Արոնյան-Շիրով՝ 1,5:0,5
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երեկ Էլիստայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտի երկրորդ փուլի 2-րդ պարտիայում սեւերով ոչ-ոքի արեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովի հետ: Մրցամարտում հաշիվը դարձավ 1,5:0,5՝ հօգուտ Արոնյանի: Լեկո-Բարեեւ, Գրիշչուկ-Ռուբլյովսկի, Կամսկի-Գելֆանդ զույգերը նույնպես բաժանեցին միավորը:
Այսօր մրցակիցները խաղալու են երրորդ պարտիան:
Մրցում են սուսերակիրները
Մայրաքաղաքի Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի շուրջ 100 մարզիկ- մարզուհիներ:
Առաջին օրը ճկասուսերակիրների տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչվեց «Հայաստան» մարզական միության անդամ Գեղամ Հովսեփյանը: Երկրորդ տեղը գրավեց նույն մարզական ընկերության ներկայացուցիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Արամ Գրիգորյանը, իսկ Արտավազդ Օհանյանը (Արաբկիրի ՄԴ) եւ Արմենակ Գասպարյանը (Գյումրի) արժանացան բրոնզե մեդալների: Երեկ պայքարի մեջ մտան խոցասուսերակիրները, իսկ այսօր կմրցեն թրասուսերակիրները, ինչպես նաեւ ճկասուսերակիր եւ խոցասուսերակիր աղջիկները: Առաջնության արդյունքներով կազմավորվելու են նշված երեք մրցաձեւերի ազգային հավաքականները, որոնք նախապատրաստվելու են Բելգիայի Գենդ քաղաքում հուլիսի 2-8-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Պատճառը վատառողջությունն էր
Հայաստանի լավագույն հրաձիգ Նորայր Բախտամյանը Մյունխենում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում իր հնարավորություններից ցածր է հանդես եկել: Օդամղիչ ատրճանակով 10 մետր մրցատարածությունում նա 581 միավորով զբաղեցրել է 14-րդ, իսկ մույն մրցաձեւից 50 մետրում՝ 16-րդ տեղը (559 միավոր): Մրցումների ավարտից հետո Նորայրը լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե անհաջող մասնակցության պատճառն իր վատառողջ լինելն էր: Ըստ նրա, Մյունխենում ցուրտ եղանակի պատճառով մկանները բռնված են եղել. անգամ պարանոցը չի կարողացել շարժել:
Այժմ Նորայր Բախտամյանը պատրաստվում է հայաստանցի երկու հրաձիգների հետ մեկնել Իսպանիա, որտեղ անցկացվելու է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: