Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը մեկին թույլ է տալիս, մեկին՝ ո՞չ

Հունիս 08,2007 00:00

\"\"Քաղաքապետարանը գտնում է, որ ամբողջ շենքի միայն մեկ բնակարանն է փայտյա ու վթարային

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Տերյան փողոցի թիվ 127 շենքի բնակիչ Ռաիսա Ակոպովան չի կարողանում պատշգամբ կառուցելու համար թույլտվություն ստանալ: «Ես ապրում եմ վերջին հարկում: Ներքեւի հարկերի բոլոր հարեւանները թույլտվություն հեշտությամբ ստացել են: Որոշեցի ես էլ իմ տան պատշգամբը սարքել: Դիմեցի Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն, որտեղ էլ ասացին, որ պետք է ներկայացնեմ համապատասխան փաստաթղթերը: Այսինքն՝ շենքի գլխավոր հատակագիծը, էսքիզ-առաջարկություն, չափագրություններ, սեյսմիկ եզրակացություն եւ սեփականության վկայական: Մեծ դժվարությամբ կարողացա պահանջվող փաստաթղթերը գտնել»: Ռ. Ակոպովայի խոսքերով, ինքը քաղաքապետարանի պահանջած բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, սակայն իրեն մերժել են՝ պատճառաբանելով, որ պատշգամբի կառուցապատումը նպատակահարմար չէ, քանի որ շենքի միջհարկային ծածկերը փայտյա են, իսկ բնակիչը որեւէ լուծում չի ներկայացրել, թե կառուցվող պատշգամբի մետաղյա հեծանները փայտյա պատի հետ ինչպես է միացնելու: Բացի այդ, ըստ Ռ. Ակոպովայի, վարչության աշխատակիցները մերժումը մեկնաբանել են, որ շենքը վթարային է եւ հարակից կառուցապատում չի թույլատրվում: Կինը վստահեցնում է, որ քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ընկերությունը կատարել է շենքի կոնստրուկտիվ ու հատակագծային հետազոտություններ եւ պարզել, որ շենքի ձեւափոխությունները տեխնիկապես հնարավոր են եւ շենքի սեյսմակայունության վրա բացասաբար չեն անդրադառնա: Սական Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության համար այս եզրակացությունը հիմք չի հանդիսացել:

«Իսկ հարեւաններիս ինչպե՞ս են պատշգամբ կառուցելու թույլտվություն տվել: Ինչ է՝ ամբողջ շենքում միայն ի՞մ բնակարանն է վթարային ու փայտյա: Որեւէ պատճառ չկա, պարզապես կաշառք են ուզում: Տան ունեցած-չունեցածս վաճառել եմ, որ մի կերպ էդ բալկոնը սարքեմ: Ինձ փող որտեղի՞ց, որ կաշառք տամ»,- ասաց Ռ. Ակոպովան: Մերժելուց հետո նա եւս 2 անգամ դիմել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին ու Ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալին. «Դիմումներս ուղարկել եմ սեպտեմբերին: Երեք ամսից ավելի պատասխան չստանալուց հետո՝ պարտքով փող վերցրի ու սկսեցի պատշգամբը կառուցել, սակայն հենց առաջին օրը թաղապետարանից եկան ու կառույցն ակտավորեցին»:

Երեւանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովը, ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար, Ռ. Ակոպովային տուգանել է 200.000 դրամ: Հանձնաժողովը պահանջել է տուգանքը մուծել 15-օրյա ժամկետում եւ այդ նույն ժամանակահատվածում էլ քանդել ինքնակամ կառույցը: Բնակչի խոսքով. «Ես գումար չունեի, որ մուծումն անեի, բայց ինձ անհանգստացնողը ոչ թե այդ գումարն է, այլ այս բացահայտ խտրականությունը»: Քանի որ բնակիչը պահանջվող պարտավորությունները չի կատարել, Երեւանի քաղաքապետարանը հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որպեսզի վերջինս բռնագանձի այդ գումարը: Բացի այդ, կինը պետք է փոխհատուցի քաղաքապետարանի կողմից դատարան մուծված 8000 դրամ պետտուրքի գումարը: Ռ. Ակոպովան Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության աշխատանքը որակում է խիստ անբարեխիղճ. «Միայնակ թոշակառու կին եմ, 16 հազար դրամ թոշակ եմ ստանում, ես այդ փողն ինչպես եմ տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել