ինչը դեռ մինչ օրս տեղի չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել