Հարկայինը որոշել է տոնավաճառներում գործող առեւտրականներին հարկային դաշտ բերելուց հետո տոնավաճառի տիրոջ վճարած հարկը վերանայել:
Հայաստանում գործում է 50-ից ավելի տոնավաճառ: Ամբողջ 2006-ի ընթացքում բոլոր տոնավաճառների տերերը միասին վճարել են ընդամենը 2,5 մլրդ դրամ հարկ: Երեկ ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում այս մասին տեղեկացրեց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Հաշվի առնելով, որ միայն 1 տոնավաճառում գործում է միջին հաշվով 4000 առեւտրական, որոնցից յուրաքանչյուրն ամսական տոնավաճառի կազմակերպիչներին վճարում է 180 հազար դրամ՝ 1 քմ-ի համար, ուստի, փաստորեն, տոնավաճառի տերը տարեկան ստանում է միջինը 8 մլրդ 640 մլն դրամ, մինչդեռ դրանից պետությանը բաժին են հասնում չնչին կոպեկներ:
Այնուամենայնիվ, հարկայինը գտնում է, որ տոնավաճառի տերերը բավարար հարկ են վճարում, իսկ, այ, օրինակ, այնտեղ աշխատող առեւտրականները՝ ոչ: Ուստի «Առավոտի» հետ զրույցում պարոն Ալավերդյանը վստահեցնում էր, որ տոնավաճառի վաճառականները, ուզեն թե չուզեն, պետք է մտնեն հարկային դաշտ։ «Դուք գտնում եք, որ առեւտրականը, որը շուբա է բերում, 400 դոլարի կարգի շահույթ է ստանում, ուզում եք էդպես հանգիստ բերի, ոչ սոցվճար տա, պետության հանդեպ ոչ մի պարտավորություն չկատարի, հա՞, էդպե՞ս եք ուզում»,- այսպես արդարացրեց հարկայինի դիրքորոշումը պարոն Ալավերդյանը: Մինչդեռ տոնավաճառներում միայն մուշտակ վաճառողներ չեն, նրանց մեջ կան նաեւ վերավաճառողներ, որոնք նույնպես ստիպողաբար մտել են հարկային դաշտ՝ չնայած օրական ընդամենը 1000-2000 դրամի առեւտուր են անում: Մեր այս դիտարկմանը պարոն Ալավերդյանը պատասխանեց. «Վերավաճառողը նույնպես գործունեություն է ծավալում, ընդհանրապես տոնավաճառների առեւտրի զգալի մասը՝ 70 տոկոսը, վերավաճառք է՝ մարդիկ մեկից վերցնում-ծախում են, չեն բերում: Մենք չենք ուզում վերավաճառողին հավասարեցնել ներկրողի հետ, բայց նրանք նույնպես պետք է հարկ վճարեն: Մենք վերավաճառողների համար շատ փոքր հաստատագրված հարկ կսահմանենք, օրինակ՝ Կենտրոնում 1 քմ-ի համար՝ ընդամենը 1800 դրամ: Եթե առեւտրականն ունի 7 քմ տարածք, նա պետք է վճարի ընդամենը 14-15 հազար դրամ: Ինչո՞ւ պետք է դրսի կրպակատերը հարկ վճարի, տոնավաճառի կանգնողը՝ ոչ»: Սա չի՞ ենթադրում, որ տոնավաճառի տնօրենը պետք է իր վարձաչափն իջեցնի, որպեսզի առեւտրականը կարողանա բարեխղճորեն իր պարտավորությունները պետության հանդեպ կատարել: Ըստ Ա. Ալավերդյանի՝ «Մենք չենք կարող ստիպել տոնավաճառի կազմակերպչին իջեցնել վարձը, դա նրա գործն է: Բայց մենք աստիճանաբար կհասնենք նրան, որ տերերն է՛լ ավելի շատ վճարեն, երբ առեւտրականները կանգնեն հաշվառման, հաջորդ քայլը կլինի այն, որ տերերն էլ իրենց վարձավճարներին համապատասխան հարկ կտան»:
Երեկ պարոն Ալավերդյանը ներկայացրեց նաեւ հարկային բարեփոխումների եռամյա ծրագիրը. «Այդ ծրագրով արդեն հարկատուներին պետք է մոտենալ 2 տեսանկյունից. այն անհատներին, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց մուծումները, պետք է չանհանգստացնենք, թողնենք, որ նորմալ իրենց գործունեությունը ծավալեն, իսկ այն օրինազանցներին, որոնք խուսափում են պատասխանատվությունից, պետք է նրանց նկատմամբ շատ խիստ միջոցներ ձեռնարկենք»: Արդյոք դա չի՞ նշանակում, որ հարկայինը մինչ օրս օրինազանց հարկատուների նկատմամբ խիստ հանդուրժող է եղել՝ «Առավոտի» հարցին Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Գիտե՞ք, մենք ընդամենը 15 տարվա մարմին ենք, ինքնուրույն այս դաշտն ապահովել ենք, նախկինում օրենսդրության մեջ ընդամենը մի տողով գրել էինք՝ հարկեր վճարելուց խուսափելու համար նախատեսել ենք այսպես… միայն այդ մի ձեւակերպումն էր, հետո կյանքը ցույց տվեց, որ այդ մի նախադասությունը բավական չէր, մարդիկ շատ հեշտորեն խուսափում էին, որովհետեւ օրենքը դա թույլ էր տալիս, իսկ նոր ծրագրով այդ ամենը փոխվելու է»: