Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՐԵԿ ՀԱՍԱՆԵԼԻ ԷՐ

Հունիս 08,2007 00:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ իրենց համար ոչ մի դժվար բան գոյություն չունի.

«Մեզ համար պաշտոնների, պորտֆելների հետ կապված ոչ մի դժվար բան չկա, բոլոր պորտֆելները պետք են երկրի համար, ժողովրդի համար, ամրապնդման, զարգացման, բարելավման, բարգավաճման գործընթացի համար: Մենք վերցրել ենք այն՝ ինչ մեզ առաջարկվել է, դրանք են առողջապահությունը, քաղաքաշինությունը եւ սպորտը, մեր աշխատանքով կարդարացնենք ժողովրդի հույսերը, արդյունքները նկատելի կլինեն: Ես իմ կուսակից ընկերներին ասել եմ, որ ժողովրդի հույսն ու հավատը մենք մեր աշխատանքով պետք է իրականացնենք: Եթե որեւէ մեկը այդ աշխատանքում թերացավ եւ չարդարացրեց ժողովրդի եւ մեր հույսերը, անմիջապես իր ցանկությամբ դիմում է գրելու, դուրս գա, այն մարդն է գալու, ով կարող է այդ աշխատանքը լիարժեք կատարել, իրականացնել ժողովրդի հույսը»: ԲՀԿ նախագահը կրկնեց նախընտրական շրջանում իր շատ սիրելի արտահայտությունը, ասելով, որ իրենք պաշտոնի համար չէ, որ մտել են քաղաքականություն: Ինչո՞ւ ԲՀԿ-ն չստացավ այնքան ձայն, որքան իր կողմից հայտարարված անդամների թիվն էր: Այս հարցին պատասխանելով՝ ԲՀԿ նախագահն ասաց. «Նախ մեր անդամների թիվը ոչ թե 370, այլ՝ 400 հազար է, եթե որեւէ լրագրող ցանկանում է՝ կարող է գնալ գրասենյակներ, բոլորի քարտերը կան, նկարները, հեռախոսի համարները, հասցեները կան»: Ուրեմն ինչո՞ւ քիչ ձայն ստացան: Պատասխանը սա էր. «Ծառուկյանը միշտ ասել է, սիրելի ժողովուրդ, Ծառուկյանը փող չի բաժանելու, որ ժողովուրդը իրեն ձայն տա, ինքն էլ ժողովրդի համար լավ բան անի»: Այստեղ միտքը ընդհատվեց, քանի որ լրագրողները շարունակ հարցեր էին հնչեցնում, եւ Գագիկ Ծառուկյանը ուղղակի ասաց. «Թույլ կտա՞ք միտքս ավարտեմ, ես ձեր բոլոր հարցերին պատասխանում եմ, որ չմտածեք, թե պարոն Ծառուկյանը, ասենք թե, խուսափում է, ես պատրաստ եմ, նստենք, զրուցենք, պատրաստեք ձեր հարցերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել