Լրահոս
Օրվա լրահոսը

Նորերը՝ խորհրդարանում

Հունիս 08,2007 00:00

Ազգային ժողով առաջին անգամ ոտք դրածները երեկ մի փոքր կաշկանդված էին

Քվեարկությունների ժամանակ, երբ երկար ազատ ժամանակ էր մնում, չէին կողմնորոշվում՝ իջնել բուֆետ եւ սուրճ խմե՞լ, թե՞ սպասել միջանցքում, մանավանդ՝ երեկ դեռ բաժանված չէին խումբ-խմբակցությունների եւ պատգամավորների աշխատասենյակները, եւ մարդիկ հիմնականում իրենց տեղը չէին գտնում:

ՀՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ, այժմ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին հարցրինք, թե ինքը ո՞ր մշտական հանձնաժողովում է տեսնում իր հետագա աշխատանքը. «Մասնագիտական առումով, բնականաբար, առողջապահական հարցերի հանձնաժողովում եմ ինձ տեսնում (մեր զրուցակիցը բժիշկ է- Մ. Ե.), երիտասարդական, կրթական որոշակի աշխատանքների մեջ, իսկ, ամեն դեպքում, զգացողությունը պարտավորեցնող է: Շատ լավ հասկանում եմ, որ բարձր պատասխանատվության տակ եմ, շատ լավ հասկանում եմ, որ այն քվեն, որ ժողովուրդը տվել է Հանրապետականին, իսկ Հանրապետականի այն վստահությունը, որ տրվել է երիտասարդությանը, պետք է պատվով իրականացնեմ»:

Հանրապետականի հին գվարդիայի ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը առաջին անգամ է խորհրդարանում, սակայն հայտնեց, որ խորթության զգացողություն չունի: Նա համաձայն չէր, որ Հանրապետականի գաղափարական թեւը թուլացած է. «Հանրապետականը միշտ էլ եղել է գաղափարական կուսակցություն եւ այդպես էլ շարունակում է իր գործունեությունը»:

Թիվ 41 ընտրատարածքից ընտրված Հակոբ Հակոբյանը (նախկին ՕԵԿ-ական, այժմ՝ ՀՀԿ) ասաց, որ իրեն խորհրդարան է բերել «երկրի վիճակը, որոշեցի գալ, այստեղ բիզնեսի համար ավելի լավ օրենքներով զբաղվել»:

Շիրակ Թորոսյանը («Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ) ասաց. «Խորհրդարանը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում առաջադրված խնդիրները լուծելու համար, նաեւ հույս ունեմ Ջավախքի հիմնախնդիրների հետ հարցերի գոնե մի մասը խորհրդարանական դիվանագիտության միջոցով իրականացնել»:

4-րդ գումարման Ազգային ժողովը համալրել են նաեւ լրագրողները: ՀՅԴ խմբակցության կազմում է նորընծա պատգամավոր, «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, մեր գործընկեր Ռուզան Առաքելյանը: Պատգամավորական առաջին օրվա իր տպավորությունները այսպիսին են. «Սա ավելի պատասխանատու աշխատանք եմ համարում, իհարկե, ես ուր էլ գնացել եմ աշխատելու՝ միշտ մտածել եմ, որ պիտի բարձր պատասխանատվությամբ մոտենամ ստանձնածս գործին, այստեղ՝ առավել եւս, որովհետեւ եթե ժողովուրդը վստահել է, պիտի աշխատեմ հուսախաբ չանել: Այս զգացողությամբ, այս պատասխանատվությամբ եմ եկել»: ԲՀԿ խմբակցության անդամ, լրագրող Նաիրա Զոհրաբյանին այլ հարց ուղղեցինք՝ ի՞նչ զգացողություն ունի լրագրողական օթյակից ներքեւ իջնելով. «Եթե անկեղծ լինեմ, զգացողության փոփոխություն առանձնապես չկա, դա երեւի պայմանավորված է նրանով, որ ես երկար տարիներ եմ խորհրդարանում: Մթնոլորտի փոփոխություն, համենայնդեպս, այսօր ինքս ինձ համար չեմ զգում, այդուհանդերձ, բնական է, որ վերեւում (լրագրողներին հատկացված տեղում- Մ. Ե.) հոգեբանորեն ավելի ազատ ես, թեկուզ այն պատճառով, որ լրագրողական օթյակն ավելի բարձր է, եւ դու վերեւից ես բոլորին նայում, իսկ այստեղ՝ ներքեւում, բոլորը հավասար են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել