Երեկ ՀՀ սահմանադրական դատարանում շարունակվեց «Իմպիչմենտ» դաշինքի, «ՆԺ», «ՕԵԿ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դիմումների քննությունը՝ կապված ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման հետ:
Կրկին հարցեր էին տալիս դիմումատուները, որոնց հեգնական երանգով պատասխանում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Վերջինիս ցանկացած պատասխան այսպիսին էր. «Առաջնորդվել ենք ՀՀ օրենսդրությամբ»: «Իմպիչմենտի» ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին այլ բան չէր մնում, քան միջնորդել դատարանին, որպեսզի պատասխանող կողմ ճանաչվի «ՀՀ օրենսդրությունը»: Փաստաբանին հետաքրքրում էր, թե, արդյոք, Իրաքում գտնվող հայկական զինված ուժերի ներկայացուցիչներն իրենց ընտրական իրավունքից օգտվե՞լ են: Գ. Ազարյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը նման հնարավորություն չի տալիս:
Հայաստանից դուրս գտնվող դիվանագետների քվեարկության արդյունքների ու մասնակցության մասին հարցի կապակցությամբ ԿԸՀ նախագահն ասաց, որ լրացուցիչ տեղեկատվության չի տիրապետում: Իսկ ԿԸՀ-ն տիրապետու՞մ է այն կարգին, թե ինչպես են հայ դիվանագետները քվեարկում հարցին էլ Գ. Ազարյանը պատասխանեց. «Դա ԿԸՀ-ի խնդիրը չէ»: Երբ հետեւեց, թե գուցե արտաքին գործերի նախարարության խնդիրն է, տրվեց հերթական խուսափողական պատասխանը. «ԱԳՆ կանոնադրությունը սահմանվում է կառավարության կողմից»: Երբ դիմող կողմը այս հարցի հետ կապված դատական 4 նիստ առաջ միջնորդեց, որպեսզի հարակից պատասխանող ներգրավեն նաեւ արտաքին գերատեսչությունը, նույն այս ԿԸՀ նախագահը միջնորդության դեմ առարկեց:
Արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին ընտրելու իրավունքից զրկելու մասին օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշտությունը ո՞րն էր՝ դիմող կողմի հարցին էլ պատասխանեց. «131 պատգամավորների հաստատումը»:
Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը կանխեց հնարավոր վեճը այս հարցի կապակցությամբ, առաջարկելով, որպեսզի Սահմանադրական դատարան բերվի Ընտրական օրենքի նախագծի փաթեթն իր հիմնավորումներով ու կարծիքներով, եթե այդպիսիք եղել են:
«Իմպիչմենտ» դաշինքի հարցերի մի մասն էլ վերաբերում էր վարչապետի կողմից աշխատանքային ժամերին քարոզչական նպատակներով մարզեր ու համայնքներ այցելելուն: ԿԸՀ մեկ այլ ներկայացուցիչ էլ, որի պատասխանները հուշում էր նախագահ Գ. Ազարյանը, մի կերպ արտաբերեց, որ վարչապետը չի խախտել օրենքը եւ աշխատանքից դուրս է իրականացրել քարոզչությունը:
Նշենք, որ երեկվա նիստին մասնակցում էր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորական կորպուսը: Իսկ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ, որ այլեւս անիմաստ են համարում ՍԴ նիստերին ներկա լինելը, եւ լքեցին դահլիճը: