Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղ եւ նրա շուրջ…

Հունիս 08,2007 00:00

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը հանդիպում ունեցան լրագրողների հետ:

Ինչպես եւ սպասվում էր, միջնորդները չասացին որեւէ բան, ինչի մասին չէին խոսել նախկինում, եւ բավարարվեցին ընդհանուր խուսափողական գնահատականներ ու կարծիքներ հնչեցնելով: Ամերիկացի համանախագահ Բրայզան, որը վերջին շրջանում «աչքի էր ընկել» իր ընդգծված լավատեսությամբ, այս անգամ նկատելիորեն զգուշավոր էր: Ինչպես նա, այնպես էլ իր ֆրանսիացի եւ ռուս գործընկերներն ընդամենը դիվանագիտորեն արձանագրեցին, որ որոշակի հույսեր ունեն՝ կապված առաջիկայում Սանկտ Պետերբուրգում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման հետ: Պարզաբանումներ չեղան ինչպես ԼՂ-ի կարգավիճակի, այնպես էլ կարգավորման մյուս սկզբունքային հարցերի առնչությամբ: Նույն օրը առավոտյան ԼՂՀ ղեկավար Արկադի Ղուկասյանի հետ ունեցած հանդիպման կապակցությամբ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, մասնավորաբար, նշեց, որ այն օգտակար էր, եւ դրանից հետո ինքն իր համար որոշ անհրաժեշտ ճշգրտումներ է արել: ԼՂ-ի ճանաչման հնարավորությանն առնչվող հարցին ի պատասխան, միջնորդները նշեցին, որ իրենց ներկայացրած երկրները չեն ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նկատել տալով, որ այդ բանը չի անում նաեւ Հայաստանը:

Վերադառնալով Արկադի Ղուկասյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջեւ երեկ առավոտ տեղի ունեցած հանդիպմանը, որը, ի դեպ, 2,5 ժամ տեւողություն է ունեցել, նշենք, որ դրա արդյունքներով ԼՂՀ ղեկավարը եւս ճեպազրույց տվեց: Արկադի Ղուկասյանը, մասնավորապես, նշեց, որ միջնորդները լիովին գիտակցում են բանակցություններին ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նա ասաց նաեւ, որ իր հետ զրույցի ընթացքում համանախագահներն առանձնակի լավատեսություն չեն արտահայտել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ, սակայն հույս են հայտնել, որ կողմերին կհաջողվի ավելի մոտեցնել իրենց դիրքերը հիմնական հարցերի շուրջ: «Մեր դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվելու. մինչեւ չհստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ որեւէ ուրիշ հարցի մասին խոսելն անիմաստ է»,- հայտարարեց Ա. Ղուկասյանը: Վերջինս կրկնեց իր այն միտքը, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատը դեստրուկտիվ է եւ ոչ իրատեսական: «Մենք համաձայնել ենք այդ ֆորմատին, որովհետեւ մեզ թվում էր, որ եթե Ադրբեջանի համար ավելի հեշտ է խոսել միայն Հայաստանի հետ ու այդ կերպ հստակեցնել Ղարաբաղի հետ կապված սկզբունքները, ապա մենք պատրաստ ենք հանդուրժել, սակայն այսօր կյանքը ցույց է տալիս, որ հույսերը չեն արդարացվել: Կողմերի դիրքորոշումները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ եւ ընդհանրապես կարգավորման վերաբերյալ՝ շատ հեռու են իրարից, եւ այս պայմաններում քննարկել որեւէ ուրիշ հարց՝ ես համարում եմ անիմաստ»,- ամփոփեց Ղուկասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել