Լրահոս
Օրվա լրահոսը

Փամբուկյանն ավերում է անտառը

Հունիս 08,2007 00:00

Երեկ հայտարարեց «Հետք» ինտերնետային շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը

Երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիս էին հրավիրել Հայ Հեղափոխական Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Կարեն Խանլարյանն ու «Հետք» ինտերնետային շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Ասուլիսը վերաբերում էր ազատագրված տարածքներին: «Մենք այս թեմաներով սկսեցինք գրել մեկուկես տարի առաջ: Ցավոք, վերաբնակեցված տարածքների վիճակը աղետալի էր, դրանք գնալով դատարկվում էին: 1994 թ. ազատագրված 7 շրջաններում սկսվեց վերաբնակեցումը: 1999-ին բնակչության թիվը հասնում էր 17 000-ի: 2001-2002 թթ., սակայն, սկսվեց մի պրոցես, երբ վերաբնակիչները վերադառնում էին իրենց նախկին բնակավայրերը»,- հիշեց Է. Բաղդասարյանը: Ըստ «Հետքի» խմբագրի, երբ կառավարությունը վերաբնակեցման գործը հանձնարարեց Ալեքսան Հակոբյանին, նա հաջողությունների հասավ, որովհետեւ նրա պաշտոնավարության շրջանում մարդիկ օգտվում էին մի շարք արտոնություններից, օրինակ՝ էլեկտրաէներգիան անվճար էր, անասնավարկ էին տրամադրում:

«Վերաբնակեցված տարածքներում հաստատվել էին տարբեր շերտերի ու խավերի մարդիկ՝ աղքատներ, մտավորականներ, «տոկոսի տակ» ընկածներ, փախստականներ, հայրենասիրական մղումներից դրդվածներ եւ այլք: 2002-ին մարդիկ սկսեցին վերադառնալ, որովհետեւ մի փուլ կար, երբ իշխանությունները մոռացել էին նրանց գոյության մասին: Անգամ չարձագանքեցին նրանց վերադարձին: Հետո աշխատանքից հեռացվեց Ալեքսան Հակոբյանը, նրան, որպես վարչակազմի ղեկավար, փոխարինելու եկավ Քաշաթաղի դատախազ Համլետ Խաչատրյանը, որն էլ մեծ դեր ունեցավ գյուղերի դատարկման մեջ: Վերացվեցին մարդկանց արտոնությունները, էլեկտրաէներգիան, հիվանդանոցը դարձան վճարովի, երեխաները դադարեցին ստանալ նպաստներ, անասնավարկեր չտրամադրվեցին… Հ. Խաչատրյանը չէր արձագանքում այս ամենին, աշխատում էր չշփվել մարդկանց ու նրանց պրոբլեմների հետ: Դա էլ երեւի նրանից էր, որ նա դատախազ էր աշխատում, ու Քաշաթաղի բնակիչները նրա համար հանցագործներ էին»,- նշեց Էդ. Բաղդասարյանը:

Նա ասաց, որ իրենք այդ մասին չէին գրում, որ ադրբեջանցիներն ու միջազգային կառույցները չիմանային, թե հայերի մեղքով իրականում ինչ է կատարվում ազատագրված տարածքներում. «Բայց երեւի ճիշտը գրելն էր, ուստի այդ թեմաներով հրապարակումներ եղան: Ամենաշատ արձագանքներ ստացվեցին սփյուռքահայերից: Նրանք ստեղծեցին Քաշաթաղի աջակցության կոալիցիա, www. kashatagh.com ինտերնետային կայք, որի միջոցով նամակներ գրվեցին Ղարաբաղի եւ Հայաստանի նախագահներին: Սփյուռքը սկսեց ճնշում գործադրել Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների վրա: Վերջիններս հասկացան, որ վիճակը աղետալի է, նորից սայլը տեղից շարժվեց՝ վերականգնվեցին արտոնությունները»: Ապա Է. Բաղդասարյանը հավելեց, որ պետք է բիզնես-ծրագիր ունենալ ազատագրված տարածքների համար, գործարարներին ներգրավել տարբեր ոլորտներում. «Այսօր, Թուֆենկյանը խաղողի այգիներն է վերականգնում, ՀՕՄ-ը՝ մանկապարտեզ, «Մոնթե Մելքոնյանը»՝ երիտասարդական կենտրոն է կառուցում, իսկ ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի «Մաքս Վուդ» ընկերության մեքենաները Քաշաթաղի ընկուզենիներն են արմատախիլ անում, մշակում- ուղարկում Իսպանիա, որ հայ օլիգարխների «Մերսեդես» մակնիշի մեքենաների փայտային մասերը ղարաբաղյան լինեն: Այ, նման բաների մասին պետք է անպայման գրել»:

Նա նաեւ առաջարկեց ՀՀ ԱԺ պատգամավորներին էքսկուրսիայի տանել ազատագրված տարածքներ, թե չէ, Բաղդասարյանի ձեւակերպմամբ՝ իշխող կուսակցությունների որեւէ լիդեր չգիտի՝ ինչ է Քաշաթաղը: Կարեն Խանլարյանն էլ հավաստիացրեց, որ ազատագրված տարածքների բնակիչների խնդիրներով Սփյուռքում հետաքրքրվում են, սակայն վերաբնակեցման հարցի արդյունավետ լուծման համար պետք է մշակել պետական հայեցակարգ: Այժմ, ըստ նրա, նման հայեցակարգ գոյություն չունի: «Իսկ խելոք մարդն ինչպե՞ս գնա բնակվի մի վայրում, որը, ըստ իրեն հասնող տեղեկությունների, ինչ-որ ժամանակ հանձնվելու է»,- հայտարարեց «Դրօշակի» խմբագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել