ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը վստահ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը կլինի նախագահ եւ լավը կլինի:
Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ զրույցում «Առավոտը» կեսկատակ նկատեց, որ պարոն Բաբլոյանը «նստել» է ՀՀՇ-ի ժամանակ, «նստել» է ուրիշների ժամանակ, հիմա էլ այսօր գործող իշխանությունների հետ է համագործակցում: Ուզում էինք հստակեցնել պարոն Բաբլոյանի կարծիքը՝ այսօրվա իշխանության եւ այսօրվա խորհրդարանի մասին: Ասաց, որ ինքը «չի նստել», այլ՝ աշխատել է. «Ինչպես ՀՀՇ-ի ժամանակ, այնպես էլ հիմա ես աշխատում եմ, ես անկուսակցական եմ, ունեմ իմ մոտեցումները, իմ գաղափարները, եւ եթե այդ գաղափարները գնահատվում են եւ համահունչ են տվյալ ժամանակահատվածում իշխող կուսակցության գաղափարներին եւ սկզբունքներին, ես հաճույքով համագործակցում եմ: Այսօր գտնում եմ՝ այն ծրագիրը, որ Հանրապետական կուսակցությունը սկսել է եւ շարունակում է, շատ մոտ է այն գաղափարներին, որ ունեմ ինքս: Պետք է նաեւ ասեմ, որ ՀՀԿ առողջապահության ծրագրի համահեղինակն եմ եւ այդ առումով գտնում եմ, որ պետք է ունենալ համոզմունքներ, գաղափարներ, եւ եթե հնարավոր է՝ դրանք իրագործել»:
Քանի որ մեր զրուցակիցը մասնագիտությամբ բժիշկ է, պարզապես հետաքրքրվեցինք, թե իր գնահատականով ինչպիսի՞ն է մեր հասարակության ֆիզիկական եւ հոգեկան առողջության վիճակը: Արդյոք անցած տասը տարիների կտրվածքով հատկապես հոգեկան առողջական խնդիրները ավելի չե՞ն բարդացել: Մասնագետի խոսքը հետեւյալն էր. «Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհով մեկ, առավել եւս՝ զարգացած երկրներում, ավելի ու ավելի շատանում են խնդիրները թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության առումով: Կարող է զարմանալի թվալ, բայց հասարակության եւ պետության զարգացման, հարստացման հետ մեկտեղ, հոգեկան առողջության խնդիրներն է՛լ ավելի են դժվարանում, եւ դա պահանջում է առանձնահատուկ մոտեցումներ: Եթե ծանոթ եք Հանրապետական կուսակցության ծրագրին, ապա նկատած պետք է լինեք, որ դրանում նպատակային է մեր հասարակության հոգեկան առողջությանն ուղղված ծրագիրը: Ինչ վերաբերում է ֆիզիկական առողջությանը, ապա խոր համոզմունք ունեմ, որ ազգի առողջությունը մեր անվտանգության ամենամեծ երաշխիքներից մեկն է, բայց դրա հետ մեկտեղ տեխնոլոգիաների այս զարգացումը, տրանսպորտային մատչելիությունը, համակարգիչները, մյուսը, մյուսը, մի խոսքով այս ամենը հանգեցնում են նրան, որ մարդիկ գրեթե միշտ նստած են, գրեթե անշարժ, եւ նրանց ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվում է, եւ, ցավոք, դա արդեն սկսվում է մանկական հասակից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրում զարգանա ֆիզիկական ակտիվությունը»:
Արա Բաբլոյանին խնդրեցինք նաեւ մասնագետի աչքով նայել, զննել հայոց նորընտիր Ազգային ժողովը եւ գնահատել պատգամավորների մտավոր, ֆիզիկական, հոգեկան առողջության վիճակը: Արդյոք առո՞ղջ են մեր նորընտիր ազգային երեսփոխանները: Բժիշկ պատգամավորը խուսափեց կոնկրետ գնահատականներ տալ եւ բավարարվեց՝ ասելով. «Ես բոլորին շատ մոտիկից ծանոթ չեմ, բայց ժամանակը ցույց կտա, եւ հուսով եմ, մենք կկարողանանք իրականացնել այն ամենը, ինչ պետք է անենք»: Հավանաբար նկատի ուներ, որ բոլորի մտավոր ունակությունները կբավարարեն ԱԺ-ի առջեւ դրված նպատակները իրականացնելու համար: Բժիշկը խուսափեց ախտորոշել նորընտիր պատգամավորներին, սակայն չխուսափեց գնահատել վարչապետ Սերժ Սարգսյանին: Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ հայտարարում է, որ նախագահական ընտրություններում իր թեկնածուն վարչապետ Սերժ Սարգսյանն է, եւ ուղղակի հետաքրքիր էր իմանալ բժիշկ Արա Բաբլոյանի կարծիքը երկրի ապագա նախագահի մասին (եթե Սերժ Սարգսյանը ընտրվի): Այս դեպքում Արա Բաբլոյանը չխուսափեց գնահատականներից. «Ես Սերժ Սարգսյանի անձի վերաբերյալ ունեմ իմ հստակ կարծիքը, քանի որ իրեն ճանաչում եմ դեռ 1991-ից, երբ կառավարության անդամ էի: Ինքն իր բնույթով շատ սկզբունքային է, շատ աշխատասեր, ազնիվ է եւ ձգտում է զարգացման: Այն գաղափարները, որոնք ես տեսնում եմ նրա մեջ, համահունչ են երկրի զարգացման հեռանկարին: Երբ տեսնում եմ, որ նրա ջանքերը ուղղված են արտաքին խաղաղության, ներքին համերաշխության, սոցիալական արդարության, առողջապահության, կրթության, գիտության զարգացմանը, ապա այդ ամենը վստահություն է տալիս, որ Սերժ Սարգսյանը կստանա այդ քվեն՝ լինել նախագահ, եւ նա կլինի լավ նախագահ»: