Դատախազությունում ընթացող փոփոխություններից «թիկունք» ունեցողները չեն տուժի
Այս օրերին հանրապետության բոլոր դատախազություններում մեծ խուճապ է: Որոշ աշխատակիցներ խնամի-ծանոթ-բարեկամ են փնտրում՝ աշխատանքը չկորցնելու համար, քանի որ, ըստ նոր ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, Քննչական վարչությունը դատախազությունից պետք է հանվի եւ դատախազության քննիչները տեղափոխվեն ոստիկանություն, Մաքսային պետական կոմիտե, Հարկային պետական ծառայություն՝ նույն աշխատանքը կատարելու: Մեր տեղեկություններով, այն քննիչները, որոնց աշխատել-չաշխատելու հարցը դեռ որոշված չէ՝ ընդհանուր առմամբ 350-ն են: Չնայած տեղափոխվողները ստանալու են նույնչափ աշխատավարձ, որքան նախկինում, սակայն դատախազության մեր աղբյուրների տվյալներով՝ դատախազությունում մասնագիտացած, փորձառու քննիչներից շատերը չեն ցանկանում տեղափոխվել մեկ ուրիշ համակարգ եւ արդեն մոտ 150 հոգի դիմում են ներկայացրել աշխատանքից վերջնականապես ազատվելու համար:
Դատախազության աշխատակիցները համակարգի փոփոխությունների վերաբերյալ «Առավոտին» մեկնաբանություններ տվեցին՝ իրենց անունները չհրապարակելու պայմանով: Ստորեւ ներկայացնում ենք նրանց դիտարկումները: Նախ, վերջիններիս համոզմամբ, դատախազության քննիչներին տեղափոխելիս վերադասները խիստ սուբյեկտիվ մոտեցումներ են դրսեւորում. «10-15 տարվա աշխատողներին առաջարկում են տեղափոխվել, իսկ 4-6 ամսվա ստաժորին պահում են այլ բաժիններում աշխատելու համար, քանի որ վերջիններս լավ «թիկունք» ունեն»:
Մեր աղբյուրների խոսքերով՝ եթե քննիչներն ինքնակամ դիմում չտային՝ աշխատանքից ազատվելու համար, միեւնույն է, մի քանի ամիս հետո հրաման էին ստանալու եւ ստիպված էին լինելու ազատել այդ հաստիքը: Եվ եթե նրանք չեն համաձայնում ոստիկանությունում կամ հարկային, մաքսային համակարգում աշխատել, մի քանի ամիս հետո, բացի հաստիքն ազատելու հրաման ստանալուց, որպես փոխհատուցում արձակուրդային պետք է ստանան ու գրանցվեն գործազուրկ, այսինքն՝ նրանց տարիների աշխատանքի վրա պետք է խաչ քաշվի: Ուստի հենց այս է պատճառը, որ 150 քննիչ, իմանալով իր գլխի գալիքը, արդեն դիմում է ներկայացրել՝ գործազուրկ դառնալու: Բացի այն, որ քննիչները նախօրոք գիտեն, որ իրենք ոստիկանություն կամ վերը նշված այլ մարմիններ տեղափոխվելու դեպքում մի քանի ամսից թողնելու են իրենց աթոռը, եւս մի պատճառ կա, որի համար էլ նրանք չեն ուզում տեղափոխվել: Քննչական բաժնի արդեն նախկին աշխատողների խոսքերով՝ ոստիկանությունում ներկայումս աշխատում են «ջահելներ», իսկ իրենք ոստիկանական ակադեմիան մի կերպ ավարտածների հետ «հավ գողանալու կամ հարեւանների անհամաձայնության» գործ քննել չեն ուզում, քանի որ ամբողջ իրենց աշխատանքային պրակտիկայում հետաքննել են միայն սպանություններ ու նման լուրջ գործեր: Բացի այդ, ոստիկանությունում, հարկային եւ մաքսային համակարգում աշխատանքը ենթադրում է ծառայություն, իսկ դատախազությունում նույն աշխատանքը համարվում է քաղաքացիական աշխատանք:
Մեր տեղեկություններով, մոտ ժամանակներս նախատեսվում է ՀՀ վարչապետին առընթեր քննչական ծառայություն բացել: Ըստ ամենայնի, դատախազությունում մնացած 200 քննիչները մի քանի ամիս սպասում են, որ այդ քննչական բաժնում աշխատեն:
Դատախազությունում տեղի ունեցած փոփոխություններում կա եւս մի ուշագրավ հանգամանք. դատախազության քննչական բաժնի 55 տարեկանից բարձր աշխատակիցներին չեն առաջարկում ոստիկանությունում կամ այլ մարմիններում աշխատել, այլ միանգամից ազատում են աշխատանքից: Մեր աղբյուրների ներկայացմամբ, ստացվում է՝ այդ մարմիններում երկար տարիների փորձն արդեն անհրաժեշտ չէ:
Դատախազությունում կատարված փոփոխությունների առնչությամբ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Առավոտին» պարզաբանեց, որ դա ոչ թե հաստիքների կրճատում է, այլ՝ տեղաշարժ. «Դատախազությունից քննչական վարչությունը դուրս է գալիս, բայց այլ համակարգում հենց այդ նույն քննիչներն անհրաժեշտ են: Ինչ վերաբերում է «թիկունքով» կամ առանց «թիկունք» աշխատողներին, ապա ասեմ, որ մի բան պարզ է՝ երբ դատախազությունից կրճատվում է Քննչական վարչությունը, այդ դեպքում արդեն նշանակություն չունի՝ ով է թիկունքով, ով՝ ոչ»: Իսկ թե քանի հոգի են, ի վերջո, դուրս մնալու դատախազության համակարգից՝ Սոնա Տռուզյանը ոչ մի կերպ չպատասխանեց: