ԱԺ-ից երեկ սովետի հոտ էր փչում՝ անայլընտրանք առաջադրումներ, որոնց ընթացքում չեն տրվում հարցեր, թեկնածուներ, որոնք շնորհակալություն են հայտնում հարազատ կուսակցությանը, եւ իրար հետ համբուրվող տղամարդիկ:
Կարող էիր տպավորություն ստանալ, թե գտնվում ես Խորհրդային Հայաստանի Գերագույն Սովետում, եթե պատգամավորների կողքին երեկ նստած չլինեին հոգեւորականներ: Ամենայն հայոց կաթողիկոսը եկել էր օրհնելու նորընտիր պատգամավորներին, եւ երբ նրանց հրավիրեց Տերունական աղոթքի՝ որեւէ մեկը նրա հետ միասին չասաց «Հայր մեր»-ը: Խաչակնքվում էին քչերը՝ թերեւս հետեւելով Ռոբերտ Քոչարյանի օրինակին:
ՀՀ նախագահն իր ելույթում (նրա կողմից ամենահաճախ օգտագործվող բնորոշումը կիրառենք) հետաքրքիր բաներ ասաց, թե այս «խորհրդարանի լեգիտիմության հարցը անթերի է», թե Հայաստանը նավթ չարտահանող երկրների մեջ ամենից արագ զարգացող երկիրն է եւ այլն:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը: Սակայն երեկ նիստը վարող ավագագույն պատգամավորը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարների խոսքից հետո՝ իր հեղինակավոր կարծիքն ասաց, եւ ոչ միայն խոսեց երկրում կարգուկանոն հաստատելու մասին, այլեւ պատգամավորներին էլ հորդորեց մասնակցել նիստերին, քանի որ լավ չէ, որ օրենքներն ընդունվում են կիսադատարկ դահլիճում: Ռոբերտ Քոչարյանը կողքից նկատեց. «Ասա՝ լսող լինի»:
Որպես կանոն՝ խորհրդարանի ամենազվարճալի նիստերը եղել են այնժամ, երբ դրանք վարել են ավագագույն պատգամավորները: Կարծում էինք, թե այս մեկը բացառություն կլինի, քանի որ վարում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահը: Բայց Ռաֆիկ Պետրոսյանը ոչ միայն շփոթում էր հին գործընկերների անունները՝ Լյովա Խաչատրյանին անվանելով Ժորա, Գագիկ Մինասյանին՝ Գարիկ, այլ նաեւ մի շարք վրիպումներ թույլ տվեց, որոնք կարելի է համարել պատմական: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները պիտի երդում տային՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում ամրագրված տեքստով: Սակայն Ռաֆիկ Պետրոսյանը պատգամավորներին հրահանգեց ոտքի կանգնել, ինքը կարդաց երդման տեքստը, հետո էլ ասաց՝ նստե՛ք: Ռոբերտ Քոչարյանը միջամտեց՝ «բա երդվե՞լը», եւ հենց ինքն էլ «չափ տվեց»՝ հորդորելով, թե՝ «Մի հատ բոլորով միասին ասեք՝ երդվում եմ»:
Առավել զվարճալի էր հետեւյալ միջադեպը. երբ Տիգրան Թորոսյանը դարձյալ ընտրվեց ԱԺ նախագահ (քվեարկությանը մասնակցած 114 պատգամավորից «կողմ» էին 112-ը) եւ պատրաստվում էր իր տեղը զբաղեցնել՝ Ռաֆիկ Պետրոսյանը շարունակում էր նստած մնալ նախագահողի աթոռին: Եվ ԱԺ նախագահը փոքր- ինչ հապաղելուց հետո դարձյալ գնաց նստեց այլ պատգամավորների կողքին: Նրանք ե՛ւ ծիծաղում էին, ե՛ւ բողոքում, ու Ռաֆիկ Պետրոսյանն արդարացավ. «Հիմա իջնո՛ւմ եմ, իջնո՜ւմ եմ»:
ԱԺ փոխնախագահների ընտրության ընթացքում էլ ամենաուշագրավը Վահան Հովհաննիսյանի ելույթն էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Հայ հեղափոխական Դաշնակցության ղեկավարներից մեկը ելույթ ունեցավ ընդդեմ թշնամանքի ու ծայրահեղականության: «Հայաստանում վերջապես ստեղծվում է մի նոր քաղաքական մշակույթ. թշնամանք քարոզող քաղաքական ուժերին ժողովուրդը «այո» չասաց»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, թե հստակ է, որ Հայաստանում ծայրահեղականությունն ապագա չունի: Առավել երկիմաստ էր նրա ելույթի այս հատվածը. «Ընտրվելու դեպքում ես աշխատելու եմ անել այն նույնը, ինչ անում էի նախորդ 4 տարիներին: Եթե դուք գտնում եք, որ ես դա լավ էի անում, ուրեմն՝ դուք ինձ կընտրեք: Իսկ եթե այդպես լինի՝ ես դա կանեմ ավելի լավ»: Նրա այս խոստումներից հետո միայն 2 հոգի «դեմ» քվեարկեցին, իսկ 110-ը «կողմ» էին: ԱԺ մյուս փոխնախագահ Իշխան Զաքարյանին դեմ քվեարկածներն ավելի շատ էին՝ 9 պատգամավոր, կողմ էին 102-ը: «Անելու ենք այն ամենը, ինչ նախատեսված է կանոնակարգով, եւ կարծում եմ՝ մի քիչ էլ ավելին»,- երկու փոխնախագահների անունից շնորհակալություն հայտնելով՝ ասաց Վահան Հովհաննիսյանը:
Երեկ ընտրվեցին նաեւ մշտական հանձնաժողովի նախագահները: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նախապես ամենաերկար ելույթն ունեցավ՝ հանգամանալից ներկայացնելով այն խնդիրները, որ լուծելու է: Բայց մեկ է՝ նրան էլի հարց տվող չեղավ: Եվ պրն Ռուստամյանն ընտրվեց 106 «կողմ», 2 «դեմով»:
105 «կողմ» եւ 2 «դեմ» ձայներով ընտրված Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը միակն էր, որ ափսոսանք հայտնեց, որ դահլիճում չէ ընդդիմությունը (միջանկյալ նշենք, որ երբ ընթերցվում էին ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորների անունները՝ խիստ սակավ ծափահարողներ կային, եւ դրանցից մեկը վարչապետ Սերժ Սարգսյանն էր): Իր ելույթում Հրանուշ Հակոբյանը քվեարկությունից ակնկալեց «տղամարդկանց ջենթլմենություն ու կանանց համերաշխություն»:
Ստեղծված 3 նոր հանձնաժողովներից մեկի՝ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Ավետ Ադոնցն էլ (103 «կողմ», 5 «դեմ») նախընտրական ելույթում ակնկալում էր «կանանց ջենթլմենությունն ու տղամարդկանց համերաշխությունը»: Նա կատակելու մի փորձ էլ արեց՝ ելույթում եվրաինտեգրման մի օրինակ ներկայացնելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տարած հաղթանակը Եվրամիության անդամ Լեհաստանի նկատմամբ. «Մենք ապացուցեցինք, որ նրանց կարող ենք կրել»:
Թեկնածուների հարցում ամենախնդրահարույցը ստեղծված մեկ այլ նոր՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն էր: Թեեւ ՀՀԿ խմբակցության կազմում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ որոշել էին, որ բնապահպանության նախկին նախարարն ավելի լավ է հասկանում տնտեսությունից: Եվ Վարդան Այվազյանը ստացավ 102 «կողմ», 6 «դեմ» ձայներ:
Նույնքանն էլ դեմ էին նախկին նախարար Դավիթ Հարությունյանին: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանին դեմ էին 5-ը: Պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանին դեմ էին 4-ը: Արա Բաբլոյանին, որն ընտրվեց Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ դեմ էին 5-ը: Եվ ամենաքիչը դեմ էին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին՝ ընդամենը մի հոգի:
ԱԺ-ն երեկ ավարտեց աշխատանքը: Իսկ նստաշրջանի օրակարգի վերջին՝ կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու հարցին խորհրդարանականները կանդրադառնան ավելի ուշ: 20 օրվա ընթացքում ձեւավորվելու է նոր կառավարությունը, որից հետո 20 օրվա ընթացքում կառավարությունն իր ծրագիրը պետք է ներկայացնի ԱԺ հավանությանը: Բնականաբար, այս գործընթացն էլ կիրականացվի նույնքան հարթ: