Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԻՑ

Հունիս 11,2007 00:00

\"\"Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է

Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը լսեց ընտրախախտումների մասին եզրափակիչ ելույթները: Ինչպես արդեն հայտնեցինք, նախորդ օրը եզրափակիչ ելույթից հետո դատարանը լքել էին «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները, իսկ երեք դիմումատուները՝ «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները երեկ իրենց եզրափակիչ ելույթներից հետո նույնպես հեռացան նիստերի դահլիճից:

Ժ.13.30-ին պատասխանողն ավարտել էր իր խոսքը եւ Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ամենայն հավանականությամբ՝ որոշումը կհրապարակվի կիրակի օրը:

«2007թ. ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 19-ի որոշումը վիճարկելու մասին» «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը ներկայացրեց իրենց մոտեցումները:

Նա ասաց, որ արդյունքներն անվավեր ճանաչելու իրենց պահանջի հիմքում ընկած է երկու հանգամանք՝ «ԿԸՀ կողմից արդյունքների հաշվարկման համար հիմք հանդիսացող ամփոփիչ արձանագրությունների տվյալները տարբերվում են թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկների իրական թվերից՝ ուղղակիորեն ազդելով քվեարկության արդյունքների վրա»:

ՆԺ-ն պնդեց, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները ենթակա են անվավեր ճանաչման առաջին հերթին ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ կատարված Ընտրական օրենսգրքի խախտումների հետեւանքով, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

ՆԺ-ն տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարան են ներկայացրել դիմումներ, բողոքներ, պետական մարմինների, այդ թվում՝ ԿԸՀ, պատասխաններ, 100-ից ավելի դատական ակտեր, այդ թվում 3-ը՝ ՍԴ-ի: «Դատաքննության ընթացքում արված մեր որոշ միջնորդություններ վերաբերել են պատասխանողի կողմից չհիմնավորված տեղեկատվությունը ճշգրտելուն»,- հավելեց նա:

Ռ. Թորոսյանն ասաց, որ պատասխանողը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՍԴ է ներկայացրել «թերի զեկուցում, որը մեր ներկայացված դիմումների մասին աղավաղված տեղեկատվություն է, մասնավորապես՝ մեր դիմումում նշված խախտումներից հիշատակված էր միայն սոցիոլոգիական հարցումների խախտումների մասին, որն իր ազդեցությամբ դիմումում բերված խախտումների վերջին խմբին էր դասվել»:

Արձանագրվեց նաեւ, որ գործի քննությանը, ՆԺ-ի բազմաթիվ միջնորդություններից հետո, այդպես էլ չմասնակցեցին պետական եւ ԿԸՀ կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք, որոնք համաձայն ԸՕ 1-ին հոդվածի 4-րդ կետի պահանջների՝ պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման օրինականության ապահովման համար: «Այդպես, Սահմանադրական դատարանը թույլ չտվեց, որ դատաքննությանը մասնակցեն նաեւ ԿԸՀ այն 3 անդամները, որոնք չէին ստորագրել ընտրությունների արդյունքների ամփոփման մասին ԿԸՀ 19.05.07թ. որոշումը»,- հավելեց ԳԽ նախկին պատգամավոր Ռուբեն Թորոսյանը:

Դիմումատուների՝ ընդդիմադիր կուսակցությունների կարծիքով, «Բարձր դատարանը, չկատարելով ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները եւ հրաժարվելով կիրառել ՀՀ օրենսդրության պահանջները, սահմանված օրենքի անալոգիայի կիրառման անհրաժեշտությունը, չի կիրառել ՍԴ 34-րդ հոդվածով սահմանված պահանջները, այն են՝ մինչեւ դատաքննության ավարտը չի կասեցրել վիճարկվող որոշման գործողությունը՝ անհեթեթ իրավիճակ ստեղծելով սույն դատաքննության համար եւ վաղօրոք կանխորոշելով վերջինիս ելքը»:

Ավարտելով իր խոսքը, Ռ. Թորոսյանն ասաց. «Հաշվի առնելով ՍԴ-ի կողմից սույն գործի քննարկման հանդեպ վերը բերված ձեւական մոտեցումները, ես նույնպես որեւէ ցանկություն չունեմ լսել Բարձր դատարանի կողմից ընդունվելիք ապագա որոշումը եւ լքում եմ դատական նիստը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել