Ռուսաստանի քաղաքականությունն Անդրկովկասում նպատակաուղղված է ամենից առաջ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, համատեղ ջանքերով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը, այնտեղ բնակվող ժողովուրդների անվտանգ եւ ստեղծագործ կյանքի համար պայմանների ապահովմանը:
Այս մասին Day.Az-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որն աշխատանքային այցով գտնվում էր Բաքվուն: Նրա խոսքերով, մի շարք ուղղություններով այդ խնդիրը լուծվում է, ընդ որում՝ բավականին հաջող: Այսպես. Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության համատեքստում ամրապնդվում են քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար-մշակութային կապերը: Ընդլայնվում է միջազգային կազմակերպությունների բազմակողմ գործակցությունը Հարավային Կովկասում: «Ռուսաստանը շահագրգռված է Անդրկովկասում վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ, իր ավանդն է ներդնում բանակցային գործընթացի առաջխաղացման եւ ներգրավված բոլոր կողմերին ձեռնտու փոխզիջումների ձեռքբերման գործում: Կարծում եմ՝ նման հետեւողական դիրքորոշումը մեզ կայսերական ամբիցիաներ վերագրելու փորձերի անհիմն լինելու լավագույն հաստատումն է»,- նշել է Լավրովը: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ՌԴ դիրքորոշման վերաբերյալ հարցին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Մոսկվայի դիրքորոշումը քաջ հայտնի է: «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին ակտիվ աջակցություն է ցուցաբերում Բաքվին եւ Երեւանին՝ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ փոխընդունելի լուծում գտնելու գործում»,- վստահեցրել է նա:
ՌԴ արտգործնախարարի այցի ընթացքում կայացած հանդիպումներին արծարծվել են նաեւ ՌԴ-ԱՄՆ «հրթիռային» վեճի հետ կապված հարցեր: Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ քննարկել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման հարցը: Day.Az-ի վկայությամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը եւս ասել է, թե իր երկիրը պատրաստ է երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ բանակցել Գաբալայի ռադարի հարցով:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպի խոսնակը նախօրեին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցով ներկայումս բանակցում է միայն Չեխիայի եւ Լեհաստանի հետ, սակայն պատրաստ է ուսումնասիրել Գաբալայի ռադարի համատեղ օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: «Միացյալ Նահանգները շատ շահագրգիռ է հակահրթիռային պաշտպանության բնագավառում Ռուսաստանի հետ համագործակցությամբ»,- հայտարարել է Պետդեպի խոսնակը: